Մատչելիության հղումներ

«Մենք ապրո՞ւմ ենք, էսի ապրե՞լ ա։ Թող իմ էրեխու գործը բացահայտեն». բանակում մահացած զինծառայողի մայր


Նանա Մուրադյան

Հինգ տարի շարունակ կառավարության շենքի առջև այս պահանջով է երկրի բոլոր ղեկավարներին դիմում Նանա Մուրադյանը։ Նրա 18-ամյա որդին ընդամենը 3 ամիս է հասցրել բանակում ծառայել։ Ինքնասպանության պաշտոնական վարկածը չի ընդունում, վստահ է՝ իր մինուճար տղային տանջամահ են արել, հետո կախել։ Պատճառը, ըստ նրա, իրենց վերջին հեռախոսազրույցն է, որը հասել է այն մարդկանց ականջին, որոնք չպետք է լսեին դա։

«Ասեց՝ մամա, սալյարկի գողություն եմ տեսել։ Որ տեսա, տղերքը ասեցին ձեն չհանես, քեզ էլ փող կտանք... Ասում եմ՝ բա ըտեղ կամանդիր, բան չկա՞, չեն վախենում, որ կբռնվեն տղեքը։ Ասում ա՝ ինչ կամանդիր, աֆիցեռը իրա մեքենայով զանդինով գալիս ա, տղերքը լցնում են, գնում ա։ Չորս օր հետո մեր էս խոսալուց, էրեխու գլուխը կերան», - ասաց որդեկորույս մայրը։

Երոպական դատարանն օրերս այս գործով վճռել էր՝ խախտվել է շարքային Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը, և գործի բացահայտման համար պատշաճ քննություն չի իրականացվել։ Որդեկորույս մոր համար ընդունելի է միջազգային դատարանի վճիռը, 20.000 եվրոյի փոխատուցումը, ասաց, ընդունելու են, դա Հայաստանին ուղղված ապտակ են որակում։

Ստրասբուրգյան դատարանը ներկայացված նյութերում չի գտել սպանության վերաբերյալ բավարար ապացույցներ։ Հայաստանի իրավապահ մարմինները որդու երկու ծառայակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, հետախուզում է հայտարարվել, բայց այդպես էլ նրանց չեն գտել։

Նանա Մուրադյանը չի ուզում հավատալ, որ գործի բացահայտումը ձգձգվում է, որպեսզի եղած իրեղեն ապացույցներն էլ ոչնչացվեն ու վաղեմության ժամկետը լրանա։ Ասում է, որ մինչև խոր ծերություն Հայաստանի կառավարությանից պահանջելու է բացահայտել գործն ամբողջությամբ. - «Չի բացահայտվում, որովհետև սա համակարգային խնդիր ա։ Ամբողջ համակարգը իրանք իրար հետ շաղկապված են... մի մեծ շղթա ա, որ եթե պոկվի, բոլորը թափվելով գնալու են»։

Նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է խաղաղ պայմաններում մահացած ութ զինծառայողների մահվան քրեական գործերը։ Նանա Մուրադյանի որդու քրեական գործից բացի, այդեղ ներառված է եղել նաև Իրինա Ղազարյանի զավակի մահվան գործը։ 1 տարի 8 ամիս էլ նրա որդին՝ Արթուր Ղազարյանն է հասցրել ծառայել։ «Բոյով, բուսաթով, թիկնեղ, լույսի պես տղա եմ հանձնել պետությանը գնաց ու գնաց», - ասում է որդեկորույս մայրը։ Չի հաշտվում, որ արդեն 12 տարի առանց որդու է լուսացնում։

«Չհասկացա՞ն, որ չենք հանձնվելու», -ասում է տիկին Իրինան ու հիշում՝ հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը հենց կառավարության մոտ խոնարհվել է իրենց առջև, ընդունել, լսել, բայց... չարդարացան իր սպասումները, դեռ չգիտի որդու մահվան պատճառ դարձած գլխի այտուցն ինչի՞ հետևանքով է առաջացել, ո՞վ է մահացու հարված հասցրել իր երեխային. - «Եթե ես իմ տղուն տվել եմ պետությանը, պետությունը չէ՞ պիտի ամեն ինչը անի։ Դիմել եմ բոլոր պատկան մարմիններին, մարդ չի մնացել, էլ չգիտեմ ում դիմեի։ Իմ էրեխու վարկածը էղել ա՝ գլխուղեղի մեջ կայծակային ուռուցք չորըս չորսի վրա, արյան զեղում բութ գործիքով հարվածից։ Դատաբժիշկը գրել է տենց»։

Տարիները չեն մեղմել նաև Արման Մուրադյանի մոր՝ Հերիքնազ Գասպարյանի ցավը։ 6 ամսից որդին պետք է վերադառնար բանակից, բայց բանակն ընտանիքին վերադարձրեց տղայի անշնչացած մարմինը։ Մայրն ասում է՝ Արցախի զորամասերից մեկում է ծառայել, ճնշել են որդուն, նեղացրել, անգամ լքել է զորամասը, բայց հետո գտել ու ծառայության են վերադարձրել։ Հետո որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց։ Ըստ մոր, 100 օր հոսպիտալացված իր տղայի մոտ անհանգստացնող ոչինչ չեն գտել բժիշկները, հետ են ուղարկել նույն զորամաս, օրեր անց որդու դին հայտնաբերվել է դիրքերում, պաշտոնական վարկածը՝ կրկին իննքասպանություն։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել մեկ զինծառայողի, 3 տարվա փոխարեն 1 տարի 7 ամիս է նա մնացել բանտում, հետո համաներմամբ ազատ արձակվել։

«Բայց նա մասկացիներից մեկն է, գլխավորը չկա, ու՞ր է նա», - հարցնում է Հերիքնազ Գասպարյանը։

Կառավարության առջև հավաքված ծնողները, որոնց բոլորն արդեն որպես սեևազգեստ մայրեր են ճանաչում, թևաթափ են եղել։ Վարչապետի ստեղծած հանձնաժողովն ուսումնասիրել է իրենց գործերը, սխալներ հայտնաբերել, ուղարկել դատախազություն ու ...առայժմ այսքանը, ուրիշ ոչինչ։ Հանձնաժողովի նախագահն ի դեպ ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց մեր զանգերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG