Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը Դիմադրության շարժում է ձևավորելու


ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյան (ձ) և Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյան (ձ) և Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Պատերազմի ավարտից հետո իշխանափոխության անհրաժեշտությունից խոսող Դաշնակցությունը հիմա էլ հայտարարում է Դիմադրության շարժում ձևավորելու մասին։

Կուսակցության՝ 8 օր տևած Ընդհանուր ժողովի ավարտին Դաշնակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ նորընտիր Բյուրոյի անդամները հայտարարում են՝ «պայքարի նոր միջոցների անհրաժեշտություն են տեսնում»։

Հայաստանն ու Արցախը, կարծում են, պատերազմից հետո լինել-չլինելու վտանգի առաջ են, Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Խաղաղության դարաշրջան բացելու հայտարարություններ են անում, որոնք, Արմեն Ռուստամյանի կարծիքով, քիչ են տարբերվում «հաղթելու ենք» կարգախոսից և իրականում մարդկանց գիտակցությունը թմրեցնելու ու փաստի առաջ կանգնեցնելու նպատակ ունեն. - «Այդ դիմադրությունը նաև ուղղված լինի բոլոր նրանց դեմ, ովքեր փորձելու են մեզ կեղծ խաղաղասիրական կոչերով տանել դեպի կենսական զիջումների»։

Արմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան

Միայն օրենսդրական աշխատանքով, կարծում են, ստեղծված իրավիճակի դեմն առնել հնարավոր չէ, խորհրդարանն ու փողոցը պետք է համատեղել. - «Խորհրդարանը պետք է գաղափարը ներկայացնի, բայց դա պետք է ընկալվի ժողովրդի կողմից։ Ժողովուրդը չի զգում գոյութենական վտանգ։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը հենց զգաց էդ վտանգը գոյութենական, այո, փողոցը կլցվի։ Բայց հենց դա կանխելու համար է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովուրդը տեղյակ չլինի, թե ինչի մասին է խոսքը»։

Փողոցային պայքարից խոսում են, բայց այն մոտ ապագայի հարց չեն համարում. - «Չէ։ Ինչո՞ւ մոտ ապագայում։ Ասում ենք՝ ապագա կա՝ առանց զիջումների։ Հիմա մենք էս սաղմնային փուլում ենք։ Այդ գաղափարը կյուրացվի, ես վստահ եմ, որովհետև ճիշտ բան ենք ասում, չի կարող չյուրացվել, մնում է գաղափարը տարածվի այնքան, որ փողոց դուրս գան մարդիկ, ովքեր տեսնում են, որ իսկապես լուրջ վտանգ կա։ Ու այդ ժամանակ այս իշխանությունների օրերը հաշված կլինեն»։

Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ գրել են. Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել «ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու որոշիչ դերակատարությունը»։

Սա Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում գործունեության դադարեցման մասին հայտարարությո՞ւն է, թե՞ տեսնում են ռազմավարության փոփոխության կարիք։ Պատասխանելով «Ազատության» այս հարցին Արմեն Ռուստամյանը դաշինքից դուրս գալու մասին հայտարարություն չարեց, բայցև ասաց, թե այլ ուժերի հետ համագործակցության հարցում կաշկանդված չեն. - ««Հայաստան» դաշինք կլինի, մյուս քաղաքական ուժերը, ովքեր որ էսօր խորհրդարանում չեն, խորհրդարանից դուրս կլինեն, ընդունում են, որ էսօր էս խնդիրը գոյություն ունի և սրան դեմ չեն, մեր հետ են։ Ովքեր որ դեմ են, որ Հայաստանը պետք է չթուրքանա, ովքեր որ դեմ են, որ պիտի Արցախը պահպանվի, հայկական մնա, այ մենք այդ շարժումն ուղղելու ենք դրանց դեմ»։

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով նաև Դաշնակցությունն էր դուրս եկել փողոց։ Մի քանի տևած բողոքի ցույցերը, սակայն, արդյունք չտվեցին, ինչին հետևեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Հայաստան» դաշինքի կազմում Դաշնակցությունը միայն երկրորդ արդյունքն արձանագրեց «Քաղաքացիական պայմանագրից» հետո։

Հակոբ Տեր—Խաչատուրյան
Հակոբ Տեր—Խաչատուրյան

Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հավելեց. - «Փոփոխությունների գործընթացը պիտի սկսի այս իշխանությունների հեռացումով։ Այս իշխանությունների հեռացումը մենք պիտի անենք խորհրդարանական մակարդակով, դաշինքի ճամփով, որին անդամ ենք, բայց արտախորհրդարանական մակարդակով Հայ հեղափոխական դաշնակցությունն օգտագործելու է ամբողջ կարողականությունը»։

Գրեթե քսան տարի՝ 2000-2019 թվականներին, ՀՅԴ Բյուրոնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ինչպես 2019-ին, այս անգամ էլ Բյուրոյի կազմում չէ։ Չե՞ն ընտրել, թե՞ թեկնածությունը չի առաջադրվել։ Արդեն 3 տարի նրան փոխարինող Տեր-Խաչատուրյանը վստահեցնում էր՝ Մարգարյանը պատճառները չի բարձրաձայնել, բայց նաև ժողովի ընթացքում է հայտարարել, որ թեկնածությունը չի առաջադրի. - «Բոլորն էլ երբ որ անդրադարձան, որ ինքը այդ պատրաստակամությունը չունի և կհասկանա, որ էս հանգրվանին ինքը չի ուզում վերադառնալ Բյուրո, պարտադրել և անպայմանորեն թեկնածություն ներկայացնելն ինքնին օգտակար և շահեկան չի լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG