Մատչելիության հղումներ

«Զանգը տվեց, կանչեցին, նկարեցին ու հետ եկանք»․ Գյումրիի ռուսական դպրոցի աշակերտները Z են պատկերել


«Z են հավաքել, սարքել ու նկարել են»․ գյումրեցի 13-ից 14 տարեկան այս դպրոցականները ուկրաինական պատերազմի մասին միայն լուրերից են լսել, թե ինչ է խորհրդանշում Z տառը, պատկերացում չունեն, բայց օրերս կենդանի պատ են կազմել դպրոցի բակում՝ ռուսական քարոզչամեքենայի այդ տառը պատկերելու համար։

Միջոցառումը կազմակերպվել էր ձմռան ցրտին, երբ ջերմաստիճանը Գյումրիում ցածր էր 0-ից։ Դպրոցի ղեկավարությունը նրանց ձեռքը նաև հատուկ թղթեր էր տվել Z տառով, որը դարձել է ռուսական բանակի սիմվոլը՝ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմում։

Թե ինչո՞ւ են այդ պատերազմից հազարավոր կիլոմետրեր հեռվում գտնվող դպրոցում նման միջոցառում կազմակերպել, ո՞վ է լուսանկարել և ինչո՞ւ է տարածել այդ նկարները, այդպես էլ պարզ չէր դարձել, գոնե իրենց՝ երեխաների համար։

«Տոչնի չասին ինչ էր, բայց մեզ սաղիս հավաքեցին դուրսը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Թիվ 19 դպրոցը ռուսական է, գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազային կից զինվորական ավանում և գործում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ։ Երկհարկանի այդ շենք անհնար է մտնել կամ նկարահանում անել առանց Ռուսաստանի պաշտպանության նախարարության թույլտվության։

Նույն պատճառով դպրոցի տնօրինությունը կտրականապես հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ Չտեսագրվելու և ձայնը փոխելու պայմանով, սակայն, բարձր դասարանցիներից մի քանիսը անկեղծացան։

«Դե մեզ սաղիս հավաքեցին, մենք դպրոցում մարդ ունենք, ով սաղ բաները կազմակերպում է՝ հանդեսներ և այլն, ինքը մեզ սաղիս հավաքել է դուրս ու սաղիս նկարել է․ էրեխեքի ձեռքը բան են տվել՝ թղթի վրա Z գրված, ու էրեխեքն էլ հավաքվել՝ Z էին սարքել, նկարվել էին», - պատմեց աշակերտներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հավելեց․ - «Մտա դասարան, կանչեցին ասեցին՝ «10 րոպեից զանգը տա դուրս կգաք», նկարեցին ու նորից մտանք ներս»։

Ռուսական այս դպրոցում սովորում են թե՛ ռուսաստանցի զինվորականների, թե՛ ռազմակայանում աշխատող հայ ընտանիքների երեխաներ։ Վերջիններս պատմում էին, որ բակում հավաքվելու, պատ կազմելու կարգադրությունը ստացել են բարձր դասարանցիներից, որոնք զինվորական համազգեստով են, ըստ նկարների։ Տարիքով նրանցից փոքրերը պնդում էին՝ որևէ մեկը իրենց չի պարտադրել, «Ազատության» հարցին, թե կարո՞ղ էին հրաժարվել, աշակերտներից մեկը պատասխանեց․ - «Մենակ պստիկ դասարանները՝ առաջինից մինչև չորրորդ, որովհետև իրենք պստիկ են։ Մենակ դրա համար չհանեցին, բայց 5-ից մինչև 11-ը սաղիս հանեցին»։

«Երեխաներին օգտագործում են ռուսական պրոպագանադայի համար»

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է՝ ծնողները մտահոգվելու տեղ ունեն, քանի որ իրենց երեխաներին օգտագործում են ռուսական պրոպագանադայի համար:

«Էղած միջոցառումը խոսում է ան մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը պրոպագանդայի հարցում ոչնչի առաջ չի կանգնում, ոչինչ իրենց համար սխալ չէ, իրենք որոշում են երեխաներին օգտագործել պատերազմի արդարացման համար, վերցնում և օգտագործում են։ Ինձ թվում է, որ մտածելու բան ունեն այդ երեխաների ծնողները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը չի բացառում, որ Կրեմլին պաշտպանելու համար ռուսական քարոզչամեքենան կարող է հետագայում նաև այլ միջոցառումներ կազմակերպել, բայց որպեսզի դրանք չկապակցվեն Հայաստանի հետ, պաշտոնական Երևանը պետք է քայլեր ձեռնարկի, ասում է Գյումրիի ավագանու նախկին ներկայացուցիչը։

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

«Ինձ թվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է մի թեթև զրույց ունենան բազայի հրամանատարության հետ՝ հորդորելով հեռու մնալ երեխաներին նման բաների մեջ ներքաշելուց։ Էն, որ կազմակերպում են ինչ-որ երթեր, ցույցեր, աջակցություն ագրեսիվ պատերազմին դեսպանատան առաջ, վաղը կարող է մի շարք ավտոների վրա սկսեն պրոպագանդիստական պլակատներ փակցնել՝ պաշտպանելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը։ Դա պիտի աչքի առաջ ունենալ, և ճանապարհային ոստիկանությունը անելիք ունի Հայաստանի իշխանությունները նույնպես քաշելիք ունեն այս մասով։ Չի կարելի նստել ու սպասել, թե բազայի ենթակառուցվածքներում էլ ինչեր կհորինեն, էլ ինչեր մտքներով կանցնի։ Գնացեք ձեր զորամասում ուրախացեք, ջան ասեք, ջան լսեք, մի խառնեք քաղաքը, մեր երկիրը ձեր ագրեսիվ պատերազմին», - ասաց Բարսեղյանը։

Սա ռուսական ներխուժումը սատարող քարոզչական առաջին ակցիան չէր Հայաստանում

Երկուշաբթի Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց աջակցության փոքր ակցիա էր կազմակերպվել, մոտ մեկ շաբաթ առաջ էլ Կրեմլի քարոզչամեքենայի առաջնորդները, այդ թվում՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցի իրենց էջերում տեսանյութ էին տարածել, որում երևում էր Մայր Հայաստանի արձանը, իսկ դրա ստորոտում կարմիր լապտերներով կրկին գրված էր Z տառը։ Տեսանյութի վերջում երևում էր նաև ռուսական ներխուժման մյուս սիմվոլը՝ V տառը։

Տեսանյութի տարածումից օրեր անց էլ պարզ չէ, թե ովքեր էին դրա հեղինակները։ Երևանի քաղաքապետարանից միայն հայտնում են, որ իրենք որևէ առնչություն չունեն «Ի աջակցություն ռուս զինվորականների» անունը կրող ակցիայի հետ, ոչինչ չգիտեն դրա մասին, և քաղաքապետարանը նման ակցիայի թույլտվություն չի տվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG