Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ուղիներ է փնտրում ռուսական էներգիայից իր կախվածությունը նվազեցնելու համար. FT


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրամիությունն ուղիներ է փնտրում ռուսական էներգիայից իր կախվածությունը նվազեցնելու համար և ընդլայնում է համագործակցությունը Իսրայելի հետ, գրում է Financial Times-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին ասել է, որ Եվրամիությունը շարունակում է նախապատրաստվել երկու խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են Իսրայելի հետ էներգետիկ կապերի ամրապնդմանը՝ խողովակաշար Միջերկրական ծովի արևելքում և ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխ, որը կապում է Իսրայելը Կիպրոսին և Հունաստանին:

«Պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը միտումնավոր դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանին, Բուլղարիային, Ֆինլանդիային, հոլանդական և դանիական ընկերություններին՝ ի պատասխան Ուկրաինային մեր աջակցության», - հայտարարել է ֆոն դեր Լայենը Իսրայելի հարավում գտնվող համալսարան այցի ժամանակ՝ շարունակելով. - «Սակայն Կրեմլի պահվածքը միայն ամրապնդեց մեր վճռականությունը՝ ազատվելու ռուսական վառելիքից կախվածությունից»։

Սակայն միջերկրածովյան գազային պաշարների օգտագործումն ունի իր դժվարությունները։ Իսրայելական «Կարիշ» գազային հանքավայրը սահմանակից է լիբանանյան «Կանա» հանքավայրին, և երկրները երկար տարիներ չեն կարողանում բաժանել այն։ Այժմ կողմերը շարունակում են փոխզիջման փնտրտուքները, որպեսզի սկսեն բնական գազի արդյունահանումը, որն այնուհետ կարող է արտահանվել Եվրոպա։


XS
SM
MD
LG