Մատչելիության հղումներ

Երևանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը:

Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդունելով ԱՄՆ համանախագահին, կարևորել է Միացյալ Նահանգների դերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները, փոխանցում են կառավարությունից:

«Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում», - ասված է հաղորդագրության մեջ:

Միրզոյանի հետ հանդիպմանը կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:

Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Ապրիլի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Լավրովի խոսքով՝ Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։

Այդ հայտարարությունից հետո, այդուհանդերձ, թե՛ Ֆրանսիան և թե՛ Միացյալ Նահանգները հայտարարեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, նաև Հայաստան այցելեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Ռուսաստանը, մինչդեռ, Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG