- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկզբից ի վեր գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Գերեվարված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6 հազար 489-ի։ Վերջին հինգ օրերին գերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 126 զինծառայող», - ասել է Շոյգուն։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում կենսական ենթակառույցների աշխատանքը խափանված չէ, վստահեցրել է Սերգեյ Շոյգուն:
«Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստները պատրաստ են սկսել հացահատիկի առաքումները։ Բնականոն կերպով է աշխատում նաև Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմակայանը», - նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի կարգավիճակի շուրջ Ուկրաինայի հետ քննարկումներից», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի իշխանությունները Կիևի հետ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում այս երկու մարզերի պատկանելության հարցին չեն անդրադառնալու։
«Դա այդպես չէ, դա սխալ տեղեկատվություն է», - լրագրողների հետ զրույցում այսօր նշել է Պեսկովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Կիևին զենքի մատակարարումների առումով Գերմանիան աշխարհի առաջատարներից մեկն է։ «Քչերն են Ուկրաինային այնքան սպառազինություն տրամադրել, որքան Գերմանիան», - հայտարարել է դաշնային կառավարության ղեկավարը Լիտվա կատարած այցի ընթացքում։
«Գերմանիան Ուկրաինայի գլխավոր աջակիցներից մեկն է։ Որևէ մեկը մեր չափ զենք ուկրաինացիներին չի տրամադրել։ Կան, իհարկե, որոշ երկրներ, որոնք ավելին են անում, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, սակայն Գերմանիան ևս մեծածավալ ներդրում ունի այս գործում։ Մենք Ուկրաինային հակատանկային սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր, մեծ ծավալի զինամթերք ենք տրամադրել», - հայտարարում էր Օլաֆ Շոլցը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անարգել առաքման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունները «շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ շարունակվում են»:
Bloomberg գործակալությունը, սեփական աղբյուրները վկայակոչելով, հաղորդել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան Օդեսայի նավահանգստից ուկրաինական հացահատիկի առաքումների կազմակերպման շուրջ նախնական պայմանավորվածությունների էին հանգել։ Bloomberg-ի տեղեկություններով, սակայն, ուկրաինական իշխանությունները Մոսկվայի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ընդունել են «առանց ոգևորության»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելում է Թուրքիա։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն` Անկարայում Լավրովը բանակցություններ կանցկացնի իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։
«Նախարարները տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի, ներկա վիճակի, ինչպես նաև ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարների շուրջ», - նշված է հաղորդագրությունում։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովն ու Չավուշօղլուն այլ թեմաների շարքում անդրադառնալու են նաև Անդրկովկասում ստեղծված կացությանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե Վաշինգտոնն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում՝ Կիևին տրամադրելով հեռահար հրետանային համակարգեր՝ չնայած էսկալացիայի վտանգին։
«Հիմնական ռիսկը հակամարտության սրումն է, եթե Ուկրաինայի զինված ուժերն օգտագործեն այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածելու համար: Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից ի վեր Ուկրաինայում առնվազն 4 հազար 253 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 272-ը՝ երեխա։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նոր զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ ևս 5 հազար 141 քաղաքացիական անձ վիրավորվել է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` 2022 թվականի մարտի 15-ից հետո կայացրած որոշումները չկատարելու մասին օրենքների փաթեթը։ Այդ մասին հայտնում է Դումայի կայքը։
Ինչպես օրեր առաջ հայտարարել էր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, մինչև մարտի 15-ը ուժի մեջ մտած վճիռներով սահմանված փոխհատուցումները կվճարվեն միայն ռուբլով, փոխանցումները պետք է իրականացվեն միայն ռուսաստանյան բանկային հաշիվներին:
Մարտի 15-ին Ռուսաստանը դուրս է եկել Եվրախորհրդից:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ընդունված օրենսդրությամբ սահմանվել է, որ ՄԻԵԴ որոշումներն այլևս հիմք չեն համարվի ռուսական դատարանների որոշումների վերանայման համար, և ռուսական դատարանների որոշումները կգերակայեն ՄԻԵԴ վճիռների նկատմամբ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է 2022 թվականին Ուկրաինայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 45 տոկոս անկում։ Ռուսաստանում տնտեսական անկումը կկազմի 8,9 տոկոս, ըստ ՀԲ-ի:
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խաթարել է ուկրաինական արդյունաբերական հատվածը, հանգեցրել ենթակառուցվածքների ոչնչացմանը, բնակչության կտրուկ նվազմանը, ասվում է համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ Համաշխարհային բանկի զեկույցում:
Իր հերթին, Ուկրաինա ներխուժումը, արտասահմանյան ընկերությունների հեռանալը, պատժամիջոցները ծանր հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, սակայն էներգակիրների արտահանման եկամուտները կառավարությանը թույլ են տալիս ֆինանսավորել բյուջեի ծախսերը, ընդգծում է ՀԲ-ը:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը բացասաբար է անդրադառնում նաև համաշխարհային տնտեսության վրա։ Համաշխարհային բանկը կրճատել է գլոբալ տնտեսական աճի իր կանխատեսումը ավելի քան կիսով չափ՝ մինչև 1,2 տոկոս։