- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առանց ապացույցներ ներկայացնելու հայտարարել է, թե բելառուս զինվորականները որսացել են մի քանի օր առաջ Ուկրաինայից արձակված հրթիռները։
«Մեզ սադրում են»,- հուլիսի 2-ին Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում բելառուսական պետական BELTA գործակալությունը։
Ռուսական «Կոմերսանտ»-ը նշում է, որ նա ելույթ է ունեցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը։
Լուկաշենկոն պնդել է` Բելառուսը չի ձգտում կռվել Ուկրաինայում, սակայն կպայքարի հարձակման դեպքում։ Լուկաշենկոն նշել է, որ զինվորականներին հրահանգել է «թիրախավորել» «Մինսկի հակառակորդների» որոշումների կայացման կենտրոնները։ Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը «շահագրգռված են նոր սադրանքներով» Ռուսաստանի և Բելառուսի դեմ։
Լուկաշենկոյի խոսքերի վերաբերյալ ուկրաինական կողմից դեռ մեկնաբանություններ չեն եղել։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի Բելգորոդի շրջանում հուլիսի 3-ի գիշերը տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, հայտնում է նահանգապետ Վյաչիսլավ Գլադկովը:
Նրա խոսքով` ենթադրաբար, հակաօդային պաշտպանության համակարգերն են աշխատել:
Նախնական տեղեկություններով՝ վնասվել է 11 բազմաբնակարան շենք և առնվազն 39 առանձնատուն, որոնցից հինգն ամբողջությամբ ավերվել են։
Ուկրաինական կողմը չի մեկնաբանել իրավիճակը։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Հուլիսի 3-ին ռուս զինվորականները գնդակոծել են Դոնեցկի շրջանի Կրամատորսկը «Սմերչ» հրթիռային համակարգերով, ասել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։
«Օկուպանտները երկրորդ օրն է, ինչ «Սմերչ MLRS»-ով հարվածում են Կրամատորսկին, ոչնչացնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հարվածում են խաղաղ բնակչությանը»,- ասել է Գոնչարենկոն։
Հուլիսի 3-ի առավոտյան Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում Դոնեցկի մարզում ռուսական հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են (այդ թվում՝ երկու երեխա)։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հաստատել է, որ ուկրաինական զորքերը նահանջել են Լիսիչանսկից, սակայն խոստացել է վերականգնել այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը ռազմական մարտավարության միջոցով՝ նոր, ավելի լավ սպառազինություն ստանալու հեռանկարի ֆոնին։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել զորքերը դուրս բերել քաղաքից։ «Քաղաքի ուկրաինացի պաշտպանների կյանքը փրկելու համար որոշում է կայացվել դուրս բերել զորքերը», - ասվում էր հաղորդագրության մեջ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի NASAMS հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր։ Դրանք կլինեն Ուկրաինային 820 միլիոն դոլար ռազմական օգնության նոր փաթեթի մի մասը, որը հայտարարվել էր Պենտագոնի կողմից անցած շաբաթ: Ուկրաինական կողմը վաղուց էր խնդրում այդ համակարգերը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ ուկրաինական բանակին NASAMS տրամադրելու որոշման համար։ «Սա մեծացնում է մեր հողն ու երկինքը պաշտպանելու մեր կարողությունը»,- գրել է Ալեքսեյ Ռեզնիկովը Թվիթերում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Առնվազն 40 երկրների պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և բիզնեսի ներկայացուցիչներ այսօր, Շվեյցարիայի Լուգանոյում բացվող համաժողովում, կքննարկեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հիմնական սկզբունքները և Ուկրաինայի վերականգնման ճանապարհային քարտեզ կմշակեն։
Համաժողովն ուղղակիորեն չի նվիրվի դրամահավաքին։ Դրա մասնակիցները կփորձեն մշակել վերակառուցման հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է սկսվեն դեռ պատերազմի ավարտից առաջ: Խոսքը նոր «Մարշալի պլանի» մասին է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման ծրագրի նմանությամբ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Ռոյթերսի» բացառիկ հարցազրույցում հայտնել է առաջիկայում Կանադա, իսկ այնուհետև Մոսկվա և Կիև մեկնելու ցանկության մասին։
«Ես ցանկանում եմ Ուկրաինա մեկնել, բայց նախ՝ Մոսկվա։ Մենք այդ մասին մեսիջներ ենք փոխանակել։ Եթե Ռուսաստանի նախագահն ինձ փոքր պատուհան տա, ես կգնամ այնտեղ՝ ծառայելու խաղաղության գործին», - ասել է Հռոմի պապը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Զմեինի կղզում կրկին բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։ Սև ծովի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող կղզին Ռուսաստանը Սևծովյան նավատորմի օգնությամբ գրավել էր պատերազմի առաջին օրը։
Հունիսի 30-ին ռուսաստանցի զինվորականները լքեցին կղզին։ Մոսկվայի հաղորդմամբ՝ դա բարի կամքի դրսևորում է, ըստ Կիևի՝ ռուսները փախել են։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն է իր Twitter-ում գրել է այն պայմանները, որոնք Ուկրաինան մտադիր է առաջադրել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում։
Պայմանները հետևյալն են՝
. անհապաղ զինադադար
. զորքերի դուրսբերում [Ուկրաինայից]
. գողացված քաղաքացիների վերադարձ
. պատերազմական հանցագործների արտահանձնում
. Փոխհատուցման մեխանիզմ
. [Ուկրաինայի] ինքնիշխան իրավունքների ճանաչում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Բրիտանիան հայտարարել է, որ տնտեսական, առևտրային և տրանսպորտային պատժամիջոցների նոր փաթեթ են սահմանելու Բելառուսի դեմ:
Նշվում է, որ նոր պատժամիջոցները պաշտոնապես կհայտարարվեն և ուժի մեջ կմտնեն այսօր: Բելառուսը պատերազմի անմիջական մասնակից չէ, սակայն նյութատեխնիկական օգնություն է ցուցաբերում ռուսական զորքերին: