Մատչելիության հղումներ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետության ներքին գործն է. Պեսկով


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում անկայունության շրջանը հնարավորինս շուտ ավարտվի։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ընդգծել է, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, պետության ներքին գործն է. - «Հայաստանը մեր դաշնակիցն է, ինտեգրացիոն ձևաչափերի գործընկերը, մեծ բարեկամը։ Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում ավարտվի ծանր շրջանը և վերադառնա կայունությունը, ինչը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ իրավիճակի կարգավորումն ընդհանուր առմամբ Հայաստանում պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն աննկատ չեն անցել ոչ միայն Կրեմլի, այլ նաև միջազգայան հեղինակավոր լրատվամիջոցների համար։ Բողոքի անհնազանդության ակցիաների մասին հայտնել են Reuters-ը, ABC-ն, Al Jazeera-ն, BBC ին և այլն։

France 24 -ը «Հայաստանում բերման են ենթարկվել հարյուրավոր ընդդիմադիր ցուցարարներ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիներին մասնակցելու համար» հոդվածում գրում է․ - «Ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են Փաշինյանին ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանին հաձնելու ծրագրերի մեջ «միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին նվազեցնել Ղարաբաղի նկատմամբ պահանջները» հայտարարությունից հետո»։

Գործակալությունը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքերի. - «Նա [Փաշինյանը] պատրաստ է տալ Ղարաբաղը, որի համար մենք թափել ենք մեր արյունը»։

Aljazeer-ն էլ նկատում է, թե բողոքի ակցիաները սկսվեցին այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

ABC news-ը էլ դեռևս երեք օր առաջ գրել էր. - «Երկուշաբթի օրը որոշ ձերբակալություններ իրականացվել են ուժի կիրառմամբ, իսկ բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողներին ոստիկանները հրել են»։

BBC- ն երեկ տեսանյութ է հրապարակել, որում նույնպես կան ցուցարարաների և ոստիկանության միջև բախումների կադրեր։

Բրիտանական հեղինակավոր մեդիայի ռուսական ծառայությունն արձանագրում է․ - «Նախկին զանգվածային բողոքի ցույցերը Հայաստանում տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ որի այն տարածքները, որոնք Երևանը վերահսկում էր տասնամյակներ շարունակ, փոխանցվեցին Բաքվին։ Սակայն այն ժամանակ Փաշինյանի կուսակցությունը հաղթեց անցած տարի կայացած արտահերթ ընտրություններում։ Ընդդիմությունը միչդեռ հայտարարում է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանի կառավարությունը հրաժարական չի տվել»։

Ռուսական լրատվամիջոցները, չնայած պատերազմին Ուկարինայում, Հայաստանում ընթացող զարգացումներն ավանդաբար ավելի ակտիվ են լուսաբանում, մամուլը նույնիսկ ծավալուն հոդվածներ է հրապարակում։

«Վեդոմոստին», օրինակ, «Ինչի՞ են հանգեցնելու բողոքի ցույցերը Հայաստանում» հոդվածում, հղում անելով փորձագետներին, պատասխանում է իր իսկ բարձրաձայնած հարցին՝ Փաշինյանի կառավարության անկումը քիչ հավանական է։

«Կոմերանտը» «Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում են իր իսկ զենքով» վերնագրով հոդվածում հղում անելով հայ վերլուծաբանի՝ գրում է, որ «թավշյա հեղափոխության հաջողությանը հասնելուն խոչնդոտում են ընդիմության ներսում առկա տարաձյանությունները։ Հոդվածագիրը, չնայած ցույցերի մասին ադրբեջանական մամուլում առկա բազմաթիվ հոդվածներին, պնդում է, թե Բաքվում երևանյան իրադարձություններին մեծ հետաքրքւոյթամբ չեն հետևում և մեջբերում է ադրբեջանցի քաղաքագետի խոսքերը. - «Մտավախություն Բաքվում չկա։ Հակառակը, եթե այդ ուժերը զավթեն իշխանությունը, Հայաստանը կարող է հայտնվել ավելի կրիտիկական իրավիճակում»։

Այդուամենայնիվ, այդ նույն ադրբեջանցի վերլուծաբանը «Կոմերսանտի» հոդվածում Փաշինյանին խորհուրդ է տալիս «վերջնականապես և անդառնալիորեն հեռացնել այդ ուժերին հայաստանյան քաղաքական դաշտից»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG