Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

13:49 15.6.2022

Այսօր Բրյուսելում հանդիպում կանցկացնի Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը, որին կմասնակցեն մոտ հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Նիստը վարելու է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Դոնբասում դաժան հրետանային մարտեր են: Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք օրական 150-ից 200 զինվոր են կորցնում մարտերում», - հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Օսթինը համակարգում է գործողությունները կոնտակտային խմբի հետ անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա Ուկրաինա հասցնելու համար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ երկիրը չունի բավարար ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգեր, և դրանց մատակարարումների հետաձգումը թանկ կարժենա Ուկրաինային։

13:52 15.6.2022

Ուկրաինայի արևելքում ռուսական բանակի առաջխաղացումը դանդաղեցնելու համար արևմտյան երկրները պետք է որքան հնարավոր է շուտ ավելացնեն ծանր սպառազինության մատակարարումը Կիևին։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասուլիսի ժամանակ Հաագայում, որտեղ հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 7 երկրների ղեկավարների հետ։

«Այո, Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություն է պետք», - հաստատել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ուկրաինական զորքերը լիովին կախված են այդ մատակարարումներից։

13:54 15.6.2022

Եվրամիությունն ուղիներ է փնտրում ռուսական էներգիայից իր կախվածությունը նվազեցնելու համար և ընդլայնում է համագործակցությունը Իսրայելի հետ, գրում է Financial Times-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին ասել է, որ Եվրամիությունը շարունակում է նախապատրաստվել երկու խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են Իսրայելի հետ էներգետիկ կապերի ամրապնդմանը՝ խողովակաշար Միջերկրական ծովի արևելքում և ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխ, որը կապում է Իսրայելը Կիպրոսին և Հունաստանին:

13:55 15.6.2022

Ռուսաստանի նավթային եկամուտներն ըստ երևույթին աճել են՝ չնայած չվերամշակված նավթի արտահանման նվազմանը, և ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է դրանք նվազեցնելու ուղիներ գտնեն, հնարավոր է՝ գների սահմանափակումով, երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն:

Ելույթ ունենալով Սենատի հատկացումների ենթահանձնաժողովի առջև՝ Ադեյեմոն ասել է, որ նավթի բարձր գները կոմպենսացնում են արդյունահանման և արտահանման անկումը:

Ըստ փոխնախարարի՝ ԱՄՆ-ը եվրոպական և ասիական դաշնակիցների հետ քննարկում է ռուսական նավթի համար վճարվող գինը սահմանափակելու ուղիները, որպեսզի նվազեցնի Մոսկվայի շահույթը համաշխարհային շուկաներում էներգակիրների բարձր գներից:

15:31 15.6.2022

Ուկրաինան ծանր կորուստներ է կրում Սևերոդոնեցկում և Խարկովի շրջանում: Այդ մասին անցած գիշեր իր տեսաուղերձում հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա վերստին ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հակահրթիռային արդիական համակարգեր, և «աններելի» է անվանել սատարող պետությունների կողմից դրանց մատակարարման ձգձգումը:

«Ուկրաինացինե՛ր, մեր բոլոր պաշտպաննե՛ր, այսօր մեր հակաօդային պաշտպանությունը կարողացել է կտրել ռուսական հրթիռների թևերը, մենք ոչնչացրել ենք մեր ավանների վրա արձակված բավական թվով հրթիռներ: Դա նշանակում է, որ կյանքեր ենք փրկել, բայց, ավաղ, մենք ոչնչացրել ենք միայն դրանց մի մասը և ունենք կորուստներ: Այսօր հարվածների են ենթարկվել Լվովի և Տերնոպոլի շրջանները: Մենք նորից դիմում ենք մեր գործընկերներին՝ մեզ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տվե՛ք»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, ռուսների ճգրտիտ հրթիռների քանակը սպառվում է, բայց նրանք դեռ ունեն հին խորհրդային արտադրության հրթիռների հսկայական պաշար, և դրանք էլ մեծ վտանգ են Ուկրաինայի համար:

Կիևը հայտնել է, որ փորձում է տարհանել խաղաղ բնակիչներին Սևերդոնեցկից: Կռիվն այդ քաղաքի համար այսօր դարձել է առանցքայինն ամբողջ ռազմաճակատում:

Երկու կողմերն էլ կորուստներ են կրում: Մոսկվան ռուսական կորուստների մասին տեղեկություններ չի հայտնում:

15:32 15.6.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքը պետք է հզորացնի արևելան թևի ռազմական կարողությունները թե՛ մարտական պատրաստության և թե՛ նոր տեխնիկայի ու հանդերձանքի առումով:

Այդ մասին գլխավոր քարտուղարն ասել է Հաագայում, որտեղ Մադրիդում ամսվա վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ոչ պաշտոնական հավաքում հանդիպել են Նիդեռլանդների, Դանիայի, Լեհաստանի, Լատվիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի և Բելգիայի ղեկավարները:

«Մենք շարունակելու ենք Ուկրաինային սատարել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Ակնկալում ենք նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը Մադրիդում մեր գագաթնաժողովին: Ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի, մենք հզորացրել ենք մեր դիրքերը և պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի ամեն մի թիզը»,- ասել է Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարը հավաքում խոսել է նաև դաշինքին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումների մասին, ասելով, որ այդ երկու երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ն ավելի հզոր կդարձնի:

Ստոլտենբերգը նաև գովեստով է խոսել այդ հարցում Թուրքիայի ներկայացրած առարկությունները և մտահոգությունները հաշվի առնելու Հելսինկիի և Ստոկհոլմի պատրաստակամության մասին:

15:47 15.6.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռումինիայում ասել է, թե ամեն ինչ կանի Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար:

Մակրոնը եռօրյա այցով է մեկնել Ռումինիա: Սև ծովի ափին Կոնստանցայի մոտակայքում գտնվող ՆԱՏՕ-ի Կոգալնիչեաու ռազմակայանում Մակրոնը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսի ընկերակցությամբ հանդիպել է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներից գործուղված զինծառայողների հետ:

Այսօր ավելի ուշ Մակրոնը պետք է մեկնի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև, որտեղ կհանդիպի արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ:

Պաշտոնապես դեռևս չհաստատված որոշ տեղեկությունների համաձայն, Մակրոնը կարող է Քիշնևից մեկնել նաև Կիև, ընդ որում այդ այցին կարող են միանալ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք պարտավոր ենք սատարել Ուկրաինային, սակայն պետք է մշտապես գիտակցենք, որ մենք և Ռուսաստանը պատերազմի մեջ չենք»,- Ռումինիայում ասել է Էմանյուել Մակրոնը:

08:08 16.6.2022

Կրեմլը համոզված է, որ չնայած ներկայիս ծանր ճգնաժամին՝ Միացյալ Նահանգների հետ հաղորդակցության խողովակները պետք է պահպանել, քանի որ դրանք կենսական նշանակություն ունեն: Այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կարող են ապագայում լինել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման հույսեր, բայց դա կլինի միանգամայն նոր հաղորդակցություն: Հաղորդակցությունն անչափ կարևոր է, Միացյալ Նահանգները ոչ մի տեղ չի անհետանա, Եվրոպան չի անհետանա, ուստի, մենք պարտադրված ենք ինչ-որ եղանակով հաղորդակցություն պահպանել», - ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի համոզմամբ՝ ապագայում հարաբերությունները և հաղորդակցությունը պետք է հիմնվեն բացառապես փոխադարձ հարգանքի, անվտանգության անբաժանելիության, փոխադարձ մտահոգությունների ըմբռնման և փոխադարձ շահի վրա:

08:12 16.6.2022

Լոնդոնում «Գաթվիք» միջազգային օդանավակայանում Բրիտանիայից հեռանալու փորձի պահին ձերբակալվել է մի տղամարդ, ով, ենթադրաբար, լրտեսել է հօգուտ Ռուսաստանի:

Ոստիկանները կասկածյալի անունը չեն հաղորդել, չկան տեղեկություններ նրա քաղաքացիության և զբաղմունքի մասին: Հայտնի է միայն, որ նա մոտ 40 տարեկան է:

The Times պարբերականի փոխանցմամբ, ձերբակալությունն իրականացրել է Անգլիայի ոստիկանության՝ «Սքոթլենդ Յարդ»-ի (Scotland Yard) հակաահաբեկչական ստորաբաժանումը:

12:56 16.6.2022

Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 1 միլիարդ դոլարի զենք և զինամթերք։ Հերթական այս փաթեթը կներառի հաուբիցներ և դրանց համար նախատեսված զինամթերք, հրթիռային կայաններ։

Կիևին լրացուցիչ օգնության մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հարցը նախապես քննարկելով ուկրաինացի պաշտոնակցի հետ:

«Ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ, որ Միացյալ Նահանգները ևս 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ ներառյալ լրացուցիչ հրետանային և առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաև զինամթերք ու հրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին Դոնբասում իրենց պաշտպանական գործողությունների համար», - ասվում է Բայդենի հայտարարությունում։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է նաև, որ բացի ռազմական օգնությունից, Վաշինգտոնը 225 միլիոն դոլար էլ հատկացրել է որպես հումանիտար օգնություն։ Այդ գումարը, ըստ ամերիկացի առաջնորդի, կուղղվի մարդկանց մաքուր ջրով, դեղորայքով, սննդով, փախստականներին ապաստաններով և ընդհուպ կարիքավորներին նպաստներով ապահովելու համար:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG