Մատչելիության հղումներ

Այսօր կշարունակվեն ռուս-ուկրաինական բանակցությունները


Բելառուս - Ռուս - ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, Բելովեժյան թավուտ, 7-ը մարտի, 2022թ․
Բելառուս - Ռուս - ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, Բելովեժյան թավուտ, 7-ը մարտի, 2022թ․

Ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր շարունակվելու են։ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները մշտապես ընթանում են տեսակոնֆերանսների ձևաչափով։ Կողմերը նախնական արդյունքները կամփոփեն այսօրվա նիստում, Թվիթերում երեկ գրել է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, թե Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են զրուցել։ Պոդոլյակն էլ, իր հերթին, ասել էր, որ Մոսկվան սկսել է ավելի ադեկվատ նայել հակամարտությանը։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ասել էր, թե բանակցություններում որոշ դրական տեղաշարժ կա։

Պուտինն Ուկրաինայում ռազմական գործողության մասին հայտարարել էր փետրվարի 24-ին։ Զելենսկին հաջորդ օրը հորդորել էր Պուտինին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուսաստանը համաձայնել էր պատվիրակություն ուղարկել մշակույթի նախկին նախարար և նախագահի օգնական Վլադիմիր Մեդենսկու գլխավորությամբ։ Կողմերն արդեն երեք բանակցություններ են անցկացրել՝ փետրվարի 28-ին, մարտի 3-ին և մարտի 7-ին։ Երկրորդ հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են մարդասիրական միջանցքներ բացել։

Այս օրերին բանակցություններն ընթանում են տեսակոնֆերանսի միջոցով։ Բացի այդ, մարտի 10-ին Թուրքիայում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան։ Նրանց բանակցությունները, սակայն, ապարդյուն են ավարտվել։

Ինչպես հայտնել են տարբեր աղբյուրներ, Լավրովի և Կուլեբայի հանդիպումից հետո Մոսկվան չի փոխել իր պահանջները ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր և շարունակում է Կիևից պահանջել՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը և Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Բացի այդ, Մոսկվան շարունակում է պնդել, թե Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

Մոսկվայի այս վերջին պահանջի հետ, ուկրաինական կողմի պնդմամբ, Կիևը պատրաստ է համաձայնել, մնացածի հետ՝ ոչ։ Ամեն դեպքում, բանակցություններում առկա է որոշ տեղաշարժ, կա նույնիսկ համաձայնագրի նախագիծ, ինչի մասին «Ազատության» Current time ծրագրին կիրակի օրն ասել էր Պոդոլյակը․ - «Նախագծեր իհարկե կան, ռուսական պատվիրակությունը սկզբում վերջնագրի լեզվով էր խոսում, սակայն վերջնագիրն անմիջապես մերժվել է, դրան այլևս ոչ ոք չի վերադարձել։ Մեր բանակցությունները բավականին կառուցողական են»։

Բանակցություններին զուգահեռ Ուկրաինայում թեժ մարտերը շարունակվում են, ամեն օր մարդիկ են զոհվում, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մարտի 12-ին հայտնել էր, թե ուկրաինական պատերազմի ընթացքում 579 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ 42 երեխա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG