Մատչելիության հղումներ

«Ազովստալ»-ից խաղաղ բնակիչների տարհանումը շարունակվում է


Մարդասիրական այս քայլը համաձայնեցվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի արդյունքում։

Ռազմական գործողություններն Ուկրաինայում հիմնականում շարունակվում են Լուգանսկի և Դոնեցկի, Խերսոնի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Ռուսական ուժերը շարունակում են նաև հրթիռակոծել Խարկովը, ծանր մարտեր են Իզյում քաղաքում։

Երկրորդ օրն է, աշխարհի ուշադրության կենտրոնում է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը, որտեղից սկսել են տարհանել շուրջ երկու ամիս նկուղներում ապրող խաղաղ բնակիչներին։ Մարդասիրական այս քայլը համաձայնեցվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի արդյունքում։

«Զինվորները եկան և նախ դուրս ուղեկցեցին, նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեին, մարդ կար, որ ասթմա ունեմ, մարդիկ ինսուլինի կարիք ունեին։ Ավելի քան քառասուն մարդ, այդ թվում երեխաներ, դեռ մնում են նկուղներում», - ասում է «Ազովստալից» տարհանված մի կին։

Արևմուտքը շարունակում է սպառազինություն, այդ թվում հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային՝ խոստանալով անել հնարավորը, որ Պուտինի վարչակազմը պարտություն կրի։ Եվրամիությունը հայտարարում է, որ պատրաստ է զգալիորեն նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, սակայն ամբողջական էներգետիկ էմբարգոյի մասին այսօր խոսք դեռ չկա։ Եվրոպացի պաշտոնյաները, հատկապես Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ։

«Քայլերը, որ մենք ձեռնարկում ենք, պետք է խելամիտ լինեն, որպեսզի տնտեսական աղետ չհարուցեն, այդ իսկ պատճառով մենք պետք է ճկուն գործենք», - ասել է Գերմանիայի տնտեսական գծով կանցլեր Ռոբերտ Հաբեքը։

Այն վայրը, որտեղ որոշումներ կկայացվեն Ուկրաինայի արևելքի վերաբերյալ, կլինի Թուրքիան. Էրդողան

Մի կողմից, չդադարող պատերազմի, մյուս կողմից՝ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ռուս-ուկրաինական բանակցությունները փաստացի հայտնվել են փակուղում։ Սակայն Թուրքիայի նախագահը շարունակում է պնդել, թե առաջիկայում հնարավոր է կողմերի միջև հանդիպում կազմակերպել ամենաբարձր մակարդակով և խաղաղության պայմանագիր կնքել։

Ընդ որում, ըստ Էրդողանի, այդ հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում. - «Մեր ցանկությունն է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հավաքել Ստամբուլում կամ Անկարայում։ Այն վայրը, որտեղ որոշումներ կկայացվեն Ուկրաինայի արևելքի վերաբերյալ, կլինի Թուրքիան»։

Ուկրաինայի նախագահը, որ մինչ օրս խիստ դրական էր գնահատում Թուրքիայի դիրքրորոշումը ռուս-ուկրաինական պատերազմում, սկսել է խոսել Անկարայի երկակի ստանդարտների մասին։ Վլադիմիր Զելենսկուն մասնավորապես դուր չի եկել ռուս զբոսաշրջիների համար արտոնյալ պայմաններ սահմանելու Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը. - «Թուրքիան, մի կողմից, հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, օրինակ, միաժամանակ ռուս զբոսաշրջիկների երթուղիների ընլայնում»։

Ռազմական գործողությունները Դոնբասում մինչև մայիսի 9-ը չեն ավարտվի. Լավրով

Մինչ Էրդողանը խոսում է հնարավոր բանակցությունների մասին, Ռուսաստանի արտգործնախարարը պնդում է, թե մինչև մայիսի 9-ը ռազմական գործողությունները Դոնբասում չեն ավարտվի. - «Մեր զինվորականները արհեստականորեն չեն հարմարեցնի իրենց գործողությունները ինչ-որ ժամկետի, այդ թվում՝ Հաղթանակի օրվան»։

Ավելի վաղ արևմտյան մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, թե ռուսական բանակը ծրագրում է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները հաղթական ավարտին հասցնել մինչև մայիսի 9-ը։ Արդեն ավելի քան երկու ամիս շարունակվող պատերազմի ընթացքում, սակայն, ռուսական կողմին առայժմ չի հաջողվել զգալի արդյունքներ արձանագրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG