Մատչելիության հղումներ

Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները


Արձանագրությունները ստորագրվեցին
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00
Ուղիղ հղում


Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում շաբաթ երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:

Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձեւակերպումների հետ:

Շատ ածականներ ու տերմիններ կարելի է օգտագործել հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման իրադարձությունը բնութագրելու համար, բայց ամենաընդունվածը եւ ամենաշատ օգտագործվածը թերեւս «դրամատիկ» բառն է:

Աշխարհի զորեղ պետությունների ղեկավարները ժամեր շարունակ համոզում էին կողմերին կատարել այն, ինչն արդեն համաձայնեցված էր, այն, ինչի համար նրանք հազարավոր կիլոմետրեր էին կտրել ու հասել Ցյուրիխ:

Հոկտեմբերի 10-ին Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն պիտի սկսեին ստորագրել հայ - թուրքական արձանագրությունները:

Ցյուրիխի համալսարանի «Աուլա» սրահում Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության դրոշներն էին, ժամանել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով կհասնի, բայց շուտով ստացվեց շտապ հաղորդագրություն, որ նա չի գալու ստորագրման արարողությանը. ճանապարհին պետքարտուղարը տեղեկություն էր ստացել, որ Էդվարդ Նալբանդյանը առարկում է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որտեղ, հավանաբար, անընդունելի մեկնաբանություններ կային Հայաստանի համար: Այդպես էլ պարզ չդարձավ, թե հատկապես ինչի վերաբերյալ է եղել առարկությունը. թե' Հիլարի Քլինթոնը եւ թե' Շվեյցարիայի արտգործնախարարությունը հրաժարվեցին մանրամասնել:

Հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում Ցյուրիխ եկած ամերիկացի լրագրողները: «Վաշինգտոն փոստ»-ի թղթակիցը, օրինակ, հաղորդում է. - «Քլինթոնը վերադառնում է իր հյուրանոց, բայց չի իջնում մեքենայից եւ միաժամանակ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ: Դավութօղլուն արդեն համալսարանում էր, իսկ Նալբանդյանը հրաժարվում էր գնալ: Ի վերջո, Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին հրավիրում է իր հյուրանոց, որտեղից առաջարկում է միասին գնալ համալսարան»:

Մինչ այդ Ցյուրիխի համալսարանում Սերգեյ Լավրովը, Խավիեր Սոլանան եւ Բեռնար Կուշները միասին դիտում էին Ռուսաստան - Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը:

Երբ Ժամանեցին Քլինթոնն ու Նալբանդյանը, բանակցությունները վերսկսվեցին ավելի ընդարձակ կազմով: Ի վերջո, դիվանագիտական լուրջ աշխատանքներից հետո կողմերը համաձայնեցին ստորագրել փաստաթղթերը` պայմանով, որ հայտարարություններ չպետք է լինեն:

Ստորագրման արարողությունը բացեց Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը:

Արարողությանը ներկա էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, Սամուել Ժբոգարը, Խավիեր Սոլանան:

Արարողությանը որեւէ հայտարարություն չհետեւեց:

Արձանագրությունները ներկայացվելու են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

Նախորդ երկու օրերի ընթացքում արեւմտյան, ռուսական, տարածաշրջանային ու ընդհանրապես համաշխարհային մամուլը այս արձանագրությունների ստորագրման արարողությունը լուսաբանում էին իբրեւ կարեւորագույն իրադարձություն: Լրատվամիջոցները գլխավորապես նկատում էին, որ միայն Հիլարի Քլինթոնի միջամտությունը կանխեց ստորագրման արարողության տապալումը: ԱՄՆ-ի պետքարտուղարը 29 անգամ զանգահարել է Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաներին, մինչդեռ Ցյուրիխ գալու որոշումը նա կայացրել էր միայն անցած հինգշաբթի:

Այդուհանդերձ, այս դրամատիկ պահերը վկայում են, թե որքան կասկածանք ու անվստահություն կա կողմերի միջեւ, որ նրանք դեռ հեռու են վերջնական հաշտեցումից:

Հորդորելով կողմերին ավելի ընդգրկուն պատկերով դիտարկել այս գործընթացը` Քլինթոնն ասել է մասնակիցներին, որ «սա չափազանց կարեւոր է, դուք արդեն շատ հեռուն եք գնացել, արձանագրությունների մեջ ներդրված Ձեր աշխատանքից չի կարելի հրաժարվել»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է. - «Մենք անկեղծորեն ուրախ ենք, Հայաստանն ու Թուրքիան Ռուսաստանի բարեկամ երկրներ են: Մոսկվան պատրաստ է աջակցել այս գործընթացին զանազան տնտեսական ծրագրերով, ռուս երկաթուղայինները պատրաստ են ապահովել հայ - թուրքական երկաթուղու անխափան աշխատանքը»:

«Շվեյցարիան պատրաստ է շարունակել միջնորդական աշխատանքը», - նշեց Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակ Լարս Կնուխոն: - «Շվեյցարացիները ուրախ են, որ իրենց այսպես կոչված լուռ, թավշյա դիվանագիտության աշխատանքը պսակվեց հաջողությամբ»:





Հրայր Թամրազյան, Ցյուրիխից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG