Մատչելիության հղումներ

Ցավալի էր թատերական միավոր կորցնելը. Հակոբ Ղազանչյան


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյան
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյան

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը մինչև հիմա չի հասկանում, թե ինչու Պետական կամերային թատրոնը միավորեցին իր ղեկավարած թատրոնին։

Անցած տարի Հակոբ Պարոյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում յոթ նոր ներկայացում է բեմադրվել, ինչը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով, աննախադեպ երևույթ էր։

Այս տարեսկզբից ևս թատրոնը մեծ ծանրաբեռվածությամբ է աշխատում, և կրկին նախատեսված են մի շարք պրեմիերաներ մինչև ամառ։ Դրանցից մի քանիսը բեմադրում են երիտասարդ ռեժիսորներ։

Նոր ներկայացում է նախապատրաստում նաև Հակոբ Ղազանչյանը։ Նա կբեմադրի «Քաջ Նազար» մյուզիքլը, որի երաժշտությունը գրել է Մարտին Վարդազարյանը։

«Ազատության» հետ զրույցում Ղազանչյանը հիշեցրեց, որ անցյալ տարի կառավարության կողմից թատրոնին տրամադրվել է բավական մեծ գումար թատրոնի տեխնիկական վերազինման համար. - «Հիմա նախապատրաստվում է միջազգային տենդերը։ Մենք կարծում ենք, որ ամառվա ամիսներին այդ աշխատանքները կիրականանան։ Մեր թատրոնի տեխնիկան անցած դարի 60-ական թվականների տեխնիկան է։ Զարմանալի է, որ միշտ էս թատրոնը եղել է խորդ զավակի դերում, որովհետև թատրոններ կան, որ վերազինվեցին, թատրոններ կան երեք անգամ վերազինվեցին... Լավ արեցին, մենք չենք նախանձում, բայց նաև մենք միշտ էդ հարցը դրել ենք, որ ինչպե՞ս է, որ քաղաքի կենտրոնում գտնվող այս հրաշալի շենքը, որը կարող է նաև ծառայել բազմաթիվ հետաքրքիր հյուրախաղերի, համերգների և այլ միջոցառումների համար, ինչո՞ւ է այսպիսի հին տեխնիկայի պայմաններում տանում իր գործունեությունը»։

Իսկ արդյոք նոր տեխնիկական վերազինումը կնպաստի թատրոնի է'լ ավելի արդյունավետ գործունեությանը։ «Թատրոնը ինչպես աշխատել էր, այդպես էլ կաշխատի։ Այդ նոր տեխնիկան ուղղակի կհեշտացնի մեր գործը։ Բայց երբեք չի կարելի ներկայացման որակը գցել տեխնիկայի բացակայության վրա։ Դա պրոֆեսիոնալ չի։ Այսօր բեմադրություններ են անում նաև նկուղներում, բեմադրություններ են անում ավտոտնակներում, տանիքներում։ Էնպես որ, լավ ներկայացում անելու համար երբեք չի կարելի պատճառ բռնել, որ տեխնիկա չունենք։ Հիմա էլ փորձում ենք մակարդակը պահել։ Անցած տարվա ներկայացումներից, համենայն դեպս, ոչ մեկին պրետենզիա չեղավ, որ սա պրոֆեսիոնալ աշխատանք չի, ոչ մեկին պրետենզիա չեղավ, որ սա տապալում է։ Հակառակը, բոլորը խոսում էին այն մասին, որ թատրոնը պատշաճ կատարելի է իր պարտականությունները։ Հուսով ենք, որ այդպես էլ կշարունակվի այս տարի»։

Անցյալ տարի կրկին կառավարության որոշմամբ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին։ Հարցին, թե սկսվե՞լ է արդյոք այդ միավորման գործընթացը, և ինչպես են լուծել այդ աղմկահարույց խնդիրը, Հակոբ Ղազանչյանն արձագանքեց. - «Դա թատրոնի համար խնդիր չէր, դա խնդիր էր թատերական դաշտի համար, դա խնդիր էր մեր մշակութային դաշտի համար, խնդիր էր մեր հասարակության համար։ Խնդիրը թատերական միավորի լուծարումն էր, թատերական միավորի վերանալը։ Դա' էր խնդիրը։ Թե չէ... ինը դերասան մենք վերցրեցինք, տարբեր թատրոններ վերցրեցին դերասաններ, տեխաշխատողներ։ Այդ պրոցեսը, որ եկան մեր թատրոն, ինտեգրվեցին, արդեն ինտեգրվել են, մեր թատրոնում խաղում են տարբեր ներկայացումներում, դա ցավալի պրոցես չէր։ Ցավալի էր ընդհանուր թատերական միավոր կորցնելը։ Ու մինչև հիմա ես դա չեմ հասկանում։ Ու ես չեմ հավատում, որ այդ նվագախմբի, ի միջի այլոց՝ հրաշալի նվագախմբի խնդիրը այլ կերպ լուծել հնարավոր չէր»։

Իսկ առջևում՝ մարտի 27-ին մեր հանդիսատեսին սպասվում է Թատրոնի միջազգային օրը, որն ավանդաբար դարձել է նաև «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբախշության օրը։ Այս տարի մրցութային տարբեր անվանակարգերում ներկայացվել է 35 աշխատանք։ Մրցութային հանձնաժողովն արդեն սկսել է գործունեությունը։ Մրցանակաբախշությունը կրկին տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնում։

XS
SM
MD
LG