Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնի. «Պուտինի ռեժիմի գաղափարախոսությունն է ներկան և ապագան փոխարինել անցյալով»


Ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին բանտից գրավոր պատասխանել է The New York Times ամերիկյան օրաթերթի հարցերին: Դա Նավալնիի առաջին հարցազրույցն է քրեակատարողական հիմնարկ ուղարկվելուց հետո:

The New York Times-ը Նավալնիին անվանել է «ռուսաստանցի ամենահայտնի կալանավորը»:

Նավալնին պատասխանել է քաղաքականությանը և քրեակատարողական հիմնարկում պահվող մարդկանց կենցաղին առնչվող հարցերին:

Նավալնիի փոխանցմամբ, «ռուսական պրոպագանդան ռուսաստանյան հանրությանը շատ արդյունավետ է ներկայացրել Ժնևում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը:

Պրոպագանդան այն որակել է որպես Պոււտինի հաղթանակ, պնդելով, թե Բայդենն իր առաջ դրած նպատակներին Ժնևում չի հասել:

Անդրադառնալով պատժամիջոցներին` Նավալնին գրավոր հարցազրույցում նշել է, որ Արևմուտքը պետք է ոչ թե Ռուսաստանի, այլ Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ սահմանի պատժամիջոցներ:

Նավալնիի համոզմամբ, սանկցիաների թիրախը պետք է դարձնել «նրանց, ովքեր թալանում են Ռուսաստանը, հարստահարում են ժողովրդին և նրան զրկում են ապագայից»:

Նավալնին The New York Times-ին գրավոր տված հարցազրույցում նշել է, որ բանտում կալանավորների նկատմամբ ֆիզիկական բռնություն չեն գործադրում, բայց ենթարկում են հոգեբանական ճնշումների, սադրում են, բացի այդ, ամբողջ օրը «հայրենասիրական դաստիարակությամբ են զբաղվում, ցուցադրում են հին ֆիլմեր սպորտում ամերիկացիներին կամ կանադացիներին հաղթելու մասին:

«Ինձ համար հասկանալի է պուտինյան ռեժիմի գաղափարախոսության բանաձևը՝ ներկան և ապագան փոխարինել անցյալով»,- գրել է Նավալնին:

XS
SM
MD
LG