Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Իշխանության հեռացման գաղափարի շուրջ առաջինից երրորդ նախագահներին համախմբվելու կոչն իմ անձնական կարծիքն է


Երբ Հայաստանի ու Արցախի ապագայի համար նաև առաջինից երրորդ նախագահներին էր կոչ անում համախմբվել գործող իշխանության հեռացման գաղափարի շուրջ, իր անձնական կարծիքն էր արտահայտում, ոչ թե՝ Հանարապետականի կամ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց նախկին իշխանական Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անցած տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին դաշինք կազմելու առաջարկ էր արել՝ «փաշինյանական ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխումը համարելով նորանոր աղետներից խուսափելու միակ միջոց»։

Հայտարարությամբ պետք է ամրագրեին՝ եթե իշխանություն ձևավորեն, նախկին ղեկավարները չեն հավակնելու որևէ պաշտոնի։ Գաղափարը, ինչպես Տեր-Պետրոսյանն էր պնդել, Քոչարյանը կտրուկ մերժել էր, ինչից հետո Սարգսյանին առաջարկել էր նաև ՀԱԿ-ՀՀԿ դաշինք կազմել։ Դա էլ Սերժ Սարգսյանն էր մերժել, թե՝ «երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել»։

Հարցին, թե ուզո՞ւմ եք խմբագրել իրավիճակը, ի՞նչն է խնդիրը, եթե մեկ տարի առաջ արվել էր նման առաջարկ և դուք չհամաձայնեցիք այդ համագործակցությանը, Շարմազանովը պատասխանեց․ - «Նախ՝ ես խոսում եմ ոչ թե քաղաքական դաշինքների մասին, իմ խոսքը լրիվ այլ բանի մասին է․ ես խոսում եմ՝ կոնկրետ էս փակուղային իրավիճակից դուրս գալու համար պետք է պետականամետ բոլոր ուժերը համախմբվեն և համախմբվեն մի գաղափարի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնեն՝ իհարկե օրինական ճանապարհով»։

Դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանն էլ էր նույն գաղափարն առաջ քաշում ընտրություններից առաջ, ՀՀԿ խոսնակն այսպես արձագանքեց․ - «Գիտեք ինչ կա, մենք եթե ասենք՝ «նա առաջ էր քաշում․․․» ես իմ կարծիքն եմ ասում։ Չեմ ասում, որ մենք և երկրորդ նախագահը միայն համագործակցենք, մենք և միայն առաջին նախագահը, մենք և այսինչ վարչապետը, խոսքը գնում է օր առաջ էս իշխանություններին ճանապարհել և ճգնաժամային պրոֆեսիոնալ կառավարիչների համախմբում լինի, որպեսզի էս իրավիճակից դուրս գանք»։

«Մենք պետք է կարողանանք միավորել բոլոր պետականամետ պրոֆեսիոնալ ուժերին։ Եթե մենք գտնում ենք, որ պետությունը գնում է դեպի գահավիժում, էս մարդիկ՝ Փաշինյանի կառավարումը տանում է դեպի միակողմանի զիջումների և կապիտուլյացիա 2-ի, էս պայմաններում պետք է մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, և առնվազն երեք հաղթանակած նախագահները, առնվազն երեք նախորդ վարչապետերը, պաշտպանության նախարարները միասնական ճակատով պայքերեն։ Կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ թող այլ մարդիկ այլ բան առաջարկեն», - եզրափակեց Շարմազանովը։

Երկրորդ նախագահի գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նրա առաջնորդած «Հայաստան» դաշինքից էլ հրաժարվեցին մեկնաբանությունից։ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ևս չարձագանքեց հանրապետական Շարմազանովի հայտարարությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG