Մատչելիության հղումներ

Ես ուղղակի, որպես կոլեկտիվի պատասխանատու, հնչեցրել եմ, որ մեզ հարկավոր է տարածք. Սերգեյ Սմբատյան


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագխումբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագխումբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան

Հայտնի է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և արդեն իսկ կառավարության որոշմամբ մինչև տարեվերջ պետք է տեղի ունենա Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորման գործընթացը: Հայտնի է նաև, որ այդ միավորմանը դեմ էին երկու թատրոնների թե' ղեկավարները, թե' թատերախմբերը:

Բայց ԿԳՄՍ նախարարությունը միավորումը միանգամայն հիմնավոր է համարում՝ նշելով, որ երկու թատրոնները հիմնականում նույն գործառույթն ունեն և առավել արդյունավետ կաշխատեն, և հավաստիացնելով, որ թատրոնների ստեղծագործական անձնակազմերի հաստիքները կպահպանվեն:

Սիրահարների այգու տարածքում գտնվող թատրոնի շենքն ու տարածքը կօգտագործվի է'լ ավելի արդյունավետ՝ տրամադրվելով մեր լավագույն երաժշտախմբերից մեկին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը իր հիմնադրումից ի վեր մեծ արդյունքների է հասել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային երաժշտական ասպարեզում, բայց մինչև հիմա սեփական տարածք չունի, որը կկարողանար օգտագործել որպես փորձասենյակ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագխումբը մի շարք միջազգային երաժշտական փառատոներ է հիմնադրել և իրականացնում է անգամ համավարակային այս շրջանում։ Օրերս «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկից առաջ հրավիվրած ասուլիսի վերջում լրագրողներս հարցեր ուղղեցինք նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ ներկայացնելու նաև նրա կարծիքն այս խնդրի առնչությամբ:

Սերգեյ Սմբատյանը, իհարկե, շատ ուրախ է, որ երկար տարիների ընթացքում տարբեր երաժշտական հաստատություններում դեգերումներից հետո, կառավարության որոշմամբ իրենց վերջապես տարածք է տրամադրվում. - «Իսկապես որ, տասնվեց տարիների աշխատանքի արդյունքում այն համերգաշրջանները և աշխատանքը, որը որ կատարել ա սիմֆոնիկը, այն մեծածավալ պրոյեկտները, նախագծերը, որոնց մասին մենք միշտ խոսում ենք՝ բայց մոռանալով, որ սիմֆոնիկը այն մեծագույն կոլեկտիվներից ա, որը որ ներկայացնում ա Հայաստանը դրսում, չուներ տարածք, ինչը արտիստի կյանքում կարող է իսկապես անընդունելի թվալ։ Բայց մենք տասնվեց տարի հաղթահարում ենք այդ կենցաղային խնդիրը՝ չզիջելով արտիստիկ մեր ամբիցիաներին, կարևորելով այն փաստը, որ սիմֆոնիկը չի կարող չունենալ փորձատեղի։ Ժամանակն է, որ մենք ունենանք մեր տունը, որտեղ կարանանք փորձենք։ Ես չեմ կարող, որպես մեր կոլեկտիվի պատասխանատու և հիմնադիր, չլինեմ շնորհակալ»։

«Ազատության» հարցին, թե որքանով է հարմար այդ թատրոնի տարածքը նվագախմբի աշխատանքների համար, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց. - «Նվագախմվի աշխատանքի համար հարկավոր են այն պայմանները, որտեղ որ պետք է կարգավորեն ակուստիկ մասնագետները, և ընդհանրապես պետք է որ դա խոսալ վերանորոգման փուլում։ Ես քանի որ, ցավոք սրտի, դրանից լավ չեմ հասկանում, մեծ խնդրանք ունեմ, որ նվագախմբի շուրջ այն նեգատիվ ֆոնը, որ ստեղծվում ա, ես, որպես երաժիշտ և որպես նվագախմբի պատասխանատու, պետք է ասեմ, որ դա ազնիվ չէ։ Որովհետև նվագախումբը միայն և միայն ասել է, որ մեզ հարկավոր է տարածք, որտեղ որ կարողանանք աշխատենք։ Մեզ հարկավոր է տարածք, որ մենք մտածենք երաժշտության մասին մի քիչ ավելի շատ, քան կենցաղի մասին»։

Ինչ վերաբերում է նվագախմբի և անձամբ իր հասցեին հնչող մեղադրանքներին թատրոնի շենքից չհրաժարվելու կապակցությամբ, Սմբատյանն ասաց. - «Ես շատ ցավում եմ, որ առաջին իսկ օրվանից, երբ որ էդ լուրը տարածվեց, ինձ բոլորը մեղադրում են և բոլորը փորձում են խորհուրդներ տալ այն տոնով, որը որ ինձ թույլ չի տալիս ես քայլ անեմ դեպի առաջ։ Եվ այն մարդիկ, որոնք որ շատ տարիքով են, ունեն շատ մեծ փորձ, շատ լավ վաստակ, շատ լավ են հասկանում արվեստը, առաջին իսկ նախադասությունից սկսում են ինձ մեղադրել և վիրավորել, որ ես ինչ-որ բան չեմ արել, դա ազնիվ չէ։ Որովհետև ես չեմ արել ոչ մի բան, ես ուղղակի, որպես կոլեկտիվի պատասխանատու, հնչեցրել եմ, որ մեզ հարկավոր է տարածք։ Եվ նույնիսկ երբեք չեմ հնչեցրել, թե ինչ տարածք է մեզ հարկավոր, ինչ ենք ուզում։ Ազնիվ լինելու համար, պետք է խնդրեմ, որ մարդիկ, որոնք որ մեղադրում են, պետք է պատկերացնեն, որ նաև դա ասելով պետք է թողեն մարդուն, որը որ էդ պարագայում ես էի, մի փոքր տեղաշարժվելու իրավունք, որ ես էլ կարողանամ իմ որոշումը կայացնեմ։ Բայց ինձ էդ իրավունքը չի տրվել։ Նվագախումբը ուներ խնդիր, մենք դա հնչեցնում էինք երկար տարիներ, և դա էր դրա արդյունքը»։

XS
SM
MD
LG