Մատչելիության հղումներ

Զելենսկին հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային


Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ իր երկրին։

«Խոսքը ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշելու մասին չէ։ Իրականում բոլորն էլ վաղուց արդեն ներքաշված են լայնածավալ պատերազմի մեջ, և ոչ թե Ուկրաինայի, այլ՝ Ռուսաստանի կողմից»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին՝ «Ռոյթերզին» տված բացառիկ հարցազրույցում։

Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեկնարկից հետո արևմտյան երկրները մեծածավալ զենք-զինամթերք են ուղարկել այդ երկիր և մինչ օրս չկիրառված պատժամիջոցներ սահմանել Պուտինի վարչակազմի դեմ։ Ուկրաինայի առաջնորդը, սակայն, պնդել է, որ դա բավարար չէ։

«Եթե մեր դաշնակիցները պատրաստ չեն Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ այն պատճառով, որ Ռուսաստանը դա չի ուզում, ապա պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն։ Դա նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները պետք է պաշտպանվեն, մենք հատուկ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ և լինենք լիակատար անվտանգ»,- ասել է Զելենսկին` շարունակելով. «Շատ կարևոր է իմանալ՝ եթե Ուկրաինան ընկնի, այդ բոլոր ռուսական զորքերը կլինեն Ձեր՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններին, և դուք կկանգնեք նույն խնդրի առաջ»։

Ուկրաինայի առաջնորդը նաև հորդորել է Արևմուտքին «ոչ թռիչքային գոտի» սահմանել, միաժամանակ նշել, որ ԱՄՆ նախագահն իրեն անձամբ է փոխանցել՝ առայժմ նման քայլի գնալու ժամանակը չէ։

XS
SM
MD
LG