Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց ինը տարվա ազատազրկման


Դատարանը պարտավորեցրել է ընդդիմադիր գործչին պատիժը կրել խիստ ռեժիմի գաղութում

Ռուսական դատարանն այսօր ինը տարվա ազատազրկման դատապարտեց Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնուն, ով մեկ տարուց ավելի գտնվում է ճաղերի հետևում։ Դատարանը պարտավորեցրել է ընդդիմադիր գործչին պատիժը կրել խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաև 1,5 միլիոն ռուբլի (տասը հազար ԱՄՆ դոլար) տուգանք վճարել՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Պուտինի կոշտ ընդդիմախոսը մեղադրանքը չի ընդունում և իր վերջին խոսքում պնդել է, որ չի վախենում իշխանություններից. - «Նույնիսկ եթե դուք պահանջեք ինձ 113 տարվա կալանքի դատապարտել, չեք վախեցնի ինձ կամ ինձ նման մարդկանց»։

Դատավճռի ընթերցումից մի քանի օր առաջ, ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հրամանագիր էր ստորագրել այս գործը քննող դատավոր Մարինա Կոտովայի առաջխաղացման մասին՝ վերջինիս տեղափոխելով Մոսկվայի դատարան։

Նավալնին, ում փորձել էին թունավորել նյարդապարալիտիկ նյութով, այսօր էլ դատարանում պնդել է, որ պայքարից հետ չի կանգնում. - «Ես ձեզանից չեմ վախենում, մնացածներին էլ հորդորում եմ չվախենալ»։

Առանձնապես խոշոր չափերի խարդախության գործը Ռուսաստանի իրավապահները վերջերս էին հարուցել՝ պնդելով, թե Նավալնին յուրացրել է դրամական այն միջոցները, որոնք քաղաքացիները նվիրաբերել են նրա գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին և շտաբին։ Մինչ այդ Նավալնու հետ կապված բոլոր կառույցները պաշտոնապես ճանաչվել էին որպես ծայրահեղական կազմակերպություններ, դրանց գործունեությունը Ռուսաստանի տարածքում արգելված է:

Ինքը՝ Նավալնին, տասն օր առաջ կայացած դատական նիստում պնդել էր, թե գործը շինծու է և միայն մեկ նպատակ ունի՝ իրեն լռեցնելու։ Իսկ իր հիմնադրամի մասին հարցին պատասխանելիս Պուտինի կոշտ քննադատը պնդել է՝ այն ոչ միայն չի դադարեցնելու գործունեությունը, այլև տարածվելու է աշխարհով մեկ. - «Ինչո՞ւ ստեղծեցի այս կազմակերպությունը։ Ես ստեղծեցի այն, խնդրում եմ, գրեք արձանագրության մեջ, քանի որ ես ատում եմ այս իշխանություններին»։

Մեղադրելով գործը քննող դատավոր Վերա Ակիմովային կողմնակալության մեջ՝ Նավալնին նրան անվանել էր «ոչ պրոֆեսիոնալ դատավոր և ընդհանրապես հիմար կին»։ Հենց այդ բառերի համար էլ նրան ևս մեկ մեղադրանք է ներկայացվել՝ դատավորին վիրավորելու հոդվածով։

Ընդդիմադիր գործիչն այդ մեղադրանքներից որևէ մեկը չի ընդունում։ Օգտվելով դատարանում ելույթ ունենալու իրավունքից՝ նա քննադատել է նաև Ուկարինայի դեմ սկսված պատերազմն ու դրա մեջ մեղադրել Պուտինի վարչակազմին։

Արդեն շուրջ մեկ տարի Նավալնիի կողմնակիցները դադարեցրել են ցույցերը Ռուսաստանում, նրանց մի մասը ձերբակալված է, մյուսները ստիպված են եղել լքել երկիրը։ Նավալնիի ամենամտերիմ կողմնակիցների դեմ իրավապահները տասնյակ գործեր են հարուցել, որոնք արևմտյան իրավապաշտպանները որակում են կեղծ և քաղաքական։

Այսօր, մենակ կանգնելով դատարանի առաջ, Նավալնին կրկին կոչ է արել աջակիցներին չվախենալ, դուրս գալ փողոց, բողոքել Ուկարինայի դեմ կործանարար պատերազմի դեմ։

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր 2021 թվականի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում, հիշեցնենք, ռուսաստանցի ընդդիմադիրը բուժվում և վերականգնվում էր «Նովիչոկ» մարտական քիմիական նյութով թունավորումից հետո:

Նավալնին իր սպանության փորձի մեջ մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին: Կրեմլում մեղադրանքները հերքում են և ընդհանրապես կասկածի տակ են դնում թունավորման փաստը։

XS
SM
MD
LG