Մատչելիության հղումներ

Մարիուպոլում բազմաթիվ հայեր են մնացել, մարդասիրական միջանցք չկա, քչերին է հաջողվում լքել քաղաքը․ Դավիթ Մկրտչյան


Մարիուպոլ, 18-ը մարտի, 2022թ․
Մարիուպոլ, 18-ը մարտի, 2022թ․

Արդեն 2 շաբաթից ավելի առանց ջրի, սննդի, վառելիքի մնացած ու շրջափակված Մարիուպոլում դեռ բազմաթիվ հայեր կան։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ քաղաքը լքել ցանկացողները բազմաթիվ խոչընդոտների են բախվում. մի կողմից՝ մարդիկ մեքենաների համար վառելիքը մի կերպ են հայթայթում, մյուս կողմից՝ մարդասիրական միջանցքներ չկան. խաղաղ բնակիչներն իրենց կյանքը վտանգի ենթարկելով են փախչում քաղաքից։

«Այնտեղ վառելիքի մեծ խնդիր է, որովհետև եթե վերջին 2-3 շաբաթը ժողովուրդը չէր կարողանում դուրս գալ քաղաքից, չէին թողնում, ապա այսօր 6-րդ օրն է, որ ժողովուրդը կարողանում է ինքնուրույն դուրս գալ, առանց հայտարարված հումանիտար միջանցքների, բայց ժողովուրդը չունի վառելիք, որ գոնե հասնի ապահով գոտիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։

Վիճակը Մարիուպոլում ծայրահեղ ծանր է, անգամ կապը չի գործում։ Սարսափ ֆիլմ հիշեցնող պատմություններ են լսում տարհանված բնակիչներից։

Պատերազմից առաջ շուրջ 430 հազար բնակիչ ունեցող Մարիուպոլի հայ բնակիչների թիվը, ըստ Ուկրաինայի հայերի միության մոտավոր տվյալների, շուրջ 10 հազար է եղել, իսկ թե հիմա քանի՞ հայ է մնացել քաղաքում, կազմակերպությունում չգիտեն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին էլ չի հաջողվում հստակ տեղեկություններ ճշտել։

«Քաղաքում մենք ունեցել ենք մեծաքանակ համայնք, մի մասը հասցրել էր դուրս գալ մինչև դեպքերի զարգացումը, բայց մի զգալի մասը շարունակում է այնտեղ մնալ: Այդպիսի իրավիճակ է նաև Խարկովում, Կիևի շրջանում», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը:

«Մեր ընկերը երկու օր առաջ է այնտեղից դուրս եկել և սարսափելի դեպքեր էր պատմում», - պատմեց Դավիթ Մկրտչյանը։

Հումանիտար աղետ, ողբերգություն․ այս բառերով է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը նկարագրում ոչ միայն Մարիուպոլում, այլև մյուս՝ հատկապես շրջափակված քաղաքներում տեղի ունեցողը։

Լրագրողն օգնում է բուժաշխատողին տեղափոխել վիրավոր կնոջը, Մարիուպոլ, 2-ը մարտի, 2022թ․
Լրագրողն օգնում է բուժաշխատողին տեղափոխել վիրավոր կնոջը, Մարիուպոլ, 2-ը մարտի, 2022թ․

Հյուսիսից, արևելքից ու հարավից մի քանի քաղաքներ, բնակավայրեր են անցել Ռուսաստանի վերահսկողության տակ, շատերում ջուր, սնունդ չկա։ Մարդիկ անգամ չեն կարողանում կապ հաստատել հարազատների հետ։

«Վերջին անգամ խոսել ենք մարտի 2-ին, դրանից հետո ոչ մի բան չեմ կարողացել իմանալ», - նշեց Արայիկ Մարտիրոսյանը:

Արայիկ Մարտիրոսյանն արդեն 20 օրից ավելի է լուր չունի Ուկրաինայում բնակվող քրոջ ընտանիքից։ Մայրաքաղաք Կիևից ոչ շատ հեռու՝ հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Իվանկով ավանում էր բնակվում քույրը՝ ամուսնու, սկեսրոջ ու երկու երեխաների հետ։ Նրանց մասին անցած 20 օրերի ընթացքում չի հաջողվել որևէ տեղեկություն ճշտել ոչ դեսպանատներից, ոչ էլ ընտանիքի ծանոթներից։

Պատերազմի պատճառով օր-օրի վատթարացող պայմաններում մարդիկ սննդի, դեղորայքի կարիք ունեն։ Կարիքավորներին օգնության են հասնում նաև Ուկրաինայի հայերի միության անդամները։ Արդեն 15 բեռնատար մեքենա հումանիտար օգնություն են բաժանել մարդկանց և պատրաստվում են մոտակա օրերին ևս մի քանի բեռնատար օգնություն բաժանել, ասում է Դավիթ Մկրտչյանը։ Առանձին անհատներ ևս ինքնակազմակերպվում են. Կիևում ու այլ քաղաքներում ռեստորանների հայ սեփականատերերը տաք սնունդ են բաժանում մարտերի մասնակցիներին ու դրա կարիքն ունեցող քաղաքացիներին։ Մարիուպոլ դեղ, սնունդ են հասցնում նաև հայերը։

«Մարիուպոլի վիճակը ծանր է այնքանով, որ չեն թողնում, որ մենք կարողանան ներմուծենք քաղաք դեղորայք, սննդամթերք, ջուր, չէր ստացվում, դրա համար էդ ֆունկցիան արդեն կատարում են անհատներն՝ իրենց փոքր ավտոմեքենաներով», - ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։

Քաղաքացիներն ապաստարանում, Մարիուպոլ, 17-ը մարտի 2022թ․
Քաղաքացիներն ապաստարանում, Մարիուպոլ, 17-ը մարտի 2022թ․

Եղած ռեսուրսները, սակայն, արդեն չեն բավարարում։ Հայաստանից նման օգնություն ակնկալում էին, բայց հիմա հույսները կտրել են։ Դավիթ Մկրտչյանը նեղսրտած է․ ուկրաինական հայ համայնքը 44-օրյա պատերազմի ընթացքում պետության ու ժողովրդի կողքին էր, օգնում էին այն ամենով, ինչի կարիքը կար, բայց հիմա հայ համայնքն է օգնության կարիքի մեջ։

«Մենք չենք ուղարկել միայն օգնություն, մենք այդտեղ շտաբ ենք ունեցել, որը 44 օր պատերազմի ժամանակ և պատերազմից հետո մոտ կես տարի գործել է, մենք օգնել ենք վիրավորներին, տեղահանված ընտանիքներին, ովքեր իրենց կեցությունը գտել էին Հայաստանի Հանրապետության տարածքում», - նշեց Դավիթ Մկրտչյանը։

Թե պատերազմի մեկնարկից հետո քանի հայ է լքել Ուկրաինան, դեռ պաշտոնական տվյալներ չկան։ Ուկրաինայում հայերի թիվը մինչև պատերազմը մոտ 350 հազար էր։ Այս պահին հայտնի է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է շուրջ 4 հազար Ուկրաինայի քաղաքացի, պարզ չէ՝ նրանցից քանիսն են հայ, քանիսը` ուկրաինացի։

Ըստ Ուկրաինայի հայերի միության, շատերն էին ցանկանում Հայաստան տեղափոխվել, սակայն այն ժամանակ Հայաստանի իշխանություններից չեն ստացել տեղեկություն, թե պատրաստ են իրականացնել տեղի հայերի տարհանումը հարևան երկրների տարածքներով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից օրերս «Ազատությանը» հայտնել էին, թե «չեն եղել ու չկան բավարար թվով հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների կուտակումներ, որը թույլ կտար դիտարկել չարտերային թռիչք կազմակերպելու նպատակահարմարությունը»։

Պատերազմի մեկնարից ի վեր արդեն 15-ի է հայ է զոհվել, ըստ Ուկրաինայի հայերի միության տվյալների, նրանցից 5-ն է միայն զինվորական, մյուս 10-ը խաղաղ բնակիչներ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG