Մատչելիության հղումներ

Արցախում հումանիտար խնդիրները սրվում են. ջեռուցման բացակայության պատճառով հետաձգվում են երեխաների վիրահատությունները


«Մենք ստիպված եղանք դադարեցնել պլանային վիրահատությունները»

Արցախում հումանիտար խնդիրները կրկին օր օրի սրվում են։ Ջեռուցման բացակայության պատճառով Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոցում ստիպված հետաձգում են երեխաների պլանային վիրահատությունները։

«Մենք ստիպված եղանք դադարեցնել պլանային վիրահատությունները, որովհետև այն երեխաները, որոնք կարողանում են գոնե սպասել, այսինքն` այն հիվանդությունները, որոնք շտապողականություն չեն առաջացնում, մենք ստիպված էինք դադարեցնել, որովհետև չափազանց դժվար է պալատները ադեկվատ տաքացնել, վիրահատարանները, և նմանատիպ շատ մեծ խնդիրներ են առաջանում հատկապես այս ցուրտ եղանակին` մեր ռեգիոնի համար աննախադեպ ցուրտ է այս տարվա այս ժամանակահատվածի համար», - «Ազատությանը» փոխանցեց հիվանդանոցի գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այս պահին մի քանի տասնյակ երեխաներ են ստացիոնար բուժում ստանում։ Այժմ օգտագործվում են այլընտրանքային ջեռուցման միջոցներ, որոնք, սակայն, բավարար չափով չեն տաքացնում հիվանդանոցը։ Տնօրենն ասում է՝ բուժհաստատությունը գերծանրաբեռնված է. «Տվյալ պարագայում օգտագործում ենք էլեկտրաէներգիայի փոխարինիչները, տաքացուցիչները, որոնք, իհարկե, չեն տաքացնում այնպես, ինչպես կտաքացներ մեր կաթսայատունը, և շատ մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում հիվանդանոցի էլեկտրական լարերի վրա: Մենք ամեն օր վերանորոգում ենք լարերը, որոնք ուղղակի հալվում են»։

Ակցիա. Արցախում այս պահին տեղի ունեցողը հումանիտար աղետ է

«Արցախում այս պահին տեղի ունեցողը հումանիտար աղետ է», - հենց այս հիվանդանոցի բակում այսօր կազմակերպված խաղաղ ակցիայի ընթացքում հայտարարում էին մասնակիցները՝ կոչ անելով միջազգային կառույցներին անհապաղ միջոցներ ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը։

«Սիմվոլիկան այն էր, որ մանկական հիվանդանոցի մոտ էինք կանգնած, որ մենք երեխաների կողքին կանգնած ենք` ձեռք ձեռքի տված, միասնական, որ աշխարհը տեսնի, ու փորձում էինք այդպես մեր ձայնը հասանելի դարձնել միջազգային կազմակերպություններին, հանրությանը, որ Արցախում ապրում են հայեր, ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ, սա մեր տունն է», - նկատեց ակցիայի կազմակերպիչներից Քրիստին Բալայանը։

Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցն էլ դիզվառելիքով են տաքացնում, սակայն ծախսերը մի քանի անգամ ավելացել են։

«Օրը մեկուկես տոննայից ավելի դիզվառելիք ենք վառում, խնդիր չունենք շենքում։ Խնդիրն այս պահին զուտ ծախսերն են, որ ստիպված ենք աշխատել դիզվառելիքով», - ասաց բուժհաստատության տնօրեն Մհեր Մուսայելյանը:

Երկու շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ արցախցիները սաստիկ ցրտի պայմաններում զրկվել են գազից, ջեռուցման բացակայության պատճառով դպրոցներում դասերը կրկին հետաձգվել են, չեն գործում նաև մանկապարտեզները։

Քրիստին Բալայանը կարծում է՝ պետական ծրագրով այժմ պետք է այլընտրանքային ուղիներ մտածել՝ Արցախի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար. «Եթե իրենք մտածում են, որ կարող են խափանել մեր գազատարը, ուրեմն մենք պետք է մտածենք կա՛մ նոր գազատար տեղադրենք ուրիշ տարածքներով, կա՛մ պիտի անցնենք արևայինի, դա էլ տարբերակ է»։

Արցախի կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս հարցն օրակարգում է, այժմ ծրագրեր են մշակում, որպեսզի այլընտրանքային էներգիայի տարբերակները հնարավորինս շուտ կյանքի կոչվեն, և բնակչությունը խնդիրներ չունենա։

Միջազգային կառույցները մտահոգություն են

Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երեկվանից միջազգային կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում։ Human Rights Watch-ից հետո այսօր էլ Freedom House-ն է դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շեշտել է. «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, ովքեր շաբաթներ շարունակ դիմացել են սառնամանիքին՝ առանց ջեռուցման կամ տաք ջրի»։

Երեկ նաև Եվրամիությունն էր մտահոգություն հայտնել Արցախում գազամատակարարման խափանումների առնչությամբ։ Արցախի տեղեկատվական շտաբից այսօր հայտնեցին՝ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակվում են։ Եվ որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Ավելի ուշ, սակայն, Վիտալի Բալասանյանի գրասենյակը հերքեց այս հայտարարությունը. «Վիտալի Բալասանյանին Արցախի նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել»։ Գրասենյակից նաև տեղեկացնում են, որ Արցախի նախագահը 2021-ի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG