Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինված ուժերը շարունակել են տեղաշարժը Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով


Արցախի կառավարության փոխանցմամբ՝ ադրբեջանական զինված ուժերն այսօր շարունակել են տեղաշարժն ու ագրեսիվ գործողությունները Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են:

Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է, փոխանցում են Արցախից։

Ավելի վաղ ևս հաղորդվել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր առավոտյան կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել արևելյան սահմանագոտու ուղղությամբ, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում։

«Ձեռնարկվում են քայլեր՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: Հայկական կողմը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումը, թե այսօր առավոտյան պաշտպանության բանակը դիվերսիայի փորձ է արել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ։

Արցախի կառավարության տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում։

Եթե հաջողվի ամբողջովին վերահսկել այդ բարձունքը, ապա ուղիղ դիտարկելու են Ասկերանի բազմաթիվ համայնքներ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան, արխիվ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան, արխիվ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նկատում է, եթե ադրբեջանական կողմին հաջողվի ամբողջովին վերահսկել կարևոր նշանակություն ունեցող այդ բարձունքը, ապա ուղիղ դիտարկելու են Ասկերանի շրջանի բազմաթիվ համայնքներ։

«Ադրբեջանի կողմից այդ բարձունքի զավթման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ի վերջո նաև խաթարելու են այլ բնակավայրերի, օրինակ, Խնապատ գյուղի առօրյան, որտեղ այսօր էլ անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Այսպիսի իրավիճակ է։ Մարդիկ, որոնք որ ունեն իրավունքներ և ազատություններ, այսօր ենթարկվում են համատարած խախտումների, և մեր բոլոր կոչերն ու նամակները ուղղված տարբեր դերակատարների, լավագույն դեպքում արժանանում են հորդորների կամ երկու կողմերին ուղղված հայտարարությունների։ Որևէ իրականա քայլ չենք տեսնում Ադրբեջանի հանցավոր իշխանություններին ճնշելու և նրանց կարգի հրավիրելու համար», - նշեց օմբուդսմենը:

Այս պահին ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և հարևան Խրամորթում, այստեղից բնակիչների անվտանգության համար օրերս տարհանվեցին գյուղի կանայք և երեխաները: Մարդկանց բնականոն կյանքը խաթարված է, ասում է Արցախի օմբուդսմենը։

«Խրամորթում և Փառուխում հիմնահատակ խաթարված է, Փառուխը օկուպացիայի տակ է, Խրամորթում կանայք ու երեխաները էվակուացված են, համայնքում գտնվում են միայն տղամարդիկ, դպրոցները չեն աշխատում, մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներ չեն կարողանում իրականացնել, իրենց ունեցած տնտեսություններին չեն կարողանում հետևել, որովհետև անվտանգային հարցերով են զբաղվել։ Ամբողջովին խաթարված է մարդկանց բնականոն կյանքը ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով», - ներկայացրեց նա։

Իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի այս գյուղերում կտրուկ սրվեց հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։

Արցախի ԱԽ-ն դիմել է ՌԴ նախագահին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը

Ասկերանի շրջանում իրադրության լարումից երկու օր անց Արցախի Անվտանգության խորհուրդն այսօր պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։ 2020-ին՝ պատերազմից ավարտից անմիջապես հետո Ղարաբաղում մոտ 2000 խաղաղապահ է տեղակայվել։

«Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները», - նշված է գրությունում։

Երեկվա Անվտանգության խորհրդի նիստում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր՝ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: Թե ինչ է ենթադրում այդ նոր օրակարգը, Հարությունյանը չէր նշվել։ Այսօր էլ չհաջողվեց պարզել Արցախի նախագահի գրասենյակից։

Ռուսական խաղաղապահ առաքելության պաշտոնական էջում այս օրերին ոչինչ չի հաղորդվել Ղարաբաղի զարգացումների մասին։ Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էր զրուցել իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։

Բաքվի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում նախապես ծրագրված է. ԱԳՆ

Այսօր վերստին անդրադառնալով Արցախում իրավիճակի լարմանը, պաշտոնական Երևանը ընդգծել է՝ Բաքվի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է։

Հայաստանի արտգործնախարարությունը նաև կարևորում է ադրբեջանական ներխուժման ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննությունը։ Երևանը ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ կձևակերպի և կհրապարակի:

«Ակնկալում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար», - ասված է հայտարարությունում:

Այս ամենի ֆոնին Արցախում չեն լուծվում հումանիտար խնդիրները։ Արդեն 3 շաբաթ է տեղի ավելի քան 100 հազար բնակիչները զրկված են գազից, այս խնդրով ևս ադրբեջանցիների հետ բանակցում են ռուս խաղաղապահները, մինչ այս պահը՝ անարդյունք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG