Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պարտիզանական պատերազմ է սկսվել ռուսաստանցի զավթիչների դեմ. Ավտոնոմով  


Ռուսաստանի բռնազավթած որոշ տարածքներում պարտիզանական պատերազմ է սկսվել զավթիչների դեմ, հայտարարում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Այսօր 22-րդ օրն է, ինչ Կրեմլը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ՝ պատճառաբանելով, թե նպատակ ունի «նացիստներից մաքրել» ու «ապառազմականացնել» Ռուսաստանից հետո Եվրոպայում մեծությամբ երկրորդ և ավելի քան 44 միլիոն բնակչություն ունեցող երկիրը։

«Ուկրաինան. երեք ու կես միլիոն փախստականներ կան։ Այս ֆոնին բոլոր նրանք, ովքեր չեն մեկնել երկրից, պատրաստվում են և այսօր համատարած դիմադրություն են ցույց տալիս թշնամուն։ Չերնիհիվի մարզում՝ բռնազավթված տարածքում, արդեն իսկ պարտիզանական շարժում է ծավալվել։ Նրանք հանգիստ չեն մնալու։ Մի բան է զբաղեցնել տարածքը, այլ բան՝ պահել այն և հնազանդեցնել բնակչությանը։ Դա այլ պատերազմ է», - ասաց նա։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ուկրաինացի դիվանագետը նշեց՝ ռուսական զինուժի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքին հարվածելուց հետո գրեթե մեկ օր է անցել, սակայն հնարավոր չէ ո՛չ փրկարարական աշխատանքներ սկսել այնտեղ, ո՛չ հաշվել զոհերի, վիրավորների թիվը, քանի որ քաղաքը շրջապատված է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։

Ավտոնոմովը ընդգծեց՝ թատրոնի շենքում ապաստան էին գտել մինչև հազար քաղաքացիական անձինք՝ հիմնականում կանայք ու երեխաներ, այս ամենի ֆոնին կոչ անելով գնահատական տալ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, թե «հատուկ գործողությունը ընթանում է ըստ ծրագրի»։

Ըստ ուկրաինացի դիվանագետի` այսօրվա դրությամբ ռուսական ռազմուժի կորուստները Ուկրաինայում կազմել են շուրջ 14 հազար հոգի, մոտ հազարը գերի են ընկել, խոցվել է ռուսական 430 տանկ, 80 ռազմական ինքնաթիռ։ Ուկրաինական ռազմուժի կորուստների թիվը մոտ 1300 է, զոհվել են մի քանի հարյուր քաղաքացիական անձինք, ներառյալ՝ ավելի քան հարյուր երեխա։

Ռուսական կողմը ավելի քան երկու շաբաթ է` հրաժարվում է հրապարակել իր կամ ուկրաինական կողմի կորուստների թիվը։ Երեք շաբաթից ավելի է, ինչ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, սակայն պաշտոնական Մոսկվան սեփական կորուստների մասին մի հրապարակում է արել՝ մարտի 2-ին, թե ռուսական բանակը տվել է 498 զոհ, 1597 վիրավոր։ Մեկ օր անց Ռուսաստանը հայտարարեց, որ ուկրաինական զինուժը 2870 սպանված, շուրջ 3700 վիրավոր է տվել։

Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս թվերի իսկությունը։

«Փաստորեն, 10 օր է` ռուսական զորքերի առաջընթաց չկա՝ բացառությամբ Ուկրաինայի հարավի, ուր բռնազավթվել է Խերսոնի մարզը։ Նրանք խրվել են։ Ուկրաինայի զինուժը և տարածքային ինքնապաշտպանության ուժերը պաշտպանում են Չերնիհիվը, Խարկովը, Սումին։ Ռուսական տանկերը այրվում են Կիևի կենտրոնից 20 կիոլմետր հեռավորության վրա», - նշեց Դենիս Ավտոնոմովը:

Նրա գնահատմամբ` հաշվի առնելով ռուսական և ուկրաինական ուժերի հարաբերակցությունը և Կիևի մեծությունը, ուր՝ հարակից փոքր բնակավայրերի բնակչության հետ միասին մարդկանց քանակը հասնում է մինչև 10 միլիոնի, ռուսական զորքերը չեն կարողանա գրավել Ուկրաինայի մայրաքաղաքը. «Դիմադրությունը կշարունակվի, քանի դեռ ագրեսիան կա»,- ընդգծեց դիվանագետը։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ներկայացմամբ` Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են՝ նախևառաջ նպատակ ունենալով դադարեցնել արյունահեղությունը։ Ներկայացրեց պաշտոնական Կիևի բանակցային մոտեցումները՝ կրակի դադարեցում, ռուսական զորքերի դուրսրբերում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում։ Հետո կարելի է բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք չեն լինի ո՛չ ավստրիական, ո՛չ շվեդական մոդելի, այլ կլինեն ուկրաինական։ Ավտոնոմովը չբարզաբանեց, թե ինչ է ենթադրում չեզոք կարգավիճակի ուկրաինական տարբերակը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG