Մատչելիության հղումներ

Նավալնիի պնդմամբ՝ «Պուտինն իշխանությունից գինովցած, հոգեպես անառողջ մարդ է»


Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին

Կրեմլի քննադատը շոկի մեջ է «Դոժդ» հեռուստաալիքի ռեպորտաժից:

Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր, Վլադիմիրի շրջանի Պոկրով քաղաքի թիվ 2 քրեակատարողական հիմնարկում ազատազրկման պատիժը կրող Ալեքսեյ Նավալնին արձագանքել է իր մասին «Դոժդ» հեռուստաալիքով օրերս հեռարձակված ռեպորտաժին:

«Դոժդ»-ի թողարկման հերոսները երկու նախկին կալանավորներ են՝ Նարիման Օսմանովը և Եվգենի Բուրակը: Նրանք վերջերս են դուրս եկել Պոկրովի բանտից և պատմել են, թե ինչ ծանր պայմաններում է գտնվում ընդդիմադիր բլոգերը:

Նրանց խոսքով՝ բանտի վարչակազմը Նավալնի համար ստեղծել է հատուկ ռեժիմ, որի նպատակն է նրան առավելապես ճնշել, ստորացնել, հունից հանել, դրդել պատասխան գործողության:

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, Նավալնին Ինստագրամում տեղադրած գրառմամբ հաստատել է, որ գտնվում է մեկուսացման մեջ և իրեն չառնչվող բաների մասին գրեթե ոչ մի տեղեկություն չունի:

Նա «Դոժդ»-ի ռեպորտաժի մասին տեղեկացել է իրեն այցելած փաստաբանից: Նավալնին ասել է, թե այդ ռեպորտաժում տեղ գտած որոշ հանգամաքներից շոկի մեջ է:

«Օրինակ, ես տեղյակ չեմ եղել, որ վարսավիրին ծեծել են ինձ հետ զրուցելու համար: Մենք իսկապես մի երկու բառ ենք փոխանակել, ես էլ հետո մտածում էի, թե ուր կորավ այդ մարդը», - գրել է Նավալնին:

Նա միաժամանակ նշել է, թե շատերի համեմատությամբ ինքը գտնվում է ավելի լավ վիճակում: Նավալնին կոչ է արել աջակիցներին չանհանգստանալ իր համար և ռուսական բանտերի թեման քննարկելիս ոչ թե օրինակ բերել իր ազատազրկման պայմանները, այլ խնդիրը դիտել խորքի մեջ:

«Անօրինություն, սպանություններ, անմարդկային ֆաշիստական խոշտանգումներ՝ այդ ամենն այստեղ վաղուց է բնականոն երևույթ, և դա հրահրում է նախագահ Վլադիմիր Պուտինը», - Ինստագրամում գրել է բլոգերը:

Նավալնին անդրադարձել է Դաշնության նախագահին՝ գրելով, թե նրա կեցվածքում «նկատվում է իշխանությունից գինովցած, հոգեպես անառողջ, սեռական կողմնորոշումների վրա չափից շատ կենտրոնանալու հետևանքով խորը բարդություններ ձեռք բերած մարդու ձեռագիր»:

Ազատություն ստացած Օսմանովը և Բուրակն ասել են, թե Պոկրովի թիվ 2 բանտում կալանավորներին ստիպում են ամեն կերպ սադրել Նավալնիին և բացառել նրա հետ մարդկային շփումը:

Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլը մտադիր չէ «Դոժդ»-ի ռեպորտաժից հետո ստուգել բանտում Նավալնիի ազատազրկման պայմանները: «Դոժդ»-ը ռուսական իշխանության կողմից ճանաչվել է որպես «օտարերկրյա գործակալ»:

XS
SM
MD
LG