Մատչելիության հղումներ

Պետդեպի խոսնակը դժվարանում է հայտնել, թե ինչ կարգավիճակով է Շոֆերն այցելում տարածաշրջան


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը նախօրեին դժվարացել է հայտնել, թե ինչ կարգավիճակով է Էնդրյու Շոֆերն այցելում տարածաշրջան:

Նեդ Փրայսին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին: Հարցման պատճառը Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի թվիթերյան էջի ապրիլի 18-ի գրառումն էր Շոֆերի տարածաշրջան այցի մասին, որում նա ներկայացված է որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»:

Ի՞նչ կարգավիճակով է տարածաշրջան այցելում Էնդրյու Շոֆերը հարցին Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է․ - «Մենք չենք տիրապետում տվյալ անհատի ուղևորության դետալներին, կամ թե ինչ կարգավիճակով է նա գործել ժամանակին, բայց կվերադառնանք Ձեր հարցին, եթե հավելելու որևէ բան ունենանք»։

Էնդրյու Շոֆերը երեկ Երևանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մեկ շաբաթ առաջ էլ Երևանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներ էր ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։

Թե՛ ֆրանսիացի և թե՛ ամերիկացի դիվանագետները հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրի հարցը առավել հրատապ է ապրիլի 8-ից հետո, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Լավրովի խոսքով, Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։

Այդուհանդերձ, հաջորդիվ թե՛ Ֆրանսիան և թե՛ Միացյալ Նահանգները հայտարարեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Ռուսաստանը, մինչդեռ, Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում ԱՄն դերակատարության մասին հարցերին, Նեդ Փրայսը հիշեցրել է, որ թեմային անդրադարձ եղել է անցած շաբաթ, բացի այդ պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ զրուցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. - «Մենք հանձնառու ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային նպաստելուն։ Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը և օգտվել գոյություն ունեցող մեխանիզմներից՝ ուղղակիորեն ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրա հետևանք մնացյալ բոլոր խնդիրներին լուծում գտնելու գործում, և կարգավորել հարաբերությունները՝ համապարփակ խաղաղ համաձայնություն կնքելու ճանապարհով: Ինչ վերաբերում է մեր դերակատարությանը, ապա մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի այս ջանքերին ՝ ներառյալ մեր կարողություններն իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Եվ երբ մենք խոսում ենք առկա մեխանիզմների մասին, անշուշտ, ԵԱՀԿ Մինսկի խումբը դրանց մի մասն է»:

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսիա Վարդանյանը կարծում է, որ Ղարաբաղի համամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը այն եզակի հարթակներից էր, որում հաջողությամբ համագործակցում էին Ռուսաստանն ու Արեւմտյան երկրները, սակայն Ուկրաինայում պատերազմը ազդեցություն է ունենում այդ հարթակի վրա ևս. - «Ղարաբաղյան համատեքստն աշխարհում այն քչերից էր, որտեղ իսկապես իրական համագործակցություն կար, և այն շատ բովանդակային էր։ Օրինակ, բրյուսելյան այս գործընթացը, որն այժմ ղեկավարում է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, մեկնարկել է Մոսկվայի օրհնությամբ, և այնտեղ պարբերաբար մանրամասն բովանդակալից քննարկումներ են եղել այն ամենի մասին, ինչ Եվրամիությունը քննարկում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, և ինչ Ռուսաստանն է անում Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Եվ իհարկե Ռուսաստանը դա դիտում էր որպես նպաստող հանգամանք, որպես նախագահ Պուտինի կողմից հայտարարված Հայաստանի ու Ադրբեջանի միջև և Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու առաքելության ամրապնդում։ Բայց այնպես ստացվեց, որ Ուկրաինայում Ռուսաստանը սկսեց զգալ, որ նրան մեկուսացնում են։ Մոսկվայի այս արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ավելի շատ կապված է Ուկրաինայի համատեքստի, քան իրականում Ղարաբաղի հարցի բովանդակային գործընթացների հետ։ Եվ դա շատ տխուր է, քանի որ Հայաստանի ու Ղարաբաղի համար ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ կարող է ինչ-որ օգուտ բերել, գուցե ոչ միայն առաջատար տեսքով, ինչպես դա կլիներ պատերազմից առաջ, բայց ինչ-որ պահի համանախագահների մասնակցությունը կարող էր օգնել։ Կարծում եմ Մինսկի խումբն ինչ-որ ձևով դեռ կմնա։ Պարզապես, երբ ունես ինչ-որ ձևաչափ, արևմտյան բյուրոկրատների համար շատ ավելի հեշտ է աշխատել այդ ձևաչափով։ Եվ իհարկե, ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչ կանեն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կառավարությունները»։

Ղարաբաղյան հակամարտությունը ուսումնասիրող փորձագետի կարծիքով, Ռուսաստանի կողմից Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ նշանակելը ոչ թե Ղարաբաղի, այլ ուկրաինական գործընթացների հետ է կապված:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG