Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Պարոն Շոլց, քանդե՛ք այս պատը»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմում է Բունդեսթագի պատգամավորներին, Բեռլին, 17 մարտի, 2022թ.

«Մենք կռվում ենք, որ մեր ժողովուրդը փրկվի»

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, իսկ այսօր լսարանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի ստորին պալատն է՝ Բունդեսթագը:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պաշտպանում է ազատ ապրելու իրավունքը, պաշտպանվում է իր տարածքի վրա աչք դրած ագրեսոր պետությունից, պաշտպանվում է առանց գերմանացիների օգնության:

«Ինչո՞ւ է օվկիանոսից անդին գտնվող երկրիը {Ամերիկայի Միացյալ Նահանգները} Ուկրաինային ավելի շատ օգնում, քան դուք: Որովհետև այստեղ կա պատ, մենք այն դեռ չենք նկատում: Մենք կռվում ենք, որ մեր ժողովուրդը փրկվի, մենք պաշտպանում ենք նրան»,- ասել է Զելենսկին:

Բունդեսթագին հասցեագրված նախագահի ուղերձում կային պատմական ակնարկներ, հիշատակումներ, որոնք Գերմանիայի ոչ մի քաղաքացի ու հատկապես քաղաքական գործիչ չի կարող անտեսել:

«Օդային կամուրջը բեռլինցիների փրկությունն էր»

Զելենսկին ասել է, որ երբ 1948-49 թվականներին, սովետական բանակը բոլոր կողմերից շրջափակել է արևմտյան Բեռլինը, և ամերիկացիների, անգլիացիների ու ֆրանսացիների հսկողության տակ մնացած քաղաքի հատվածում սով է սկսվել, արևմտյան ուժերը բնակիչների համար օդային կամրջով սնունդ, դեղորայք և առաջին օգնության այլ պարագաներ են ուղարկել: Օդանավերը 24 ժամ երկնքում էին:

Ուղերձի այդ դրվագը պատմություն քիչ թե շատ իմացող ցանկացած գերմանացու մոտ անմիջապես ակտիվացնում է սովետների կազմակերպած այդ ամոթալի պաշարման մասին տխուր հիշողությունները:

Զելենսկու խոսքով, Բեռլինի օդային կամուրջը փրկություն էր բեռլինցիների համար, իսկ այսօր Ուկրաինան չի կարող օդային կամրջի վրա հույս դնել, որովհետև «օդը ռուսների հսկողության տակ է, օդից հիմա միայն ռուսական ռումբեր և հրթիռներ են թափվում Ուկրաինայի քաղաքների վրա»:

«Երկրորդ աշխարհամարտը վերապրած ուկրաինացի տարեցների անունից աղաչում եմ ձեզ օդային կամրջի մասին»,- ասել է Զելենսկին:

Հարկ է նշել, որ ուրիշներից ավանդական սառնասրտությամբ տարբերվող գերմանացիները բավական ազդվել են Ուկրաինայի նախագահի ուղերձից, որի ավարտին նա պատմական ևս մեկ ակնարկ է կատարել:

Ռեյգան. «Քանդեք այդ պատը, պարոն Գորբաչով»

Այստեղ մի փոքրիկ պարզաբանում՝ 35 տարի առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանն արևմտյան Բեռլինում տխրահռչակ պատի մոտ ուղերձով դիմել է խորհրդային լիդեր Միխայիլ Գորբաչովին:

Նա ասել է, թե ողջունում է Գորբաչովի նախաձեռնած «պերեստրոյկան» և «գլաստնոստը»: Ապա Ռեյգանն ասել է, որ եթե Գորբաչովն իսկապես խաղաղություն է ուզում, ազատականացում և բարգավաճում Խորհրդային Միության և արևելյան Եվրոպայի համար, ուրեմն պետք է վերացնի պատը:

«Քանդեք այս պատը, պարոն Գորբաչով»,- բացականչել է Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

Հիշեցնելով 1987 թվականի հունիսի 12-ի Ռեյգանի այդ պատմական ելույթի մասին` Վլադիմիր Զելենսկին դիմել է անձամբ կանցլեր Օլաֆ Շոլցին:

«Ձեզ եմ խնդրում, սիրելի պարոն կանցլեր Շոլց, քանդեք այս պատը, տվեք Գերմանիային լիդերի այն դերը, որին արժանի է ձեր երկիրը, և ձեր ժառանգները կհպարտանան ձեզնով, աջակցեք Ուկրաինայի ազատությանը, վերջ տվեք այս պատերազմին, օգնեք մեզ դադարեցնել այս պատերազմը, կեցցե՛ Ուկրաինան»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Առաջին օրվանից պատերազմը չընթացավ ռուս գեներալների ծրագրով

Ուկրաինան, իհարկե, ծանրագույն վիճակում է, Արևմուտքը չի ցանկանում այդ երկրի օդային տարածքը փակել, քանի որ առնվազն տեսականորեն դա կարող է հանգեցնել ջերմամիջուկային պատերազմի, որով մարդկային ռասայի պատմությունը, հավանաբար, կավարտվի:

Սակայն Արևմուտքը զենք ու զինամթերք է ուղարկում Ուկրաինա, և պատերազմը շարունակվում է:

Մինչդեռ, Ռուսաստանի վիճակն էլ նախանձելի չէ: Մարդիկ սատարում են Պուտինին, հպարտանում են, պարտավորվում են մինչև վերջ կռվել նենգ Արևմուտքի դեմ: Բայց կռիվ նշանակում է կորուստներ: Առաջին օրվանից այս պատերազմը չընթացավ ռուս գեներալների կազմած ծրագրով:

1945 թվականին ամերիկացիները Խաղաղ օվկիանոսում ճապոնացիների դեմ 36 օր կատաղի մարտեր են մղել, 7 հազար զոհ են տվել և վերջապես գրավել են Իվոձիմայ կղզին:

Ռուսական բանակի մարտունակությունը կասկածի տակ է

Այսօր Ուկրաինայի վրա ռուսների հարձակման 22-րդ օրն է, ըստ ամերիկյան հետախուզության, ռուսներն արդեն կորցրել են ավելի քան 7 հազար զինծառայող:

Դա գերազանցում է Աֆղանստանում և Իրաքում 20 տարի տևած երկու պատերազմներում ամերիկացիների զոհերի ընդհանուր թիվը:

Ռուսական ուժերի, այդ թվում` հետևակի և տանկային միավորումների, մարտական արդյունավետությունը հարցականի տակ է հայտնվել, նկատելի է նաև մարտական ոգու անկումը:

Պենտագոնի փորձագետների փոխանցմամբ, եթե մեկ ստորաբաժանում ունի 10 տոկոսի կորուստ՝ զոհեր և վիրավորներ, ապա մարտական առաջադրանք չի կարող կատարել:

Ռուսներն Ուկրաինայում ունեն մոտ 150 հազար զինծառայող, եթե կորցրել են մոտ 7 հազար մարդ և ունեն 14-ից 20 հազար վիրավոր, ապա դա անցնում է վերը նշված 10 տոկոսը:

Հետևաբար, հրապարակված մարտական առաջադրանքները կատարելու համար Կրեմլը ստիպված կլինի ուրիշ շրջաններից զորամիավորումներ ուղարկել Ուկրաինա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG