Մատչելիության հղումներ

Մայրը պնդում է, որ իր որդին մահացել է ոստիկանների ծեծի ու բժիշկների անտարբերության հետևանքով


Լարիսա Եթարյանը պնդում է, որ իր 36-ամյա որդին՝ Էդգար Ծատինյանը, մահացել է ոստիկանների ծեծի ու բժիշկների անտարբերության հետևանքով: Ոստիկանությունն ու տիկնոջ նշած բժշկական կենտրոնները չեն ընդունում այս մեղադրանքները:

Օրերս միակ որդուն հողին հանձնած տիկին Լարիսան պատմում է․ հարևան շենքի բնակարաններից մեկում ծեր կին էր սպանվել, որդուն զանգել ու Նոր Նորքի դատարանի բակ են կանչել: Բայց մեքենան դեռ չկանգնած՝ ոստիկանները շրջապատել են նրան, գցել գետնին, ձեռնաշղթաներ հագցրել, հեռախոսը վերցրել, մեքենայում ծեծելով տարել ոստիկանության Նորքի բաժանմունք ու ծեծն այնտեղ շարունակել:

Մոր պնդմամբ՝ ոստիկաններն այդկերպ փորձել են որդուց ցուցմունք կորզել, թե ծեր կնոջը սպանել են նրա հարևանն ու կինը․ - «Որդիս ասում ա՝ չէ, ես ո՞նց կգրեմ: Եթե չեմ տեսել, ո՞նց տենց բան կգրեմ: Փոքր էրեխա ունեն դրանք, թաղի տղա են: Դե որ չես գրի, ասում ա էդ սրիկան, հեսա քրիստիկին կգցեմ քո ջեբը: Ասում ա՝ Քրիստիկն ո՞վ ա: Բա՝ կրիստալը, հեսա կգցեմ ջեբդ, գնա 7-15 տարի դատվի: Իմ էրեխեն էլ հանում ու գցում ա բերանը: Վախից»:

Այնուհետև, ըստ Լարիսա Եթարյանի, ոստիկանները որդուն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կնետրոն: Հղում անելով հանգուցյալ որդուն՝ մայրն ասում է, որ հիվանդանոցում ասել են՝ «կմեռնի, կմնա մեր վրա» ու չեն ընդունել, այնտեղից տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ նույնպես պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել որդուն:

Ժամեր անց, երբ սոդայաջուր են տվել, որդին իր աչքի առաջ մահացել է․ - «Պռոշները սևացավ, փրփուրը բերանից էկավ, աչքերը․․․ Մեռավ: Իմ էրեխես մեռավ: Էրկու տղամարդ բժիշկ փաթաթեցին պրոստինով իմ էրեխուն, տարան: Էդգարը ինձ անընհատ ասում էր՝ մամ, դուրս չգաս պալատից, սրանք հրաման ունեն, որ ինձ սպանեն»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը հերքեց տիկնոջ խոսքերը, թե Էդգար Ծատինյանին գետնին են թողել ու դիտավորյալ չեն ընդունել: Ասաց՝ տղամարդը հայտարարել է, որ թմրանյութ է կուլ տվել, իսկ իրենց հիվանդանոցում այդ պրոֆիլի բուժումներ չեն իրականացնում․ - «Քանի որ մենք տոքսիկոլոգիայով չենք զբաղվում, առաջին բուժօգնության էլեմենտներ եթե լինեին, կցուցաբերվեր: Բայց տվյալ պահին անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն չի եղել, դրա համար կայացվել է որոշում, և նույն շտապօգնության մեքենայով էլ հիվանդը վերաուղեգրվել է հանրապետական թունաբանական կենտրոն»:

«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը պնդեց՝ հիվանդը պատշաճ բուժում է ստացել․ - «Մեր ասածը, որպես շահագրգիռ կողմ, արժանահավատ կարող է չլինել: Այն, որ ինքը թմրանյութը կուլ էր տվել, դա, բնականաբար, էդ տղայի մեղքը չէր: Բժիշկների մեղքն էր: Որդեկորույս ծնող ա, փրփուրներից կարա գցի իրան: Դա իրավապահ մարմինները պետք է զբաղվեն»:

Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել: Ըստ այդմ՝ նախնական բժշկական եզրակացության համաձայն, մահվան պատճառը սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոման է եղել:

Մայրը պնդում է, որ իր որդին առողջ է եղել: Հարազատներին վրդովեցրել է նաև ոստիկանության հայտարարության այն տողերը, որտեղ նշված է, որ իրենց որդին բազմիցս դատապարտված է եղել: Կինը՝ 29-ամյա Սաթենիկ Մելքոնյանն ասաց՝ այո՛, ամուսինը 3 անգամ մեկական տարով դատապարտվել է՝ նախկին կինը թույլ չի տվել որդուն տեսակցի, զայրույթից ծեծել է նրան, տան դուռը կոտրել ու այրել: Նեղսրտեց՝ ոստիկանությունն ամուսնու դատվածության փաստն ընգծում է, որ հասարակակն կարծի՞ք ստեղծի, այսինքն՝ խուլգանության համար իր պատիժը կրած մարդն ընդունակ է նաև մա՞րդ սպանել:

Ոստիկանության հայտարարության մեջ նաև նշված է, որ հանձնարարվել է ստուգել՝ արդյո՞ք մահացածի հարազատների հայտարարություններում սուտ մատնության հատկանիշներ կան:

Համացանցում այս դեպքի տարածումից հետո մի խումբ իրավապաշպաններ, ԱԺ պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել են, որ հետևելու են գործի ընթացքին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե պարզվի, որ կատարվածն իրականություն է, կապացուցվի, որ նախկին դատապարտյալները նաև ոստիկանության այսօրինակ վարքագծի պատճառով չեն կարողանում լիարժեք ինտեգրվել հասարակոթւյանը:

Ինչ վերաբերում է սուտ մատնության մասին ոստիկանության հիշեցումներին, Կարապետյանցն ասաց․ - «Եթե օրենքի տեսակետից ես նայում՝ զգուշացված ես, ուրեմն պաշտպանված ես: Ե՛վ նախկինում, և՛ հիմա դա արվում է մեկ նպատակով․ որպեսզի վախի մթնոլորտ ստեղծվի, և ոստիկանության էդ վատագույն ավանդույթները իրենք շարունակում են»:

Ոստիկանությունը նաև հայտարարել է, որ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար:

ՀՔԾ-ն ստացել է Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների վերաբերյալ նյութերը: Իսկ քրեական գործ կհարուցվի՞, թե ո՞չ՝ դեռ պարզ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG