Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:59 16.6.2022

Ռուսաստանին պատժամիջոցներով խեղդելու Միացյալ Նահանգների փորձերն արդյունք չեն տալիս, միջազգային փորձագետները, այդ թվում՝ Ամերիկայից, արդեն խոստավանում են դա, РИА "Новости" լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա հավաստմամբ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն չկա Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ սահմանելուց հետո։

Վլադիմիր Պուտինի խոսնակը նաև պնդել է, որ ամերիկյան ռազմական օգնությունը միայն վնաս է հասցնում Ուկրաինային։

«Միացյալ Նահանգներն Ուկրաինային զինելով երկարաձգում է նրա դժբախտությունները, ձգձգում է Ուկրաինայի, Ուկրաինայի ժողովրդի համար վատ այս շրջանը», - ասել է Պեսկովը։

13:01 16.6.2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 4 հազար 452 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 5 հազար 531-ը՝ վիրավորվել։

Հատուկ ընդգծվում է, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քանի որ դեռևս հնարավոր չէ հաստատել Մարիուպոլում, Սևերոդոնեցկում և ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող այլ բնակավայրերում մահացածների մասին տվյալները։

Ուկրաինական պատերազմը հանգեցրեց նրան, որ առաջին անգամ ամբողջ աշխարհում իրենց տները հարկադրված լքածների թիվը գերազանցեց 100 միլիոնը։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ պատերազմի պատճառով սովը կարող է ստիպել ավելի շատ մարդկանց թողնել իրենց բնակավայրը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4,8 միլիոնը։

13:03 16.6.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ առաջիկա օրերին առաջընթաց է ակնկալում ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում։

Խոսքը Ռուսաստանի կողմից Սև և Ազովի ծովերի նավահանգիստների արգելափակման մասին է, ինչի պատճառով Ուկրաինան չի կարողանում արտահանել 22 միլիոն տոննա հացահատիկ։

Երեկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նավերի անվտանգ անցում ապահովել ուկրաինական հացահատիկը ծովով արտահանելու համար, սակայն համապատասխան ջրային տարածքը պետք է մաքրվի ականներից։

Միաժամանակ, թուրքական TRT հեռուստաալիքը հայտարարել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան պաշտպանության նախարարությունների միջոցով արտակարգ կապի խողովակ են ստեղծել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով։

13:05 16.6.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր ժամանել են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պետությունների ղեկավարներն Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել գնացքով։ Կիևում գնացքից իջնելով՝ Մակրոնն ասել է, որ այցելելու են նաև ռուսական զորքերի գործողություններից տուժած վայրեր։ «Սա կարևոր պահ է: Սա ուղերձ է ուկրաինացիներին եվրոպական միասնության մասին», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ավելի ուշ կմիանա քաղաքական գործիչներին։

08:42 17.6.2022

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սանկցիոն ցուցակում են ընդգրկել ռուս ուղղափառների առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին (Վլադիմիր Գունդյաև):

Պատժամիջոցները ենթադրում են մուտքի արգելք և ակտիվների սառեցում:

Ըստ Լոնդոնի, նման որոշում է կայացվել, քանի որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Պատրիարքը հրապարակավ բազմիցս հանդես է եկել Կրեմլի քաղաքականությունը սատարող հայտարարություններով:

12:33 17.6.2022

Եվրահանձնաժողովն այսօր վերջնական քննարկում կանցկացնի Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի դիմումի վերաբերյալ և կհայտարարի իր դիրքորոշման մասին, որն այնուհետև կներկայացվի ԵՄ առաջնորդներին՝ քաղաքական որոշում ընդունելու համար:

Նախօրեին Կիև էին այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը։ Նրանք բոլորն էլ կողմ արտահայտվեցին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։

Հարցը կքննարկվի հունիսի 23-24-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կիևից ստացվող հաղորդումները, НТВ հեռուստաալիքին ասել է, որ եթե ԵՄ-ն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տա, ապա կանտեսի նման կարգավիճակ տրամադրելու իր իսկ չափանիշները։

12:34 17.6.2022

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց՝ փետրվարի 24-ից մինչև հունիսի 15-ը գրանցել է քաղաքացիական անձանց զոհվելու 4 հազար 481 և վիրավորվելու 5 հազար 565 դեպք, ընդհանուր՝ 10 հազար 46 տուժած խաղաղ բնակիչ։

Խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել կամ վիրավորվել է ծանր հրետանու և համազարկային հրթիռային կայանների, հրթիռային և օդուժի հարվածների հետևանքով։

ՄԱԿ-ը կարծում է, որ իրական թվերը շատ ավելին են, քանի որ որոշ վայրերից, որտեղ ինտենսիվ մարտեր են ընթանում, տեղեկատվության ստացումն ուշանում է, և շատ հաղորդումներ դեռ սպասում են հաստատման։ Դա վերաբերում է, օրինակ, Դոնեցկի մարզի Մարիուպոլ, Խարկովի մարզի Իզյում և Լուգանսկի մարզի Պոպասնայա բնակավայրերին, որտեղից ստացվել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի մասին հաղորդումներ։

12:35 17.6.2022

Coca-Cola Hellenic Bottling Company (HBC) ընկերությունը՝ Ռուսաստանում Coca-Cola-ի արտադրանքի դիստրիբյուտորը, հայտարարել է, որ դադարեցնում է արտադրությունն ու վաճառքը երկրում։

Ըստ Reuters լրատվական գործակալության՝ դա տեղի կունենա, երբ Ռուսաստանում սպառվեն ընկերության ապրանքի առկա պաշարները։

Դիստրիբյուտորի վկայությամբ՝ այս պահին պաշարներն արդեն ավարտվում են։

12:37 17.6.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների համատեղ այցը Ուկրաինա, ինչպես նաև Ռումինիայի նախագահի ժամանումը Կիև պատմական իրադարձություններ էին։ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում՝ նշելով, որ Եվրամիության առաջատար պետությունները կողմ են Կիևին դաշինքի անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակի շնորհմանը։

«Ուկրաինան զգաց եվրոպական չորս ազդեցիկ պետությունների աջակցությունը՝ մասնավորաբար Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Բոլոր չորս առաջնորդներն էլ՝ պարոնայք Դրագին, Յոհաննիսը, Մակրոնը և Շոլցը, աջակցում են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բնականաբար, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պետք է պահպանվեն, սակայն մեր այսօրվա հանդիպումը մի մեծ քայլ էր առաջ», - նշում էր Զելենսկին։

«Ինձ համար շատ կարևոր էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ հնչեց այսօրվա հանդիպման ընթացքում։ Եվրոպացի առաջնորդները համակարծիք են, որ պատերազմի ավարտն ու խաղաղությունը պետք է համապատասխանեն Ուկրաինայի պատկերացումներին», - նաև ասել է Ուկրաինայի նախագահը։

14:24 17.6.2022

Ֆրանսիայի նախագահը չի բացառում, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում կարող է այցելել Մոսկվա։ Այս մասին Էմանյուել Մակրոնը նշել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես իհարկե նման այցը չեմ բացառում, բայց դա հենց այնպես չպետք է տեղի ունենա։ Նման այցը Ռուսաստանի նախագահից որոշակի քայլեր և ժեստեր է պահանջելու», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիական մեկ այլ հեռուստաընկերության՝ BFM-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ շփման մեջ կմտնի Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ, «երբ դա օգտակար լինի»։

Դրա հետ մեկտեղ, Մակրոնը նշել է, թե Փարիզը շարունակելու է անել հնարավորը, որ «Ուկրաինան հաղթի այս պատերազմում»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG