Մատչելիության հղումներ

Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. կողմերը համաձայնության են եկել շարունակել դրանք


Այսօր կեսօրին մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությունները ավարտվել են: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

Ռուս-ուկրաինական երկար սպասված բանակցություններն անցել են Ուկրաինայի և Բելառուսի սահմանի մոտ՝ բելառուսական Գոմել քաղաքում:

Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել դրանք առաջիկա օրերին շարունակելու հարցում:

Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակին, հայտնել է, որ «կողմերը գնում են մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ ասված է, որ բանակցությունների առանցքային հարցը հրադադարն է ու ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից:

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ասել է, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։

Ռուսական պատվիրակությունը երեկվանից էր սպասել է Ուկրաինայի պատվիրակությանը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր նույնիսկ իր խոսքով ցավում էր, որ բանակցությունները ուկրաինական կողմի պատճառով ուշ են սկսվել։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե կապահովի ուկրաինական պատվիրակության անդամների անվտանգությունը:

Ուկրաինայի պատվիրակության կազմում է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Անդամներից մեկը՝ «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե բանակցությունները Ուկրաինայի համար կա՛մ ճիշտ ուղղությամբ են գնալու, կա՛մ կավարտվեն ապարդյուն:

«Մենք պետք է լսենք նրանց և հանգիստ կշռադատենք բոլոր առաջարկները ու դրանց ազդեցությունը երկրի ու քաղաքացիների շահերի վրա», - գրել է պատգամավորը:

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պատգամավոր Լեոնիդ Սլուցկին և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Ըստ քաղաքագետի, բանակցությունները արդյունք չեն տա

Քաղաքագետ Լեոնիդ Գոզմանը համոզված է, որ բանակցությունները արդյունք չեն տա:

«Մեդինսկին՝ որպես պատվիրակության ղեկավար նշանակում է, որ նրանք ուզում են շարունակել իրենց բլա-բլան այն մասին, որ Լենինն է ստեղծել Ուկրաինան, որ ուկրաինացիները մեծ հանցագործություն են գործել և ապամոնտաժել Սուվորովի արձանը, ու մենք դրա պատճառով պատերազմ ենք սկսել Ուկրաինայի դեմ», - նշել է քաղաքագետը:

Գոզմանը, սակայն, համարում է, որ ամեն դեպքում ուկրաինական կողմը ճիշտ է անում, որ բանակցում է, քանի որ եթե կա նույնիսկ չնչին շանս, որ բանակցությունները կարող են կանգնեցնել արյունահեղությունը, այդ շանսից պետք է օգտվել:

Երկար սպասված բանակցություններն անցնում էին ռազմական գործողությունների ֆոնին: Այսպիսով ռուսական կողմը փորձում է ճնշում գործադրել բանակցությունների վրա, սակայն ռազմական գործողությունների ընթացքը, վերլուծաբաններից շատերի կարծիքով, Մոսկվայի օգտին չեն ու թելադրողի դերում այս իրավիճակում ու միջազգային աննախադեպ ճնշման պայմաններում Մոսկվան չի կարող հանդես գալ:

Մեդինսկին, ամեն դեպքում, ակնկալում է ինչ- որ համաձայնության հասնել: «Մենք, անշուշտ, շահագրգռված ենք հնարավորինս արագ հասնել ինչ-որ պայմանավորվածությունների, որոնք, իհարկե, պետք է բխեն երկու կողմերի շահերից», - նշել նա։

Ընդորում՝ ռուսական պահանջներն, այդուամենայնիվ, հստակ չեն նշվում: Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողության նպատակն էր անվանել Ուկրաինայի «ապանացիստականացում» և «ապառազմականացում», սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Ավելի վաղ բոլոր լրատվամիջոցներն այսօր հայտնել են, թե այդ բանակցություններին, ուկրաինական կողմի խնդրանքով, մասնակցել է ռուսաստանցի միլիարդատեր անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբ սեփականատեր Ռոման Աբրամովիչը, ով նաև համարվում է Պուտինի մտերիմ գործարարներից։

Տեղեկությունը հաստատել է Աբրամովիչի մամուլի քարտուղարը, նշելով, թե ուկրաինական կողմը կապվել է Աբարմովիչի հետ և վերջինս ընդունել է բանակցություններին օգնելու Կիևի խնդրանքը։ Ինչպե՞ս է օգնել, ի՞նչ լիազորություններ ունի Աբրամովիչը բանակցություններին, նույնպես հայտնի չէ։ Մոսկվան ու Կիևը չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

XS
SM
MD
LG