Մատչելիության հղումներ

Հանրապետության նախագահի լիազորությունները բավական են, որպեսզի ինքը լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ. ՀՀ նախագահի թեկնածու


ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյան
ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյան

Ի տարբերություն Արմեն Սարգսյանի, ով գրեթե 4 տարի պաշտոնավարեց, իսկ հրաժարական տալիս հայտարարեց, որ չունի «անհրաժեշտ գործիքներ՝ ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա», Խաչատրյանը հաշտ է նախագահի սահմանադրական լիազորությունների հետ։

Ընդդիմադիր երկու խմբակցությունների բոյկոտի պայմաններում ԱԺ-ը քննարկեց Հանրապետության 5-րդ նախագահի ընտրության հարցը։ Քվեարկություն էլ եղավ, բայց իշխանությունը նախընտրեց արդյունքները այսօր չհրապարակել՝ թերևս հաշվի առնելով հանգամանքը, որ ՔՊ-ի ձայներով իշխող ուժի առաջադրած թեկնածուն չէր կարող նախագահ ընտրվել։ Կլինի երկրորդ փուլ։

62-ամյա Վահագն Խաչատրյանը քաղաքական թիմի անդամ է, Նիկոլ Փաշինյանի կաբինետում անցած տարվա օգոստոսից զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ 90-ականներին՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, եղել է Երևանի քաղաքապետ, ԱԺ-ի պատգամավոր։ 2000-ականների սկզբից քաղաքացիական ու քաղաքական գործունեություն է ծավալել, լինելով նաև առաջին նախագահի ղեկավարած ՀԱԿ անդամ։ Միակ թեկնածուն զգացված էր, որ արժանացել է այդ պատվին։

Ելույթը իշխող ուժին շնորհակալություններով սկսեց. - «Իմ տարիքը միգուցե այնպիսին էր, որ ես այսպիսի հուզումնալից պահեր պետք է չապրեի»։

Ի տարբերություն Արմեն Սարգսյանի, ով գրեթե 4 տարի պաշտոնավարեց, իսկ հրաժարական տալիս հայտարարեց, որ չունի «անհրաժեշտ գործիքներ՝ ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա», Խաչատրյանը հաշտ է նախագահի սահմանադրական լիազորությունների հետ, անգամ կարծում է, որ դրանք բավարար են նախագահի ինստիտուտի կայացման համար. - «Երբ որ հարցը լուծված է, պետք է ուղղակի կատարեք էդ պարտականությունները։ Հանրապետության նախագահի դերը այս Սահմանադրության շրջանակներում, լիազորությունները բավականին են, որպեսզի ինքը լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»։

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության հետ։

Նախագահի անելիքների մասին իր պատկերացումները ներկայացնելիս թեկնածուն հայտարարեց՝ նախագահը պետք է դառնա կառավարության ծրագրային դիրքորոշումների իրականացման անմիջական մասնակիցը։ Ընտրվելու դեպքում, ասաց, կաջակցի իշխանության հայտարարած խաղաղության օրակարգին. - «Մենք ունենք հարևաններ և հարևանների հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել»։

Դրական, ուղղակի անհրաժեշտ համարելով 2018-ի թավշյա հեղափոխությունը՝ Խաչատրյանը հարկ համարեց գնահատական տալ նախկին կառավարիչներին. - «Խոսքը վերաբերում է նախկին երեսուն տարիներին և հատկապես վերջին քսան տարիներին։ Դրանք յուրահատուկ դաս են բոլորիս համար, թե ինչպես պետք չի երկիրը կառավարել։ Ամենամեծ խնդիրը, որ թավշյա հեղափոխությունից հետո ունեցել է և' Ազգային ժողովը՝ դուք և նախկինը, և' կառավարությունը՝ այսօրվա և նախկինը, կայացել է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտները ավերված են եղել։ Շատ մտածված է եղել»։

Առաջնային համարեց երկրի անվտանգության խնդիրը։ Կարծիք հայտնեց, թե Հանրապետության նախագահի առաքելություններից է նաև համերաշխության ապահովումը։

Քննարկումներին չմասնակցող ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում է, թե Խաչատրչյանը լինելու է մեկ՝ իշխող ուժի նախագահը։

ՔՊ-ից Արսեն Թորոսյանը ցանկացավ, որ Վահագն Խաչատրյանը պարզաբանի. - «Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների»։

«Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը։ Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը», - ի պատասխան ասաց Վահագն Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորները դահլիճը լքեցին քննարկման հենց սկզբում՝ բոյկոտի պատճառները ներկայացնելով արդեն նիստերի դահլիճից դուրս։

Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, գործընթացը լեգիտիմացնելու ցանկություն չեն ունեցել. - «Ընդդիմության մասնակցությունը լեգիտիմացնելու է հերթական այն քայլը, որ պետության գլուխը լինելու է ինչպես Ազգային ժողովն է գործադիրի կցորդը, այնպես էլ Հանրապետության նախագահն է լինելու այսօրվա գործադիրի կցորդը»։

Իր փաստարկը ներկայացրեց նաև Հայկ Մամիջանյանը («Պատիվ ունեմ»). - «Պարոն Խաչատրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է՝ ես այս քաղաքական թիմի անդամ եմ։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ-հակակշռումներ, էս ամեն ինչը մոռացվում է էդ նախադասությունից հետո»։

Ընդդիմադիրները չբացառեցին Հանրապետության նախագահի հետ ինչ-ինչ իրավիճակներում աշխատանքը։ Խաչատրյանն էլ ասում էր՝ կփորձի քաղաքական երկխոսության համար հարթակ դառնալ, պատրաստ է նրանց հետ հանդիպել։ Ընտրությունից առաջ սակայն Խաչատրյանը ընդդիմադիրների հետ հանդիպում չնախաձեռնեց։

Իշխանությանը հետաքրքիր էր Խաչատրյանի տեսակետը ընդդիմության բացակայության վերաբերյալ։ Խաչատրյանը կիսեց իշխանականների տեսակետը, թե գործընթացը ոչ լեգիտիմ դարձնել ընդդիմությանը չհաջողվեց. - «Իրենց պահվածքն էլ եմ գնահատում։ Քաղաքական դիրքորոշում է։ Իրենց այս քայլով միգուցե փորձ է իշխանության ոչ լեգիտիմացնելու խնդիր դնել։ Բայց մի կարևոր հանգամանք կա. ի վերջո, այստեղ նստածներին՝ Ազգային ժողովին ընտրել է ժողովուրդը»։

Իշխանությունը Խաչատրյանից ավելին է ակնկալում, ինչպես Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ նրա նախագահության կարևորագույն խնդիրներից է լինելու ընդդիմությանը կառուցողական դաշտ բերելը, հանրության մեջ միասնություն հաստատելը. - «Ո՞րն է իմաստը այս դատարկության՝ բառիս ֆիզիկական և բովանդակային իմաստներով։ Իսկ իմաստը, ըստ իս, հետևյալն է. մեր ընդդիմադիր գործընկերները ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու»։

ՔՊ-ն հայտարարել է, որ Խաչատրյանին միաձայն կընտրեն, բայց հաշվի առնելով ընդդիմության չմասնակցությունը, թեկնածուն առաջին փուլով նախագահ չէր կարող ընտրվել։ Առնվազն 81 ձայն է պետք, իշխող «Քաղաքացիական պայմանագրում» 71 պատգամավոր կա։

Արդյունքները վաղը կհայտարարվեն ու կսկսի ընտրության երկրորդ փուլը, որի ընթացքում Վահագն Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ, կընտրվի նախագահի պաշտոնում։ Այս դեպքում պետք է է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG