Մատչելիության հղումներ

Թատերական գործիչները դեմ եմ նախարարության նախաձեռնությանը


Արդեն հայտնի է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մտադրությունը Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ:

Հայտնի է նաև նախարարության տեսակետը երկու թատրոնների միավորման անհրաժեշտության մասին, նաև Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորի և թատերախմբի համոզվածությունը թատրոնների միավորման անթույլատրելիության մասին:

Այսօր թատերախումբը քննարկման էր հրավիրել թատերական աշխարհի որոշ ներկայացուցիչների՝ իրենց խոսքն ասելու այս խնդրի առնչությամբ: Ինչպես և սպասելի էր, բոլորը միաբերան դատապարտեցին նախարարության այս նախաձեռնությունը՝ շեշտելով, որ դա պարզապես նշանակում է ոչնչացնել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ որքան էլ որ նախարարությունը խոստանա, թե պահպանվելու են ստեղծագործական անձնակազմի բոլոր հաստիքները:

Պնդեցին, որ միավորումը մեծ վնաս կպատճառի նաև հենց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին։ Պնդեցին նաև, թե Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, որին էլ ուզում են տրամադրել թատրոնի Սիրահարների այգում գտնվող շենքը, տարածքը բոլորովին հարմար չէ: Շատերն էլ համոզմունք հայտնեցին, որ տարածքը, ի վերջո, կվերածվի զվարճանքի ինչ-որ հաստատության, ինչը ժամանակին պատահեց Փոսի փորձարարական թատրոնի հետ, որը պարզապես վերացավ թատրոնի տարածքի վաճառքից հետո:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի խոսքով, իրենց թատրոնը գործում է շատ արդյունավետ, ամսվա ընթացքում 22 ներկայացում են խաղում։ Թեև համավարակի ժամանակ թատրոնը փակ էր և միայն առցանց էին աշխատում, բայց հազարավոր դիտումներ են ունեցել:

«Նախարարությունից թատրոնին մինչև այժմ որևէ օգնություն չի ցուցաբերվել բացարձակապես։ Մենք ամեն ինչ արել ենք արտաբյուջեի հաշվին՝ սկսած ներկայացումներ նորոգելուց, նոր ներկայացումներ բեմադրելուց, նաև շրջաններ շրջագայելուց։ Պետությունից մենք ստանում ենք միայն չոր սուբսիդիա, այսինքն՝ աշխատավարձ, և որոշակի տոկոս էլեկտրաէներգիայի և գազի համար, որը շատ չնչին գումար է կազմում։ Եվ մեզ առաջարկել են այս «առատության եղջյուրը»... նման է կաշառքի։ Կաշառում ենք, որ մենք առաջ տանենք մեր ծրագիրը, դուք գնացեք էնտեղ ու կստանաք էս-էս։ Ու չենք ստանալու, հավատացնում եմ ձեզ։ Դա սուտ խոսքեր են, չենք ստանալու»։

Ստեփանյանը չկամեցավ խոսել իրենց հետագա քայլերից, ընդգծեց միայն, որ ընդդիմանալու են այս ծրագրին մինչև վերջ և չեն թույլ տա իրենց թատրոնի ոչնչացումը:

Լալա Մնացականյանն իր հերթին շեշտեց. - «Մենք գիտենք ինչ է արվում, իրենք գիտեն, որ մենք գիտենք ինչ է արվում։ Ուրեմն մի թատրոն, որը տարիների ընթացքում զբաղված է եղել մի բանով և նպատակ է դրել և հասել է իր նպատակին... շատ դժվար է, մենք՝ թատրոնի մարդիկ գիտենք ինչքան դժվար է... կայացել է։ Տարիների ընթացքում այս թատրոնը կայացել է՝ իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով և իր հանդիսատեսով։ Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծեն։ Եվ ի՞նչ է ստացվելու։ Ստացվելու է, որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մեկ այլ կայացած օրգանիզմի մեջ՝ կոլապսի մեջ գցելով նրան, և մի երրորդ կոլեկտիվի համար, որը հաստատ այստեղ... բոլորս էլ մի քիչ թվաբանություն, երկրաչափություն սովորել ենք, եսոչ մի կերպ այստեղ հարյուր հոգին իրենց գործիքներով չտեղավորեցի։ Այսինքն՝ էդ մարդկանց ճակատագրի հետ էլ ա խաղացվելու։ Իրենց հույս են տալու, իրենք գալու են՝ չնայած շատ-շատերը հասկանում են, որ սա անհարմար բան է, և ստացվելու է մի շատ ծիծաղելի իրավիճակ, շատ ողբերգական մեր այս իրավիճակում»։

Թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը թատրոնի անցած ուղին հիշեցնելով՝ ընդգծեց. - «Ինչ գնով ժամանակին սա տրվեց Արմեն Մելիքսեթյանին... ախոռ էր։ Մարդիկ աշխատեցին, շատ հետաքրքիր ներկայացում էին անում, պրոցես սկսվեց, հետո, ինչպես հիմա, այլ ինչ-որ մարդիկ, որոնք հնարավորություն ունեին ամեն ինչ անռելու, որոշեցին սա գնել։ Եվ դա սկանդալ դուրս եկավ, չմոռանանք, դա շատ վաղուց չի եղել՝ տասնհինգ տարի առաջ։ Եվս հայտնվեցին մարդիկ, որոնց այս շենքը շատ դուր էր գալիս՝ Բաղրամյան պողոտայում, այգու մեջ և այլն, և այլն։ Եվ այն ժամանակ երկար պայքարից հետո մարդիկ իրենց մտքից հրաժարվեցին։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս անգամ էլ էդպես կլինի։ Հակոբ Ղազանչյանը, ի դեպ, արդեն ուղղել է վարչապետի անունով նամակ՝ դեռ իր անունից, որ մենք պայմանավորվել ենք, որ կլինի վարչության նիստ, կգան բոլոր թատրոնների ղեկավարները թե' գեղարվեստական, թե' տնօրենները, և համոզված եմ, որ ոչ մեկ չի ասի՝ կեցցե'ք, թատրոն եք փակում»։

Դրամատիկական թատրոնի դերասան Արա Գևորգյանի և Ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Ռոբերտ Հակոբյանի համոզմամբ, նախարարությունն ի վերջո անպայման պիտի հրաժարվի թատրոնները միավորելու մտադրությունից:

XS
SM
MD
LG