- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԵՄ-ն պետք է արտակարգ իրավիճակների պլաններ մշակի՝ պատրաստվելու ուկրաինական պատերազմի ֆոնին ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ներառյալ էներգակիրների որոշ մատակարարումներ: Այնուամենայնիվ, ԵՄ գործադիր մարմնի ղեկավարն ասել է, որ դաշինքը պետք է պատրաստվի Մոսկվայի կողմից ցնցումների:
«Մենք նաև պետք է պատրաստվենք գազի մատակարարումների հետագա ընդհատումներին և նույնիսկ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Գերմանիան պետք է անի ամեն ինչ՝ ռուսական էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու համար», - «Վերականգնվող էներգիայի ընկերակցության» չորեքշաբթի երեկոյան Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Գերմանիայի՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը չափացանց երկար է շարունակվում և չափազանց միակողմանի է։ Այսօր մենք պետք է ինքներս մեզ հստակորեն ասենք՝ Ռուսաստանը էներգակիրները որպես զենք է օգտագործում։ Որևէ մեկը չի հավատում, որ ռուսական գազի մատակարարումները Եվրոպա նվազում են միայն տեխնիկական պատճառներով։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ մենք հնարավորինս արագորեն կարողանանք նվազեցնել մեր կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ միաժամանան չվնասելով մեր էներգետիկ անվտանգությունը», - հայտարարում էր Շոլցը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է Դոնբասում մարտերի ժամանակավոր դադարի մասին։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ զինծառայողներին հանգստանալու, տնից նամակներ ու ծանրոցներ ստանալու հնարավորություն է տրվում։
Շաբաթասկզբին պաշտպանության նախարարը նախագահին զեկուցել էր Ուկրաինայի Լուգանսկի շրջանի «ամբողջական ազատագրման» մասին։ Վլադիմիր Պուտինն էլ հրամայել էր զինվորականներին հանգստանալու ժամանակ տալ։
Դոնբասում ռուսական ուժերի ժամանակավոր դադարի մասին տեղեկությունը հաստատում են նաև բրիտանական հետախուզությունն ու ամերիկացի ռազմական փորձագետները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն այսօր հանդիպել են ինդոնեզիական Բալի կղզում մեկնարկած «Մեծ քսանյակի» համաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ հիմնական շեշտը դնելով ուկրաինական զարգացումների վրա։
«Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի` Արևմուտքի կողմից Կիևի վարչակազմի միլիտարիստական հավակնությունների հետագա աջակցությունն անթույլատրելի է», - նշված է ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն` Բալիում կայացած հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև աշխարհում պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերն ու Սիրիայում ստեղծված կացությունը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալով, կարճ ուղերձով դիմելով Ուկրաինայի ժողովրդին, Բորիս Ջոնսոնը հավաստիացրեց, որ չնայած իր պաշտոնանկությանը` Միացյալ Թագավորությունը շարունակելու է աջակցել ուկրաինացի ժողովրդին ռուսական ներխուժմանը հակազդելու հարցում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Բոլորը պետք է հասկանան, որ Ռուսաստանը մեծ հաշվով դեռ լրջորեն ոչինչ չի սկսկել», - ռուս-ուկրաինական պատերազմի մասին նախօրեին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը։
«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ցանկանում են հաղթել մարտի դաշտում, դե ինչ ասես, թող փորձեն»,- ասել նա։
Նա կրկնել է իր հայտնի թեզերն՝ ամբողջ մեղքը բարդելով Արևմուտքի վրա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Մեծ քսանյակի» (G20) արտգործնախարարներն այսօր կմասնակցեն բարձր մակարդակի համատեղ հանդիպմանը, որի ընթացքում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ամենակոշտ քննադատներից մի քանիսը նույն սենյակում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ առաջին անգամ Ռուսաստանի ներխուժումից հետո:
Պատերազմի և համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցության հարցերը գերակշռում էին Ինդոնեզիայի Բալի կղզում՝ G20-ին դիվանագիտական ղեկավարների հանդիպումների նախապատրաստման ժամանակ:
ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և Ավստրալիայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ միջոցառումը չի անցկացվի այնպես, կարծես Ռուսաստանը ոչինչ չի արել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դնեպրոպետրովսկի մարզ և Զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված առաջնագիծ։
«Շփվեցի մեր պաշտպանների հետ, նրանց պարգևներ հանձնեցի։ Նրանց տրամադրությունը վճռական է, աչքերում՝ մեր հաղթանակի համոզմունքը», - գրել է նա Տելեգրամի իր էջում։
Զելենսկին նաև հայտնել է, որ այցելել է նաև իր համար հարազատ Կրիվոյ Ռոգի շրջան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պաշտպանության նախարարը այսօր հայտնել է, որ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ պաշտպանում են երկիրը։
Ըստ պաշտպանության նախարար Ալեկսեյ Ռեզնիկովի հայտնած տվյալների՝ 700 հազար մարդ մոբիլիզացվել է զինված ուժերում, 60 հազարը սահմանապահ ուժերում, Ազգային գվարդիայում 90 հազար և Ազգային ոստիկանությունում՝ 100 հազար։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային մինչև 400 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթը, որը ներառում է ևս չորս HIMARS հրթիռային կայաններ և ավելի շատ զինամթերք, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ լրացուցիչ HIMARS-ը Ուկրաինայում նման համակարգերի ընդհանուր թիվը կհասցնի 12-ի։