Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մերժում է Լեհաստանի ՄԻԳ-29 կործանիչները Ուկրաինային փոխանցելու Վարշավայի առաջարկը


Լեհաստանի օդուժի MiG-29 տեսակի կործանիչ, արխիվ
Լեհաստանի օդուժի MiG-29 տեսակի կործանիչ, արխիվ

Միացյալ Նահանգները մերժել է Լեհաստանի օդուժի «ՄԻԳ -29» կործանիչները միջնորդավորված կերպով Ուկրաինային տրամադրելու Վարշավայի առաջարկը։ Լեհաստանի արտգործնախարարությունը ասել է, որ պատրաստ են իրենց զինված ուժերի «ՄԻԳ»-երը անհապաղ տեղափոխել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա և հանձնել ամերիկյան կողմին, դրանք Ուկրաինային տրամադրելու համար։ «ՄԻԳ»-երի դիմաց Վարշավան ակնկալում է ստանալ ամերիկյան F-16 կործանիչներ։

Երեկ Օլսոյում, Նորվեգիայի վարչապետի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին նշել է, որ Ուկրաինային հարձակողական զենք տրամադրելու ցանկացած որոշում պետք է ընդունվի ողջ ՆԱՏՕ-ի կողմից, միաձայն հիմունքներով, բայց Լեհաստանը պատրաստ է իր «ՄԻԳ»-երի ամբողջ խմբաքանակը տեղափոխել Ռամշտայն ավիաբազա։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Լեհաստանը պատրաստ չէ ինքնուրույն որևէ քայլ կատարել, քանի որ պատերազմին չի մասնակցում։

ԱՄՆ-ի Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ լեհական կողմի առաջարկը անակնկալ էր Վաշինգտոնի համար։ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում նա ասել է, թե որքան իրեն հայտնի է ամերիկյան կողմի հետ նախնական համաձայնություն չկար, որ «նրանք պլանավոր են այդ օդանավերը փոխանցել մեզ»։

Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քըրբին թվիթերյան գրառմամբ կասկածի տակ է դրել Լեհաստանի առաջարկի հիմնավորումները, միաժամանակ նշելով, որ Լեհաստանի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ այդ հարցով խորհրդակցությունները շարունակվում են։

Մինչ այս էլ ԱՄՆ-ի նախագահն ու ՆԱՏՕ-ն բազմիցս ասել են, որ ուղղակիորեն չեն միջամտի ռուս-ուկրաինական պատերազմին։ Ուկրաինայի օդը փակելու, կամ գոնե կործանիչներ տրամադրելու Ուկրաինայի նախագահի խնդրանքը մնում է չբավարարված։

Ռուսական կողմը խոստացել է մեկ օրով երկարաձգել հրադադարը՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար

Այսօր լրանում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու երկրորդ շաբաթը։ Պատերազմական գործողությունների թեժ կետերը վերջին օրերին մնում են նույնը։ Ռուսական ուժերը ընդհուպ մոտեցել են Կիևին, հյուսիս-արևելքում՝ Խարկովին ու Սում շրջկենտրոնին, հարավում՝ Նիկոլաև և Մարիուպոլ քաղաքներին։

Ռուսական կողմը խոստացել է մեկ օրով երկարաձգել հրադադարը այսօր ևս հումանիտար հինգ միջանցքներ տրամադրել Կիևի մարզի, Չեռնիգովի, Սումի, Խարկովի և Մարիուպոլի խաղաղ բնակիչներին տարհանելու համար։

Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտնում է ուկրաինական կողմի հակահարձակման մի գործողության մասին։ Նա հայտնում է, որ ուկրաինական կողմը գրոհել է Խարկովի մոտ տեղակայված ռուսական հրետանային ու հրթիռային համակարգերի հենակետը, որտեղից ռմբակոծում էր Խարկովը։ Նա պնդում է, որ ռուսները փախել են, թողնելով ռազմական տեխնիկան ու ծանր սպառազինությունները։

Ռուսական կողմից կամ անկախ աղբյուրներից հրետանային ռազմաբազան կորցնելու մասին հաղորդագրություններ չկան։

Ռուսական ուժերի մարտավարությունը ուկրաինական ռազմական օբյեկտների ու բանակայինների հրթիռակոծություններն ու ռմբակոծություններ են։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, ավարտելով իր հետաքննությունը, այսօր հայտարարել է, որ Չեռնիգովի վրա մարտի 3-ի կեսօրին ռուսական օդուժի հարձակումը կարող է ռազմական հանցագործություն համարվել։ Ռուսական ավիահարվածների հետևանքով Չեռնիգովի 47 խաղաղ բնակիչ էր զոհվել։

«Միջազգային դատարանի դատախազը այդ ավիահարվածը պետք է հետաքննի որպես ռազմական հանցագործություն։ Նման հանցագործությունների համար պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ զոհերի ընտանիքները լիակատար փոխհատուցում ստանան»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Ջոաննա Մարիները։

«Ռոյթերս»-ը տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից, որտեղ անգիտակից վիճակում պառկած է ութամյա Դիմա Կասյանովը։ Խարկովի ռմբակոծության ժամանակ արկի մի փոքր բեկոր նրա ծնոտի միջով անցել է ու լռվել գանգի հիմքում։ Երեխայի ծնողները պատում են, որ ռումբը պայթել է իրենց բնակարանում:

Խարկովի տարածքային ոստիկանությունը երեքշաբթի հաղորդել է, որ ռուսական ուժերի ռմբահարումներից Խարկովի մարզում 170 քաղաքացիական անձ է զոհել, այդ թվում՝ հինգ երեխա:

Ռուսական ներխուժումից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, մարտի 8-ի դրությամբ Ուկրաինայում 474 խաղաղ բնակիչ է զոհվել, արդեն 2 միլիոն մարդ հեռացել է Ուկրաինայից պատերազմական գործողությունների պատճառով։

Ուկրաինայի ծովափնյա շերտը գրեթե ամբողջությամբ գրաված ռուսական ուժերը շղթան կարող են փակել Օդեսայում։ Երկրի ծովափնյա մարգարիտ Օդեսայում այսօր ավազով լցված պարկերով ծածկում են արձանները, դրանք ոչնչացումից փրկելու համար, իսկ վաղը Թուրքիայի Անթալիայում պատերազմից հետո առաջին անգամ հանդիպելու են Ուկրաինայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Դիմիտրի Կուլեբան ու Սերգեյ Լավրովը։

XS
SM
MD
LG