Մատչելիության հղումներ

«Անգործության արդյունքն աղետն է». Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքն է


Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության այսօրվա հանրահավաքը երաժշտական կատարմամբ մեկնարկեց: Հավաքվածների համար երգեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր դժգոհ են «Քաղաքացիական պայմանագրի» ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարումից, սակայն չեն մասնակցում հանրահավաքներին, քանի որ չգիտեն, թե որն է այս շարժման ապագան, ով է լինելու լիդերը հաջողության հասնելու դեպքում և այլն: Նա կոչ արեց գալ հրապարակ, հայտնել մտահոգությունների մասին, բեմում ելույթ ունենալ, որովհետև ինչպես նշեց` սա միայն մի քանի քաղաքական ուժերի պայքար չէ, «այլ պետք է դառնա ողջ Հայաստանի պայքարը»:

«Այդ մտահոգությունները չպետք է մեզ պարալիզացնեն, չպետք է դրդեն մեզ անգործության, որովհետև անգործության արդյունքն աղետն է, անգործության արդյունքում մենք հնարավորություն ենք տալիս Նիկոլ Փաշինյանին մեր փոխարեն կայացնել որոշումներ մեր երկրի ապագայի համար», - հայտարարեց նա:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ, անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի առաջարկին` անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել, ասաց, որ այստեղ հավաքված մարդկանց համար Պաշտպանության նախարարության համար ծառայելը պատիվ է, ոչ թե պատիժ:

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ենթադրում է, որ նրանք եռամսյա հավաքներից և զինծառայությունից խուսափածներ են:

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ավարտին հայտարարեց, որ շարժումը պետք է ընդլայնվի այնքան, մինչև հասնեն իրենց նպատակին: Նա հայտնեց, որ ավտոերթ է վաղը նախատեսված Երևանում, մեկ այլ միջոցառում` հանրահավաք` Վանաձորում: Առավոտյան, նրա հաղորդմամբ, ավտոերթով կմեկնեն Լոռի: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կրկին նախատեսված է հանրահավաք, որին կհաջորդի հերթական երթը:

Այսօր` ավելի վաղ, իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմադիրները կրկին ակցիաներ են անցկացրել, որոնք առանց միջադեպերի չեն անցել։ Ոստիկանությունը կրկին ուժ է կիրառել՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների։

Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG