Մատչելիության հղումներ

Ուկրաինան լքած հայերը, որ տոմսի հնարավորություն չունեն, անվճար կարող են տեղափոխվել Հայաստան. Զարեհ Սինանյան


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջին մեկ ամսվա ընթացքում ստացել է հայրենադարձության խնդիրներով 1500 դիմում: Այս մասին հայտնեց գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում` հավելելով, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում 3 հազար դիմում է ստացել:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

1500 դիմում մեկ ամսում

«Մարդիկ, որոնք Ուկրաինայից գալիս են Հայաստան, ունեն այնպիսի կենցաղային խնդիրներ, որ ունի ցանկացած մարդ, ով գալիս է այստեղ` կացարանի հարց կա, երեխեաների դպրոց, մանկապարտեզ, աշխատանք, եթե գալիս են ընտանիքով», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Անցյալ տարի գրասենյակը հայրենադարձության խնդիրներով ընդունել է մոտ 3 հազար դիմում, այս տարվա վերջին մեկ ամսվա ընթացքում` Ուկրաինայում ռազմական գործողություններից սկսած, արդեն եղել է 1500 դիմում` մեծամասնությունը Ուկրաինայից ու Ռուսաստանից` 50 տոկոսից ավելին:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատել ենք եվրոպական մի շարք երկրների համայնքային կառույցների հետ` Լեհաստանի, Չեխիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Հունգարիայի, որոնք կարևոր դեր են խաղացել, փակել են այն բացը, որ պետությունը չէր կարող բավարարել: Օրինակ` երբ մեր հայրենակիցներն անցել են սահմանը Լեհաստանում, իսկ անցումային կետեր եղել են մի քանի տասնյակ, մեր դիվանագիտական կազմը, լինելով շատ սահմանափակ, համայնքային կառույցները լիովին լծված են եղել մեր հայրենակիցներին օգնելու գործում` դիմավորելուց մինչև փոխադրամիջոց հատկացնել, կացարան գտնել և այլն», - մանրամասնեց նա:

Ինչո՞ւ Հայաստանն ինքնաթիռ չի ուղարկում

Զարեհ Սինանյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու Հայաստանը ինքնաթիռ չի ուղարկել Ուկրաինա իր քաղաքացիների տարհանման համար:

«Երբ ճգնաժամը սկսվեց, մենք փորձեցինք պահանջների գնահատում անել և ըստ այդմ առաջարկել կառավարությանը, թե ինչ է պետք անել: Մենք ֆիզիկական ներկայություն չունենք այնտեղ, մեր ինֆորմացիան հիմնված էր կա՛մ համայնքային կառույցների մեզ հասցված ինֆորմացիայի վրա, կա՛մ դիվանագիտական կառույցների: Մենք համայնքային կառույցներից լսում էինք, որ հոսքը շատ մեծ է, և Հայաստան գալու ցանկությունն է մեծ, դիվանագիտական գերատեսչության գործընկերներն ասում էին, որ Հայաստան գալու ցանկություն ունեցողների կրիտիկական մասա չկա:

Որպեսզի թնջուկը լուծվի ի վերջո, դիմեցինք համայնքային կառույցներին` դեսպանատներին զուգահեռ ցուցակ կազմեք այն անձանց, ովքեր ուզում են գալ Հայաստան», - պատմեց Զարեհ Սինանյանը` հավելելով, որ արդյունքում ինչ-որ թվեր ստացել են. «Այն մարդիկ, ովքեր արձագանքեցին այն հայտարարությանը, որը տրվել էր համայնքային կառույցների կողմից, այդ մարդիկ հնարավորություն ունեցել են կամ հնարավորություն կունենան ձրիորեն Հայաստան տեղափոխվելու: Խոսքը գնում է վերջին մեկ շաբաթվա մասին. այն մարդկանց համար, որոնք Ուկրաինան ստիպված լքել են ու հնարավորություն չունեն տոմս գնելու, ցանկություն ունեն Հայաստան գալու, և որոնց մասին մենք տեղյակ ենք: Սա ամենակարևորն է»:

Ըստ նրա` խոսքը 50-ից ավելին չէ:

«Ուկրաինայից եկած մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն»

Այս պահին Ուկրաինայից եկող մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն, նրանք տեղ հասնելով պիտի մաքսակետում հայտնեն, որ Ուկրաինայից են եկել, նրան կուղղորդեն համապատասխան վայր` անվճար թեստ հանձնելու:

«Ես ընդունում եմ միանշանակ, որ արձագանքը շատ դանդաղ էր, շատ ավելի արագ պետք է լիներ: Սա էլ հայրենադարձության, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համակարգերի անկատարության հետևանք է», - նշեց Սինանյանը:

Ֆրանսիայում հայերի ջախջախիչ մեծամասնությունը նորմալ է մոտենում Թուրքիայի հետ կարգավորման գործընթացին` ըստ Սինանյանի

Զարեհ Սինանյանը, պատասխանելով օգտատերերի հարցին, խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ասաց, որ Ֆրանսիայում տեղի հայերի հետ խոսել է այս մասին. «Այնտեղ կա որոշակի կոնտինգենտ, որ թուրք բառը լսելով արդեն դեմ են` անկախ նրանից, թե ինչ է հետևում դրան, և կա շատ ավելի մեծ, ավելի հավասարակշիռ ու տրամաբանված զանգված, որի հետ երբ խոսում ես, բացատրում ես, մատնանշում ես իրականությունը, որ ՀՀ արևմտյան հարևանը Թուրքիան է, արևելյանը` Ադրբեջանը, չնայած որ շատ կուզեինք, որ մեր հարևանները լինեին Բելգիան ու Ֆրանսիան, բայց սա է մեր իրականությունը, և մարդկանց ջախջախիչ մեծամասնությունը, հասկանալով, որ Հայաստանը պարզապես երկխոսության փորձ է անում, նորմալ է մոտենում դրան», - հավելեց նա:

«Ջախջախիչ մեծամասնությունը սթափ է մոտենում այն փաստին, որ մենք ունենք այն հարևանները, որ ունենք, գտնվում են այն աշխարհագրական տարածքում, որտեղ ենք, և երբ չենք խոսում այդ երկու երկրների հետ, Թուրքիայի մասին է խոսում, շատերը խոսում են մեր անունից և մեր հաշվին», - նկատեց Զարեհ Սինանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG