Մատչելիության հղումներ

Հայաստանը վերջին չորս տարիներին սպառազինություն է ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից, Ադրբեջանն՝ Իսրայելից․ զեկույց


Հայաստանի Զինված ուժերի «Տոչկա-Ու» հրթիռային համալիր, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի «Տոչկա-Ու» հրթիռային համալիր, արխիվ

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած չորս տարիներին Հայաստանը սպառազինություն է ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն՝ Իսրայելից»։ Սա են վկայում աշխարհում սպառազինության վաճառքի ընդհանուր միտումները վերլուծող ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) կողմից նախօրեին հրապարակված զեկույցի տվյալները։

Դրանց համաձայն, 2016-ից 2020 թվականներին Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինության 94 տոկոսը ռուսաստանյան արտադրության է եղել։

«Հայաստանը Ռուսաստանից հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգեր, մարտական ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ և հրետանային համակարգեր է ձեռք բերել», - նշում են SIPRI-ի մասնագետները։

Զեկույցի հեղինակների հաշվարկով՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը միջազգային շուկայում Հայաստանից շուրջ երկուսուկես անգամ ավելի շատ սպառազինություն է ձեռք բերել։ Դրա 69 տոկոսը, փորձագետների հաշվարկով, իսրայելական, իսկ 17 տոկոսը ռուսական ծագում է ունեցել։

«Ադրբեջանը Իսրայելից հիմնականում հետևյալ զինատեսակներն էր ձեռք բերում՝ անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզական և հարվածային, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ», - նշում են Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի մասնագետները։

«Ռուսաստանից Ադրբեջանը հիմնականում զրահատեխնիկա և հրետանային համակարգեր է ձեռք բերել», - հավելում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2016-2020 թվականներին իրականացված զենքի ձեռքերումները չեն գերազանցել սպառազինության համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալի մեկ տոկոսը։

«Ադրբեջանի համամասնությունն այդ մեկ տոկոսում, սակայն, ավելի զգալի էր՝ 0,7 տոկոս Հայաստանի՝ 0,3 տոկոսի դիմաց», - արձանագրում են զեկույցի հեղինակները՝ հատուկ ընդգծելով, որ 2016-2020 թվականներին ձեռք բերված զենքերից շատերը առանցքային դերակատարություն ունեցան անցած տարվա հայ-ադրբեջանական 44- օրյա պատերազմի ընթացքում։

Ինչ վերաբերում է սպառազինության համաշխարհային շուկայի ընդհանուր վիճակին, ապա այն 2020 թվականին որոշակիորեն կայունացել է։ Սովորական սպառազինությունների մատակարարումների 2016 թվականից նկատվող շարունակական աճը նախորդ տարի կանգ առավ՝ վերադառնալով 2011-ից 2015 թվականների մակարդակին, պնդում են ստոկհոլմյան ինստիտուտի մասնագետները։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ սպառազինության համաշխարհային շուկայի հինգ առաջատար մասնակիցներից երկուսը՝ Ռուսաստանը և Չինաստանը, 2020-ին կրճատել էին մատակարարումների ծավալը։ Զարգացած ռազմական արդյունաբերություն ունեցող մյուս երեք պետությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Գերմանիան կարողացել էին մեծացնել սպառազինության մատակարարումների ծավալը՝ նախևառաջ Մերձավոր Արևելքի պետություններից ստացված պատվերների հաշվին, նշում են զեկույցի հեղինակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG