Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ղեկավարության ռազմավարական նպատակը Արցախի հայաթափումն է. փորձագետներ


Խրամորթ գյուղը արցախա-ադրբեջանական սահմանին
Խրամորթ գյուղը արցախա-ադրբեջանական սահմանին

2020 թվականի պատերազմը վերացրեց Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն, նորը դեռ չի ձևավորվել, և այս պայմաններում իրավիճակը կարող է թեժանալ ցանկացած հարմար պահի, ասում է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեյսա Վարդանյանը։

«Լեռնային Ղարաբաղի մասին մտածելիս պետք չէ պատկերացնել այն Ղարաբաղը, որ կար 2020 թվականի պատերազմից առաջ։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. չկա կայուն ստատուս քվո, չկա հստակ սահմանագիծ, որը բավական հեռու լինի բնակավայրերից։ Եթե չլիներ Ուկրաինայի ճգնաժամը, ապա նույն կերպ մեկ այլ ճգնաժամ կամ խնդիր կարող էր առաջ բերել եթե ոչ լրիվ նույն, ապա շատ նման իրավիճակ։ Մենք չենք տեսել որևէ մտադրություն բանակցություններ սկսելու, կապեր հաստատելու ուղղությամբ՝ հասնելու նոր ստատուս քվոյի։ Այդ ստատուս քվոն դեռ չկա», - «Ազատության» հետ զրույցում ասում է Վարդանյանը։

Արցախում իրադրությունը կտրուկ սրվեց անցյալ հինգշաբթի, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխ գյուղի ուղղությամբ։ Զոհվեց Պաշտպանության բանակի երեք զինծառայող։ Չնայած հայկական կողմի պահանջներին, Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հայտարարություններին՝ հաղորդվում է, որ ադրբեջնական ուժերը մինչև օրս չեն հեռացել Փառուխի մոտակա բարձունքից։

Օլեսյա Վարդանյան
Օլեսյա Վարդանյան

Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակն է վերահսկողության տակ առնել ողջ Ղարաբաղը. - «Ամիսներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը բաց տեքստով ասում է, որ իրենց առաջնահերթությունը ամբողջական վերահսկողություն ունենալն է Ղարաբաղի այն հատված նկատմամբ, որտեղ հիմա հայերն են ապրում։ Երկարաժամկետ առումով սա է Ադրբեջանի նպատակը, որին նրանք գրեթե հասել են։ Դրան նպաստել է այն ամենը, ինչ տեղի ունեցել մինչև այսօր»։

Մինչ պաշտոնական Երևանն այս օրերին ամենաբարձր մակարդակով պահանջում է հետաքննել ռուս խաղաղապահների քայլերը, հակամարտությանը տարիներ ի վեր հետևող փորձագետը փաստում է՝ չկա հստակ ձևակերպում, թե որն է խաղաղապահների գործառույթը Ղարաբաղում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից մոտ մեկ ու կես տարի անց չկա մանդատ, որը կամրագրի, թե ռուս խաղաղապահները ինչ պետք է անեն հրադադարի խախտման կամ այլ միջադեպերի դեպքում։

Քանի դեռ խաղաղապահների մանդատը հստակ սահմանված չէ, կողմերի ակնկալիքները նրանցից խիստ տարբեր են լինելու

Հղում անելով հայկական և ռուսական աղբյուրների՝ Միջազգային ճգնաժամային խումբն ավելի վաղ հաղորդել էր՝ Բաքուն պահանջում է, որ համաձայնությունը ձեռք բերվի իր և Մոսկվայի միջև, քանի որ սա դիտարկում է զուտ որպես իր ներքին խնդիր։

«Երբ ռուսական կողմը առաջարկ ստացավ նման փաստաթուղթ ստորագրել միայն Բաքվի հետ, առանց Երևանի մասնակցության, Մոսկվայում որոշեցին հետաձգել փաստաթղթի ստորագրումը՝ սպասելով ավելի հարմար պահի», - նշեց Օլեսյա Վարդանյանը։

Քանի դեռ այդ մանդատը հստակ սահմանված չէ, կողմերի ակնկալիքները խաղաղապահներից խիստ տարբեր են լինելու, նկատում է նա. - «Բաքուն ակնկալում է, որ խաղաղապահները պետք է զինաթափեն տեղական հայկական զորքերը։ Հայկական կողմում նկատում ենք հիասթափություն, որ ռուս խաղաղապահները չեն ստիպում ադրբեջանցիներին հեռանալ Փառուխից ու մոտակա տարածքից։ Խնդիրն այն է, որ կողմերից ոչ ոք հստակ չգիտի, թե որն է խաղաղապահների հստակ առաքելությունը։ Հրադադարի մասին հայտարարությունում մենք ունենք ընդամենը երեք նախադասություն»։

Առճակատման դեպքում ռուս խաղաղապահները անգամ չեն կարողանալու պաշտպանել խաղաղ բնակչությանը, ասում է Վարդանյանը՝ հաշվի առնելով, որ նրանց թիվը Ղարաբաղում չի հասնում 2000-ի. - «Որպես մարդ, որ աշխատել է խաղաղապահներ տեղակայած աշխարհի մի քանի կետերում, կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահները չեն եկել բնակչությանը պաշտպանելու համար։ Նրանց թիվը շա՜տ փոքր է, նրանք այնտեղ են միայն իրավիճակին հետևելու համար»։

Հետագա էսկալացիայից խուսափելու միակ հնարավոր եղանակը, ըստ վերլուծաբանի, բանակցություններն են։ Նա նկատում է՝ հակամարտող կողմերի միջև 2020 թվականի պատերազմից հետո երկխոսություն չի եղել։

Եթե շտապ լուծումներ չգտնվեն, Ղարաբաղում բնակչության թիվը կարող է պակասել

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը իր հերթին փաստում է՝ եթե շտապ լուծումներ չգտնվեն, Ղարաբաղում բնակչության թիվը կարող է պակասել։ Նրա խոսքով, խաղաղապահների ներկայությունը տալիս է անվտանգության որոշակի երաշխքներ, և եթե ռուս խաղաղապահները չկարողանան ապահովել դա, մարդիկ կսկսեն հեռանալ. - «Եվ այդ առումով, կարծում եմ, հայկական կողմը պետք է լուրջ երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ խաղաղապահ առաքելության գործունեության սկզբունքների վերաբերյալ»։

Վերջին ամիսներին Խրամորթում մարդկանց բարձրախոսով ահաբեկելու, ապա Փառուխը գրավելու ու Քարագլխից չհեռանալու Ադբեջանի քայլերը, ըստ Գրիգորյանի, հետապնդում են և' մարտավական կարճաժամկետ, և' ռազմավարական երկարաժամկետ նպատակ. - «Մարտավարական նպատակը, օրինակ, այդ բարձունքը վերահսկողության տակ վերցնելն է, որպեսզի եթե հետագայում ավելի լուրջ բախում լինի, իրենք ավելի շահավետ դիրքեր ունենան։ Ռազմավարական նպատակը դա կարելի է ասել Արցախի հայաթափումն է, բնակչության այդ ահաբեկումը, որպեսզի ինքնակամ լքեն։ Բայց այն, որ կոնկրետ այս իրավիճակում ռուսական կողմը ունի իր պատասխանատվության աստիճանը, որի մասին արդեն խոսվում է Հայաստանի ԱԳՆ-ի և վարչապետի մակարդակով, դա ակնհայտ է»։

Արդյո՞ք Մինսկի խումբը, որին դիմել է Երևանը Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, կարող է ազդել այս պայթունավտանգ իրավիճակի վրա։ Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանից բացի մյուս երկու համանախագահների գործիքները միայն դիվանագիտական են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG