Մատչելիության հղումներ

Ադրբեջանական SOCAR-ը կամ «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի գազամատակարարման հետ. «Արցախգազ»


Ադրբեջանական «Ազերիգազ»-ի հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։ Այս մասին հայտարարում է «Արցախգազ»-ը:

«Բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է», - ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Ըստ ադրբեջանական «Ազերիգազ»-ի` վերացվել են Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։

Արդեն 3 շաբաթ է` Արցախի ավելի քան 100 հազար բնակիչները զրկված են գազից: Արցախի բնական գազ մատակարարող հիմնական խողովակը մարտի 8-ից էր վնասված, վերանորոգումից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանը կրկին դադարեցրեց գազամատակարարումը։

XS
SM
MD
LG