- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտնել է, որ թագավորությունը պատրաստել է Ուկրաինային օգնության չորրորդ փաթեթը։ Այն կարող է ներառել հականավային հրթիռներ, հակատանկային զենքեր և այլ զինամթերք։
Շվեդիան նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային։ Օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 95 միլիոն եվրո, ասվում է Լինդեի հայտարարության մեջ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, ասել է, որ եթե Ուկրաինան ամերիկյան ժամանակակից հրետանային միջոցներով կրակի ռուսական տարածքի վրա, Մոսկվան հարվածով կպատասխանի որոշումների կայացման կենտրոններին։
Նրա խոսքով՝ «բոլորն էլ հասկանում են, թե դրանք ինչ կենտրոններ են՝ Պաշտպանության նախարարությունն է, Գլխավոր շտաբը, և ցանկացած այլ բան»։
«Բայց, իհարկե, պետք է հասկանալ, որ վերջնական որոշումների կայացման կենտրոններն այս դեպքում, ցավոք, նույնիսկ Կիևի տարածքում չեն գտնվում»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան Բրիջիթ Բրինքը խոստացել է աջակցել անվտանգության միջոցառումների իրականացմանը՝ ներառյալ Ուկրաինա զենքի հետագա մատակարարումը: Այս մասին ամերիկացի դիվանագետն ասել է հունիսի 2-ին Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավատարմագրերը հանձնելու ժամանակ
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նշում է՝ 100 օրվա պատերազմը Ուկրաինայում կործանարար ազդեցություն է թողել երեխաների վրա՝ այնպիսի մասշտաբներով և տեմպերով, որոնք չեն եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, 3 միլիոն երեխա բուն Ուկրաինայում և ավելի քան 2,2 միլիոն փախստականներ ընդունող երկրներում այժմ մարդասիրական օգնության կարիք ունեն: Ըստ էության, մարտերի հետևանքով երկրում երեք երեխաներից երկուսը տեղահանվել են
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուս անվանի լրագրող Ալեքսանդր Նևզորովը և նրա կլինը՝ Լիդիան, Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ լուրը հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
«Ալեքսա՛նդր և Լիդիա՛, շնորհակալ ենք ձեր խիզախության և ազնվության համար, այս պատերազմը կանգնեցնելու և իրական վիճակը ճշմարիտ գնահատելու համար»,- հայտարարել է Գերաշչենկոն:
«Ես անչափ երախտապարտ եմ Ուկրաինայի տանջված, հուսահատված, արնաքամ մարդկանց, որ թույլ տվեցին տեղ գրավեմ նրանց շարքում»,- հայտարարել է Նևզորովը:
Լրագրողն իր Տելեգրամ ալիքում բացատրել է դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ:
«Եթե 140 միլիոն ռուսաստանցիներից յուրաքանչյուրն իրենով փակեր պատին կանգնեցված Ուկրաինան, չէր լինի Բուչայի սպանդը, չէր լինի Մարիուպոլը, չէին լինի հարյուր հազարավոր մահեր, և միլիոնավոր մահեր, որ դեռ կլինեն խելքը կորցրած բռնապետի պատճառով: Այո, դժվար է կանգնել գնդակահարման դատապարտվածների շարքը, երևի ավելի հեշտ է լինել գնդակահարողների շարքում: Ամեն մեկն իր ընտրությունն է անում: Պետք է հասկանալ, որ երրորդ տարբերակը գոյություն չունի: Ես կանգնում եմ զոհի կողքին»,- գրել է Նևզորովը:
Ուկրաինայի օրենքով երկքաղաքացիությունն արգելվում է, սակայն Նևզորովի պարագայում, հավանաբար, բացառություն է արվել:
Կրեմլի հայտնի քննադատ Նևզորովը պատերազմի առաջին իսկ օրվանից խստորեն դատապարտել է հարձակումն Ուկրաինայի վրա:
Ռուսաստանում նա հեռակա կարգով ձերբակալվել է և հայտարարվել է հետախուզման մեջ «բանակը վարկաբեկելու» հոդվածով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համաչափ պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցների կապակցությամբ:
Նախօրեին Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների 6-րդ փաթեթը: Եվրոպացիները մասնակի էմբարգո են դրել ռուսական նավթի վրա, SWIFT համակարգից անջատել են Ռուսաստանի ամենախոշոր դրամատունը՝ Sberbank-ը:
Սև ցուցակում են հայտնվել «Օբորոնէքսպորտ», «Վոյենտելեկոմ», «Վոյենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Սեմդիզել» ընկերությունները:
Եվրամիության տարածքում կարգելափակվի «Ռոսիա-24», «ՌՏՌ-Պլանետա», «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերությունների հեռարձակումը:
Սանկցիոն ցանկում են նաև ֆիզիկական անձինք, մասնավորապես, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ Օլիմպիական չեմպիոն գեղասահորդ Տատյանա Նավկան, Պեսկովի չափահաս երեխաները՝ Ելիզավետան և Նիկոլայը, «Յանդեքս» ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը, նախկին մարմնամարզուհի, նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը համարվող Ալինա Կաբաևան:
Պատժամիջոց է սահմանվել նաև «Բելինվեստբանկ» բելառուսական դրամատան նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ, Կրեմլը փորձում է Ուկրաինայի հարավում գրաված տարածքներում պաշտպանական գծերի միջոցով պատերազմը տեղափոխել ձգձգվող փուլ:
«Իրավիճակը հարավում ժամանակավոր զավթված տարածքներում, մասնավորապես, Խերսոնի շրջանում, ապացուցում է, որ առաջ շարժվելու մտադրության փոխարեն, ռուսական բանակը փորձում է շերտ առ շերտ տեղակայել պաշտպանական գծեր»,- ասել է նախարարը:
Նա այսօր նաև հայտարարել է, թե ճիշտ կլինի, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը ներառվի առաջիկա տասնամյակում դաշինքի զարգացման ծրագրում, որը պետք է հաստատվի հունիսի վերջին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում:
Խոսելով ռուսական բանակը երկրից վտարելու հնարավորության մասին, Ռեզնիկովը հույս է հայտնել, թե դրան միանգամայն հնարավոր կլինի հասնել այս տարվա ընթացքում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանին մտահոգում է Գերմանիայի վերառազմականացումը: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
Նրա փոխանցմամբ, Գերմանիայում ռազմական ծախսերին հատկացվող գումարի էական ավելացումը կհանգեցնի այդ երկրի վերառազմականացմանը և կստեղծի նոր ռիսկեր Եվրոպայի անվտանգության համար:
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը համարում ենք հերթական վկայություն այն բանի, որ Բեռլինը նախընտրում է առաջ շարժվել ռեմիլիտարիզացման ճանապարհով: Ինչի՞ն դա կարող է հանգեցնել: Դե, դա արդեն հայտնի է պատմությունից»,- ասել է Զախավորան:
Նրա փոխանցմամբ, Մոսկվան ուշադրությամբ հետևելու է այդ գործընթացին: Ըստ Զախարովայի, հիմա Եվրոպայում փոխադարձ սպառնալիքները չեզոքացնելու ժամանակն է, սակայն դրա փոխարեն Գերմանիան, «անտեսելով սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները, որոշել է միլիարդավոր եվրոներ հատկացնել բանակին»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայում ֆրանսիացու մահվան փաստը և քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է արել չմեկնել Ուկրաինա:
«Մենք ցավալի լուր ենք ստացել այն մասին, որ Ուկրաինայում մահացու վիրավորում է ստացել Ֆրանսիայի քաղաքացի»,- ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Նա չի հայտնել, թե Ուկրաինայի որ շրջանում, կոնկրետ երբ և ինչ հանգամանքներում է զոհվել այդ մարդը: Զոհվածի անունն էլ չի հրապարակվել:
Միաժամանակ պաշտոնյան հիշեցրել է, որ Ուկրաինայում մարտական գործողություններ են ընթանում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը տիեզերք է արձակել «Պրոգրես-ՄՍ-17» տեսակի բեռնատար հրթիռ, որը պետք է միջազգային տիեզերակայան հասցնի մոտ 1.5 տոննա գիտական սարքավորումներ, վառելիք, ջուր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Ռուսներն այս բեռնատար նավն անվանել են «Դոնբաս» և դրա վրա ռուսական եռագույնի կողքը պատկերել նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների դրոշները:
Նավի արձակումը տեղի է ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակման ճիշտ 100-րդ օրը: Ռուսներն ասում են, թե այդ արձակումը նվիրում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդին: