Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը երեկոյան կժամանի բանակցությունների, Կիևը դեռ չի հաստատել իր մասնակցությունը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տալիս Reuters-ին, Կիև, 1-ը մարտի, 2022թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տալիս Reuters-ին, Կիև, 1-ը մարտի, 2022թ․

Ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայր կժամանի չորեքշաբթի օրը երեկոյան ժամերին և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր օրվա երկրորդ կեսին, երեկոյան կողմ, մեր պատվիրակությունը կլինի տեղում: [Կսպասեն] ուկրաինացի բանակցողներին: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան», - ասել է Պեսկովը:

Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նախապես չի ասի։

Պաշտոնական Կիևն առայժմ չի հաստատել իր մասնակցությունը բանակցությունների երկրորդ փուլին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ բանակցություններից առաջ Ռուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները։ Այդ հայտարարությունը նա արել է CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել Կիևի բունկերում, որտեղից Զելենսկին ղեկավարում է երկրի զինված ուժերը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցություններում զգալի առաջընթաց չի լինի, քանի դեռ ռուսական ռազմական ուժերը հարվածներ են հասցնում ուկրաինական քաղաքներին․ - «Անհրաժեշտ է գոնե դադարեցնել մարդկանց ռմբակոծումը, պարզապես դադարեցնել ռմբակոծությունները, այնուհետև նստել բանակցությունների սեղանի շուրջ»։

Զելենսկին նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին ուկրաինական տարածքի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել՝ ռուսական օդուժի գործողությունները կասեցնելու համար։ Նրա խոսքով՝ դա կլինի կանխարգելիչ միջոց, որը չի ենթադրում ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ։

Հարցազրույցի ժամանակ հայտնի է դարձել ռուսական զորքերի կողմից Կիևի հեռուստաաշտարակի վրա երկու հրթիռային հարձակումների մասին։ Քաղաքի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ:

Մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է անվտանգության և մարդասիրական օգնության հարցերը։ Բայդենը նշել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն արդեն կործանարար ազդեցություն են ունենում։

Պատերազմի յոթերորդ օրը Կիևը դիմավորում է վատթարագույնին պատրաստության վիճակում. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի օբյեկտներին «ճշգրիտ հարվածներ» հասցնելու պլանների մասին:

Կիևի հյուսիսային մատույցներում ռուսական զրահատեխնիկայի մեծ կենտրոնացման մասին հաղորդագրություններ են ստացվել, և ռուսական հրամանատարությունը հայտնել է, որ քաղաքացիական անձինք կարող են լքել քաղաքը՝ հաղորդումներ, որոնք, ըստ դիտորդների, վկայում են հարձակման նախապատրաստության մասին:

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Բելառուսի Գոմելի մարզում, Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում: Ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մինչդեռ, հայտարարել էր, որ Մոսկվայի հետ բանակցություններում Կիևը չի ստացել ցանկալի արդյունք։

XS
SM
MD
LG