Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը Անթալիայում է՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թուրքիա, Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին, հայտնում է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, ավելացնելով, որ տեղի կունենան մի շարք հանդիպումներ նաև գործընկերների հետ, թե ում հետ, սակյան, առայժմ չեն հայտնում, չի նշվում նաև, թե հյուրընկալող երկրի՝ Թուրքիայի ինչ պաշտոնյաների հետ է Միրզոյանը հանդիպելու։

Անկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը։ «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը», - նշել էր Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը։

Ֆորումն այս տարի անցկացվում է մարտի 11-ից 13-ը, դրան մասնակցում են մի շարք երկրների արտգործնախարարներ, այդ թվում՝ Լիբանանի, Բանգլադեշի, Ուզբեկստանի և Սոմալիի, ինչպես նաև տասնյակ քաղաքագետներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Պանելների մասնակիցների շարքում Միրզոյանի անունը սակայն նշված չէ։

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Հայաստանից ֆորումին մասնակցում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, ում հետ առայժմ կապ հաստատել և զրուցել չի հաջողվել, նրա ելույթը նախատեսված է շաբաթ օրը։

Հայաստանում քաղաքագետները նշում են, որ պետք չէ մեծ սպասումներ ունենալ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցությունից։

«Մեծ ակնկալիքներ ունենալ դեռևս պետք չէ, բայց սա այն դեպքերից է, որ գործընթացն է անչափ կարևոր։ Էս պահի դրությամբ միակ առկա իրատեսական գործիքն է՝ սահմանափակելու համար այն ահռելի ազդեցությունը, որը Ռուսաստանը ձեռք է բերել Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո։ Ազդեցություն, որը որ հղի է միջնաժամկետ կտրվածքով անգամ մեր պետականության կորստով», - ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Քոչինյանի կարծիքով՝ Հայաստանն այլընտրանք չունի և ի վերջո պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ․ - «Քաղաքական իշխանությունը պետք է պատմական քաղաքական պատասխանատվություն վերցնի վճռականորեն կարգավորի էդ հարաբերությունները»։

Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնում է Թուրքիա: Նախորդ բարձաստիճան պաշտոնյան, որ եղել էր Թուրքիայում, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։

Միրզոյանի հետ Անթալիա չի մեկնել Հայ-թուրքական հարբերությունները կարգավորելու նպատակով հատուկ բանագնաց նշանակված Ռուբեն Ռուբինյանը։ Նա իր թուրք գործընկեր Սերդար Քըլըչի հետ մինչ օրս հասցրել է հանդիպել 2 անգամ։ Բանագնացների վերջին հանդիպումը անցյալ ամիս էր Վիեննայում, որից հետո կողմերը սակավախոս էին ձեռք բերված պայմանվորվածություննեի վերաբերյալ, 2 երկրների արտգործնախարարությունները միայն հայտնեցին, որ կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG