Մատչելիության հղումներ

Վերլուծաբաններն ընդգծում են Սևծովյան գոտում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար Թուրքիայի առանցքային դերը


Ռուսական սուզանավը Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով անցնող ճանապարհին, արխիվ
Ռուսական սուզանավը Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով անցնող ճանապարհին, արխիվ

Ուկրաինական զինուժը միայն Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարական «Մոսկվա» հածանավը չէ, որ խոցել է պատերազմի ընթացքում։ Կործանված ռուսական ռազմանավերին փոխարինող նավերը պետք է անցնեն Բոսֆորով, որը վերահսկում է Թուրքիան։ Անկարան, սակայն, խստորեն սահմանափակում է ռուսական ռազմանավերի մուտքը դեպի Սև ծով՝ համաձայն նեղուցների անցումը կարգավորող Մոնտրոյի կոնվենցիայի:

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Յորուք Իսիքն ընդգծել է Սևծովյան գոտում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար Թուրքիայի առանցքային դերը:

«Թուրքիան փակել է Դարդանելի և Բոսֆորի նեղուցները Ռուսաստանի ռազմածովային ուժերի տարանցման համար։ Միայն Սևծովյան նավատորմին պատկանող նավերը կարող են անցնել այս նեղուցներով, եթե պնդեն, որ վերադառնում են իրենց հիմնական բազաներ: Չկարողանալով նոր ռազմանավեր բերել Սև ծով՝ նրանք ստիպված պետք է օգտագործեն իրենց հնացած նավերը Ուկրաինայի դեմ պատերազմում ամբողջությամբ ներգրավելու համար», - ասում է Յորուք Իսիքը:

Թեև Ուկրաինայում ռուսական զինուժին զգալի վնաս են հասցնում նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը՝ Մոսկվան խուսափում է Անկարային քննադատելուց։ Ավելին՝ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը վերջերս թուրքական հարաբերությունները գերազանց է որակել, իսկ միջնորդական առաքելություն ստանձնած Թուրքիայի նախագահն այս շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

Վերլուծաբանները նկատում են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին չմիանալու Թուրքիայի որոշումն է թերևս հիմնական պատճառը, որը կաշկանդում է Մոսկվային։

CNA հետազոտական և վերլուծական կազմակերպության վերլուծաբան Սամուել Բենդետը նկատում է. «Ռուսաստանը հավանաբար չի ցանկանում Թուրքիային մեկուսացնել, քանի որ այն թե՛ հավանական միջնորդ է, թե՛ այն փոքրաթիվ երկրներից մեկը, որը պատրաստ է Ռուսաստանի հետ գործ ունենալ հավասար հիմունքներով՝ արևմտյան պատժամիջոցների և հակառուսական տրամադրությունների ֆոնին»։

Ռուսաստանը ոչ վաղ անցյալում Սիրիայում իր ռազմական ներկայությունը կիրառում էր որպես լծակ Անկարայի դեմ՝ սպառնալով Թուրքիային ներգաղթյալների նոր հոսքով: Վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը նախքան Ուկրաինա ներխուժելը առավելություն ուներ Էրդողանի հետ հարաբերություններում, սակայն այժմ ուժերի հավասարակշռությունը փոխվել է:

Եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Ասլը Այդընթաշբաշն ասում է. «Թուրքիան այժմ ավելի ուժեղ դիրքերում է, քան Ռուսաստանը։ Անցյալում ռուսները կարող էին Թուրքիային դժգոհություն հայտնել, օրինակ, երբ նրանց դուր չէր գալիս Ուկրաինային թուրքական անօդաչուների վաճառքը, ինչպես նաև՝ Սիրիայում որոշ թիրախներ ռմբակոծելու կամ Լիբիայում Թուրքիայի գործողությունները: Հիմա այլ իրավիճակ է։ Ռուսաստանը ցանկանում է պահպանել Թուրքիայի հետ կիսա-չեզոք հարաբերությունները, քանի որ Թուրքիան կարևոր դիրքերում է՝ որպես լոգիստիկ հանգույց և տնտեսական փրկօղակ»:

Փորձագետները նկատում են, որ արգելափակելով Ռուսաստանի մուտքը դեպի Սև ծով՝ Թուրքիան ոչ միայն բարդացնում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը, այլև՝ վերահաստատում է հավասարը-հավասարի հետ հարաբերությունները Մոսկվայի հետ:

Վերլուծաբաններն ընդգծում են Սևծովյան գոտում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար Թուրքիայի առանցքային դերը
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

XS
SM
MD
LG