Մատչելիության հղումներ

Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցներում շեշտել է դեէսկալացիայի անհրաժեշտությունը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների այսօր նախատեսված բանակցությունների ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է դեէսկալացիայի անհրաժեշտությունը և Միացյալ Նահանգների կողմից օժանդակության պատրաստակամություն է հայտնել, ասվում է հեռախոսազրույցների մասին Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրություններում։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ Փաշինյանի և Ալիևի՝ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպմանը Եվրոպական խորհրդի նախագահ [Շառլ] Միշելի հետ», - հայտնում է Պետդեպարտամենտը։

Բլինքենը «վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակել երկրներին՝ երկկողմ և համախոհ գործընկերների հետ ներգրավմամբ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հասնելու երկարատև համապարփակ խաղաղության», - ասված է Փրայսի հաղորդագրություններում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցներում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև «դատապարտել է Ուկրաինայում Կրեմլի արգահատելի պատերազմական հանցագործությունները և ներկայացրել Միացյալ Նահանգների ու գործընկերների շարունակական հանձնառությունը՝ Ռուսաստանի Դաշնությանը և նրա գործողություններին նպաստողներին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ ոչնչով չհրահրված և չարդարացված պատերազմի համար», - փոխանցում է Պետքարտուղարությունը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը հաղորդել է, որ հեռախոսազրույցում Փաշինյանը և Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Վարչապետը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը:

Վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը, ըստ հաղորդագրության, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ: Անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ էլ՝ Ալիևը Բլինքենի հետ խոսել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն սկսելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի առաջարկների մասին։

Ադրբեջանի նախագահը նաև անհրաժեշտ է համարել, որ Հայաստանը պարզություն մտցնի «Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագրի հարցում» և տեղեկատվություն տրամադրի «զանգվածային հուղարկավորման վայրերի» վերաբերյալ։

XS
SM
MD
LG