Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ներթափանցնել ինքնահռչակ Մերձնդեստրի և Մոլդովայի տարածք


Ռուսական հրթիռակոծության հետևանքով փլուզված շենք Օդեսայում, ապրիլ, 2022
Ռուսական հրթիռակոծության հետևանքով փլուզված շենք Օդեսայում, ապրիլ, 2022

Ուկրաինայի տարածքում ընթացող ռազմական գործողությունները կարող են ներթափանցել Մոսկվայի դե ֆակտո ազդեցության տակ գտնվող Ուկրաինայի հետ ընդհանուր սահման ունեցող ինքնահռչակ Մերձնդեստրի և Մոլդովայի տարածք։

Դեռևս ապրիլի 22-ին Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը հայտարարել էր, թե պատերազմի երկրորդ փուլում ռուս զինվորականները կփորձեն իրենց վերահսկողության տակ առնել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ողջ տարածքը, ինչպես նաև Ուկրաինայի հարավը՝ դեպի Ղրիմ ցամաքային միջանցք ապահովելու համար։ Նա ասել էր, թե դա կօգնի նաև հասնել Մերձդնեստր, որտեղ «նույնպես կան ռուսալեզու բնակչության նկատմամբ ճնշումների փաստեր»։

Դրանից երեք օր անց՝ ապրիլի 25-ին, ինքնահռչակ հանրապետության պետական անվտանգության նախարարության շենքը խոցվել էր նռնականետով։ Իսկ ապրիլի 26-ին Մերձդնեստրի Մայակ գյուղում պայթեցվել էին ռուսական պետական լրատվամիջոցները հեռարձակող երկու կայաններ։ Նույն օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրավիրել էր Անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ։ Այն, ինչ տեղի է ունենում Մերձդնեստրում, նա անվանել էր ահաբեկչություններ, որոնք ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը։

Մերձդնեստրը սահմանակից է Ուկրաինայի Օդեսայի մարզին։ 1995 թվականից Մերձդնեստրի և Քիշնևի կենտրոնական իշխանությունների միջև ռազմական հակամարտությունից հետո այնտեղ տեղակայված է մինչև 1500 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախումբ։

Ապրիլի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ Մերձդնեստրում ռուսական զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության։

Ապրիլի 27-ին չճանաչված հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ գնդակոծվել են ռուսական զենքով ու զինամթերքով պահեստներ։ Տիրասպոլում պնդում են, թե դրա հետևում կանգնած է Ուկրաինան, իբր այդ երկրի տարածքից անօդաչու սարքեր են գործարկվել։

Մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան և Իսրայելը, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել մերձդնեստրի տարածքը, իսկ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հայտարարել են, որ ուշադիր հետևում են Մոլդովայում և Մերձդնեստրում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

«Պարզ ասած, մենք բազեի պես հետևում ենք դրան», - վստահեցրել էր Էնթոնի Բլինկենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ նշելով, որ մարտին այցելել է Քիշնև։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Մերձդնեստրում իրավիճակի սրման ֆոնին Բրյուսելը մեծացնում է աջակցությունը Մոլդովային։

Սակայն Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանը Moldova 1 հեռուստաալիքի եթերում այսօր ասել է, թե հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ Մերձդնեստրը կարող է ներգրավված լինել ռազմական գործողությունների մեջ, կամ որ տարածաշրջանը վտանգի տակ է. - «Հիմքեր չկան ենթադրելու, որ Մերձդնեստրում իրական վտանգ կա։ Մեր կարծիքով, այս տարածաշրջանում ռազմական ներգրավման վտանգ չկա»։

Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային տարածքում ռազմական գործողություններ սկսվեցին մի շարք հանրապետություններում, որոնց հետևանքով ստեղծվեց չորս չճանաչված հանրապետություն ՝ Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը, ու եթե Արցախի դեպքում Ռուսաստանը ուներ և ունի ընդգծված չեզոք դիրքորոշում, մնացած երեքը վայելում էին Ռուսաստանի աջակցությունը, այդ թվում՝ ռազմական և ֆինանսական։

Իսկ Աբխազիան և Հարավային Օսիան ռուս-վրացական պատերազմից հետո 2008-ին Մոսկվան ճանաչեց որպես անկախ պետություններ։ Մերձդնեստը մինչև օրս մնում է ռուսական ազդեցության և ըստ էության վերահսկողության տակ։ Ուկրաինայում արդեն երկու ամիս տևող պատերազմի ֆոնին Մոսկվայում սկսեցին խոսել Մերձդենստրը Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակով ճանաչելու կամ պարզապես Ռուսաստանին Ղրիմի օրինակով միացնելու հեռանկարների մասին։

Ուկրաինացի քաղաքագետ Դմիտրի Լևուսը կարծում է, որ այսօր Մերձդնեստրում իրավիճակի սրումը չի բխում ո'չ ինքնահռչակ հանրապետության գործող իշխանությւնների, ո'չ Մոլդովայի, ո'չ էլ Ուկրաինայի շահերից, թեև որոշ վտանգ Ուկրաինայի համար այս տարածքը ներկայացնում է՝ թեկույզ միայն այն պատճառով, որ այստեղ կան ռուսական զորքեր և ռուսական զենքի պահեստներ։

Իսկ Մոլդդովայի իշխանությունները, ուկրաինացի քաղաքագետի խոսքով, հնարավորինս անում են ռուսների հետ հակամարտությունից խուսափելու համար, նաև այն պատճառով, որ նախկինի պես համարում են, որ հիմնական դերակատարը այս տարածաշրջանում Ռուսաստանն է։

«Կան երկրներ, որոնք չեն տեսնում, որ աշխարհը փոխվում է, և հնարավոր է, որ Ռուսաստանը արդեն առաջիկայում չլինի գործոն, երկիր, որ որոշում է ամեն ինչ։ Մոլդովայի նախագահի զգուշավոր պահվածն ու հայտարարությունները այս տրամաբանության մեջ են», - «Մեդուզա»-ին ասել է ուկրաինացի քաղաքագետը՝ հավելելով, թե Մոլդովան կարող էր օգտվել առիթից և կարճ ժամանակում կարգավորել Մերձդնեստրի հարցը հատկապես այն պարագայում, երբ ունի Ռումինիայի և Արևմուտքի աջակցությունը։

Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ներթափանցնել ինքնահռչակ Մերձնդեստրի և Մոլդովայի տարածք
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

XS
SM
MD
LG