Մատչելիության հղումներ

Աջակցություն ու զգոնության պահանջ. արցախցի պատգամավորը` խորհրդարանի հայտարարության մասին


Ե՛վ աջակցություն է, և՛ զգոնության պահանջ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան այսօրվա հանդիպման նախօրեին խորհրդարանի ընդունած հայտարարությունն այսպես է մեկնաբանում Արցախի ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

Արցախի ԱԺ-ը հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Կոչ անելով ազգովի համախմբվել Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ՝ արցախցի պատգամավորները նաև շեշտել էին՝ Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտականության ամրագրումն ու համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար։

Կարծում են` Հայաստանը չի՞ կատարում անվտանգության երաշխավորի պարտավորությունը, հարցին Հայրապետյանն արձագանքեց՝ ստեղծված անվտանգային նոր համակարգում ամեն ինչ ավելի կատարելագործելու ու վերահաստատելու հարցն են բարձրացրել. «Նաև աջակցությունը մեր վարչապետին, որը բանակցություններ պետք է վարի այս կամ այն հարթակներում, որպեսզի նաև միջազգային հանրությունը տեսնի, որ մեզ համար կան կարմիր գծեր, որից այն կողմ մենք չենք անցնելու:

Մենք ոչ թե քննադատում կամ ընդդիմանում ենք Հայաստանի Հանրապետությանը, որը 44-օրյա պատերազմում և դրանից առաջ, ինչպես նաև այժմ բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է, որպեսզի Արցախի բնակչության անվտանգությունն ապահովի, և Արցախի սուվերենությունը պահպանվի, մենք մեր մտահոգությունն ենք արտահայտում, որպեսզի շարունակվեն նմանատիպ պրոցեսները»:

Հարցին` այսինքն` ավելի մեծ ջանքե՞ր են Երևանից ակնկալում, արձագանքեց. «Ինչ ակնկալում ենք, հայտարարության մեջ նշել ենք, նաև մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն թեմաները, որոնց բացեիբաց չեն կարող արտահայտել, մենք դա հայտնում ենք»:

Փաշինյան - Ալիև բրյուսելյան հանդիպումը, այնուհանդերձ, մտահոգությունների առիթ տվել է Արցախում։

«Լավ» սպասելիքներ չունի Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն խմբակցութունից Վահրամ Բալայանը։ Հայաստանի վարչապետը նախօրեին հայտարարել էր՝ Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր։

Կարծում է` խաղաղության բանակցությունները պետք է ընթանան փոխըմբռնման մթնոլորտում, իսկ լարվածության այս պայմաններում արցախցի պատգամավորը պարտադրանք է տեսնում. «Անընդհատ խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը գյուղ է գրավել, բարձունք է գրավել, ռազմական բախումներ են, մարդիկ են զոհվել այդ ընդհարումների ժամանակ, կամ ասենք գազը փակել, բարձրախոսերով մարդկանց ստիպել, որ լքեն բնակավայրերը, այսինքն` ինչպե՞ս կարելի է պատկերացնել նման քայլեր և խոսել խաղաղության դարաշրջանի մասին: Նշանակում է` խաղաղությունը պարտադրվո՞ւմ է ուժով, զենքով»:

«Կոնկրետ պետք է հստակեցվի` ինչ կարգավիճակ պետք է ունենա այս ժողովուրդը»

Բանակցությունների մանրամասներին, Բալայանի խոսքով, տեղյակ չեն, բայց շրջանառվող գաղափարներից Ստեփանակերտում անհանգստացած են։ Պատգամավորը, մասնավորապես, Արցախի հարցը փակող ծուղակ որակեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հեռանկարը։ Բաքուն Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու հենց առաջին նախապայմանը դա է համարել։ Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է. «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»։

«Եթե դա այդպես է, դա նշանակում է Արցախին թողնել մենակ, այսինքն` եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես Արցախի անվտանգության հիմնական երաշխավոր, նման փաստաթղթեր ստորագրելուց հետո նա չի կարող որևէ պարտականություն իր վրա վերցնել: Չճանաչված լինելու պարագայում բավականին բարդանում է այս ժողովրդի վիճակը ոչ միայն զուտ կարգավիճակի ճշտման հետ կապված, այլ միաժամանակ նաև գոյաբանական հարց կա, որովհետև ինքն անընդհատ խոսում է նրա մասին, որ այս հարցը գոյություն չունի, չկա, և վերջին ժամանակաշրջանի քայլերն էլ վկայում են նրա մասին, որ նրանք չենք հանդուրժում, որ Արցախում հայ մարդ է ապրում», - շեշտեց Վահրամ Բալայանը:

Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ Երևանի, խաղաղության օրակարգի հայկական լրացումներից է, որ ուղարկել են Բաքվին, բայց մինչև հիմա հայտնի չէ՝ Ադրբեջանից պատասխանե՞լ են ու ի՞նչ։ Համենայնդեպս, հրապարակային հայտարարություններում Բաքուն միայն իր առաջարկներից է խոսում, անընդհատ շեշտում՝ արդեն կարգավորել են ղարաբաղյան հակամարտությունը։

Միայն կարգավիճակի հարց բարձրացնելը, չկոնկրետացնելը, ժողովուրդների ինքորոշման հարցը չշեշտելը արցախցի պատգամավորը թերի քայլ է համարում. «Եթե Ադրբեջանն այսօր խոսում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա, վաղն ասեն` դե լավ, հիմա Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարություն ենք տալիս, դա մահ է հայության համար Արցախի Հանրապետությունում ապրող: Հետևաբար, կոնկրետ պետք է հստակեցվի` ինչ կարգավիճակ պետք է ունենա այս ժողովուրդը, որը 30 տարի պայքարել է մեկ նպատակով` ունենալ իր հայրենիքում անկախ պետականություն»:

Բալայանը Երևանի դիվանագիտական քայլերը վախվորած է համարում, ստեղծված իրավիճակին` ոչ բավարար. «Նախաձեռնողական քաղաքականություն ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև մյուս երկրների հետ, փորձեր անընդհատ իրավիճակը լարված պահել դիվանագիտության ասպարեզում` ներկայացնելով աշխարհին, որ կա խնդիր, և այդ խնդիրը լուծման կարիք ունի, և մենք իսկապես ձգտում ենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության: Հայ ժողովրդի հասցեին, Հայաստանի ղեկավարության և այլն, այսինքն` այդ խոսքերը, որ կան, մենք ակնկալում ենք, որ համարժեք նաև մոտեցում պետք է լինի, որովհետև առանց այն էլ ժողովուրդը հուսալքված է, կոտրված է, մի տեսակ ավելի խեղճացած վիճակում է իրեն զգում»:

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական պատգամավորները ձեռնպահ են մնում արձագանքել Արցախի իրենց գործընկերների թե՛ հայտարարությանը, թե՛ քննադատությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG