Մատչելիության հղումներ

Հայաստանի փաթեթում Արցախի ինքնորոշման իրավունքը արտացոլված չէ. ընդդիմադիր պատգամավոր


Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյան («Պատիվ ունեմ»)
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյան («Պատիվ ունեմ»)

Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին պնդել է Հայաստանին առաջարկված խաղաղության պայմանագրի Բաքվի հինգ սկզբունքները։

«Եթե Երևանը ցանկանում է այդ հարաբերությունները հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև զերծ մնան ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից տարածքային ամբողջականության դեմ», - ասել է Հիքմեթ Հաջիևը։

Հայկական կողմը Բաքվի առաջարկները համարել էր ընդունելի՝ նշելով սակայն, որ դրանք ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։

«Մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», - օրերս հայտարարել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հայկական կողմը լրացրել էր այդ առաջարկները, սակայն Բաքվից դեռ չեն արձագանքում։

Ի՞նչ ակնկալել հանդիպումից, եթե խաղաղության պայմանագրին հասնելու համար Ադրբեջանը շարունակում է պնդել խաղաղության պայմանագրի իր պայմանները և լռում է Հայաստանի առաջարկների մասին։

Ընդդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով, հինգ սկզբունքներն առավելագույնն են Ադրբեջանի համար, իսկ Հայաստանի առաջարկները չեն արտահայտում Հայաստանի ու Արցախի շահը. - «Իսկ այն հիմնական դրույթները, որոնք ներկացված էին վերջին առաջարկում, դրանք էն առավելագույնն էր Ադրբեջանի համար, որոնք կարելի էր պատկերացնել։ Այս պայմաններում ենթադրել փոխզիջում, և այդ պայմաններում Հայաստանի շահերը շոշափող որևէ մոտեցում, ես կարծում եմ, չի կարող լինել»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Արցախի կարգավիճակի մասին արտգործնախարարի պնդումը անորոշ է, հստակ ձևակերպված չէ Ադրբեջանի կազմո՞ւմ նկատի ունեն, թե՞ ոչ. - «Այն սկզբունքը, որը գոնե վերջին տասը տարիներին եղել էր բանակցությունների հիմքում, աշխատանքային փաստաթղթի հիմք և ընդունվել էր Ադրբեջանի կողմից, ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին է խոսքը, նույնիսկ դրա արտացոլումը որևէ ձևով ներկայացված չէ։ Միայն խոսվում էր իրավունքների և ազատությունների մասին, խոսվում էր կարգավիճակ, բայց դա դեռևս ինքնորոշման իրավունքի այդ փաթեթի իրացում չի ենթադրում։ Որովհետև կարգավիճակ ասածը կարող է ենթադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Իսկ ինչո՞ւ իշխանությունը չի պնդում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Ազատության» այս հարցին իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. - «Ընդամենը երկու օր առաջ վարչապետը կառավարության նիստում իր մտահոգությունները հանրային հնչողության ներկայացրեց, և բնականաբար, դրանից հետո ընդդիմությունը սկսեց ցույց տալ, որ եթե այսպիսի իրավիճակ ա, ապա պետք է գնալ մեկ այլ ճանապարհով։ Հիմնականում մտահոգությունները ուղղված էին այն պարտավորությունների չկատարմանը, որը կապված էր հրադադարի ռեժիմը պահող մեր գործընկերների գործողություններին։ Բնականաբար, դրանից հետո այնուամենայնիվ տեղի ունեցան տեղաշարժեր, որի արդյունքում գոնե հակառակորդի ախորժակը ինչ-որ չափով զսպվեց էս պահին։ Ինչ կլինի վաղը, կապված է, թե մենք ոնց են վերաբերվում մեր պետականությանը և մեր երկրի անվտանգությանը։ Վաղվա միջոցառումը հաստատ դրան նպաստող չի»։

Ինչ վերաբերում է ապրիլի 6-ին սպասվող հանդիպման արդյունքներին, ապա Անդրանիկ Քոչարյանը խոստացավ հանրությունից ոչինչ չթաքցնել։

Վարչապետ Փաշինյանն էլ իր ակնկալիքներից խոսեց կառավարության վերջին նիստում. - «Եվ ես հույս ունեմ, այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»։

Բրյուսելյան հանդիպումից դրական ակնկալիքներ ունի նաև Բաքուն։ Օրերս նախագահ Ալիևը հայտարարել էր, թե հույս ունեն հնարավորինս կարճ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG