Մատչելիության հղումներ

Իշխանությունների հրաժարականի պահանջով փողոցային պայքարը շարունակվում է


Անհնազանդության ակցիաներ, երթեր, համախմբան կոչեր. իշխանությունների հրաժարականի պահանջով ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը։ Իսկ Ոստիկանությունը իր հերթին բազմաթիվ ցուցարարների բերման է ենթարկում։

Երևանի բժշկական համալսարանի հարակից տարածքից ընդդիմադիր մի շարք պատգամավորների ուղեկցությամբ ցուցարարները Կենտրոնի փողոցների երթևեկելի մասում երթ էին իրականացնում։ Պատգամավորների պննդամբ, իրենք պարզապես խաղաղ ակցիա էին անում, մինչդեռ կարմիր բերետավորները շատ կոպիտ էին։

«Սկսեցին քաշքշել քաղաքացիներին, խփել, վիրավորական արտահայտություններ թույլ տալ և այդպիսի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ։ Առանց որևէ բացատրության», - վրդովված ասաց ցույցի մասնակիցներից մի կին։

Այստեղ նաև հակառակ քաղաքական հայացքներ ունեցող երկու կանանց միջև բախում եղավ։

Իսկ Հաղթանակի կամուրջի մոտ ուժայինները բռնի ուժով բերման ենթարկեցին մարդկանց։

Ոստիկանական այսպիսի գործողություններ են իրականացվել մայրաքաղաքի մի քանի հատվածներում։ Ոստիկանության վերջին տվյալներով, միայն այսօր բերման է ենթարկվել 92 քաղաքացի։ Ընդդիմադիրների գնահատմամբ՝ իրավապահները անհամաչափ ուժ են կիրառում։

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում ասաց, որ ոստիկանները քաշքշել ու փորձել են բերման ենթարկել նաև իրեն։ Նա պնդեց, թե ուժայինների այսօրվա վարքագիծը հստակ մշակված գործողություն էր իրենց ակցիան խոչընդոտելու համար. - «Առավոտվանից, օրինակ, այն խմբին, որի մեջ ես էի այսօր, հինգ-վեց ոստիկան մեզ հետ էր։ Ու հինգ-վեց ոստիկան որ ասում եմ, ավտոբուս ի նկատի ունեմ։ Եվ իրենք անընդհատ ուզում էին ամեն կերպ նենց մի գործողություն անեն, որ քայլերթը չկայանա։ Քայլերթը կայացավ, ճանապարհները փակվեցին, քաղաքացիներից ողջույնները, ազդանշանները, պատշգամբներից ողջույնները ստացանք»։

Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան

«Այն անհամաչափ ուժը, որ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, մեկ բանի մասին է վկայում՝ որ Նիկոլն այսօր իշխանություն չունի։ Իրական իշխանությունը գտնվում է փողոցում», - հավելեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, թե ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնի գործողություններից հետո իրենց համակիրների շարքերն ավելանում են. - «Որքան շատանանք, բնականաբար, ոստիկանական ուժն այլևս անկարող է լինելու ջարդել ժողովրդի իրական կամքը։ Եվ իսկապես պետք է փաստել, որ մի քանի օրերի արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ մարդկանց մեծ խումբն ավելի է համախմբվում, միավորվում։ Այդ ուժի դեմ՝ ժողովրդի ուժի դեմ հնարավոր չի լինի պայքարել նույնիսկ ոստիկանական նման մեծ խմբերով»։

Իշխանությունների հեռացմանը հասնելու համար մասշտաբային անհնազանդության ակցիաներ սկսելու մասին ընդդիմությունը հայտարարեց մայիսի 1-ին։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ գործող իշխանությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ընդունում այս մեղադրանքները։

XS
SM
MD
LG