Մատչելիության հղումներ

Վերջին հինգ տարիներին ամենաակտիվ սպառազինվող մայրցամաքներից մեկը Եվրոպան է․ SIPRI


Լեհ-ամերիկյան համատեղ զորավարժություններ Լեհաստանում, արխիվ
Լեհ-ամերիկյան համատեղ զորավարժություններ Լեհաստանում, արխիվ

«Վերջին հինգ տարիներին ամենաակտիվ սպառազինվող մայրցամաքներից մեկը Եվրոպան է», - պնդում են Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի փորձագետները։

Նախօրեին հրապարակած զեկույցում, որում ի մի են բերված 2017-2021 թվականներին զենքի համաշխարհային շուկայում արձանագրված միտումները, SIPRI-ի մասնագետները նկատում են․ - «Նշված ժամանակահատվածում սպառազինության ներկրումը եվրոպական պետություններ նախորդ հնգամյակի համեմատ աճել է 19 տոկոսով։ Եվրոպային բաժին է ընկնում սպառազինության շուկայի ընդհանուր ծավալի 13 տոկոսը։ Եվ սա մի իրավիճակում, երբ համաշխարհային կտրվածքով 2017-21 թվականներն աչքի են ընկել զենքի մատակարարումների ծավալի կրճատմամբ»։

Եվրոպայում սպառազինության ձեռքբերման ծավալների նման աճը Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի մասնագետները բացատրում են մեկ գործոնով՝ ռուսական սպառնալիք։

«Եվրոպական պետությունների մեծամասնության և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը մայրցամաքում սպառազինության ներկրման ծավալների աճի գլխավոր պատճառն է», - նշում է ստոկհոլմյան կենտրոնի սպառազինությունների ծրագրի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանը՝ հատուկ ընդգծելով, որ զենքի մատակարարումները մեծ նշանակություն ունեն հատկապես այն եվրոպական պետությունների համար, որոնք սեփական ռազմարդյունաբերական համալիրների միջոցով չեն կարող ապահովել իրենց կարիքները։

Ուշագրավ է, սակայն, որ գոյություն ունեն եվրոպական պետություններ, որոնք 2017 թվականից սկսած սպառազինությունների շուկայում կատարած գործարքների թվով առանձնապես աչքի չեն ընկել։ Դրանցից մեկն այսօր Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինան է։

«Չնայած 2017-2021 թվականներին զինված հակամարտությունը Ուկրաինայի արևելքում շարունակվում էր, սպառազինության ներկրումն այդ երկիր նշված ժամանակահատվածում բավական սահմանափակ է եղել», - նշում են զեկույցի հեղինակները՝ չհստակեցնելով, սակայն, թե որն է դրա պատճառը՝ ի վիճակի՞ է եղել արդյոք Ուկրաինան իր բանակի կարիքները հոգալ սեփական ռազմական արդյունաբերության հաշվին, թե՞ երրորդ երկրները Կիևին անհատույց կարգով սպառազինություն են տրամադրել։

Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմամբ առավել աչքի ընկած եվրոպական պետություններին, ապա դրանք, ըստ SIPRI-ի մասնագետների, երեքն են՝ Մեծ Բրիտանիա, Նորվեգիա և Նիդերլանդներ։

XS
SM
MD
LG