Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:54 30.5.2022

Ուկրաինայի իշխանությունները թույլ են տվել երկրի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին հատել Լեհաստանի հետ սահմանը՝ Նիդերլանդներ ուղևորվելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Պորոշենկոն երկիրը կարողացել է լքել երրորդ փորձից։

Նախկին նախագահն ուղևորվում է Ռոտերդամ՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (EPP) հավաքին մասնակցելու համար։

Հանգստյան օրերին ուկրաինացի սահմանապահները նախկին նախագահին երկու անգամ չէին թույլատրել լքել երկրի տարածքը՝ անտեսելով անգամ Գերագույն ռադայի խոսնակի պաշտոնական թույլտվությունը։

15:18 30.5.2022

Ռուսաստանի ՊՆ պնդում է, որ այսօր իրականացված հրետանային հարվածների հետևանքով Ուկրաինային փոխանցված արևմտյան սպառազինության ևս մեկ խմբաքանակ է ոչնչացվել։

«Խոսքը Իտալիայի կողմից Ուկրաինա առաքված 155 միլիմետր տրամաչափի հաուբիցների մասին է», - հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ հրանոթները հնարվոր է եղել հայտնաբերել հետախուզական անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Անկախ աղբյուրները Մոսկվայի տրամադրած այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատում։

15:34 30.5.2022

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարի խոսքով՝ Փարիզը կանի ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության վերահաստատման համար։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Քրիստին Կոլոնան այս մասին հայտարարել է Կիևի մերձակա Բուչա քաղաք կատարած այցի շրջանակներում։

Կոլոնան ֆրանսիացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կիևի փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

17:18 30.5.2022

Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի պնդմամբ՝ այսօր ռուսական հրետանու հարվածի հետևանքով մարզի տարածքում ֆրանսիացի լրագրող է զոհվել։ Գայդայի խոսքով՝ հրետակոծության հետևանքով վնասվել է զրահապատ այն մեքենան, որով տեղաշարժվում էր ֆրանսիացի լրագրողը։

Մարզային վարչակազմի ղեկավարը չի բացահայտել զոհվածի ինքնությունը, սակայն ուկրաինական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ դա ֆրանսիական առաջատար լրատվական հեռուստաալիքներից մեկի՝ BFM TV-ի թղթակից Ֆեդերիկ Լեկլեր Իմհոֆն է։

Միջադեպից հետո մարզային իշխանությունները հայտարարել են Սևերոդոնեցկում և Լիսիչանսկում մնացող խաղաղ բնակիչների տարհանման դադարեցման մասին։

20:48 30.5.2022

Միացյալ Նահանգներն Ուկրաինային այնպիսի հրթիռային համակարգեր չի մատակարարի, որոնց միջոցով հնարավոր կլինի խոցել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները։ Այսօր Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորաբար CNN հեռուստաընկերությունն ու The Washington Post օրաթերթը, հաղորդել էին, որ ամերիկյան վարչակազմը հակված է նման զինատեսակներ տրամադրել ուկրաինական բանակին։ Խոսքը մասնավորաբար HIMARS տեսակի հրթիռային համակարգերի մասին է, որոնց գործողության շառավիղը կարող է հասնել 300 կիլոմետրի։

20:50 30.5.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված կացությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանը ընդգծել է Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը», - հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Էրդողանն իր ռուսաստանցի պաշտոնակցին նաև տեղեկացրել է, որ Անկարան «համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում պատրաստ է դերակատարություն ստանձնել այն դիտորդական մեխանիզմում, որ կարող է ստեղծվել Կիևի, Մոսկվայի և ՄԱԿ-ի միջև»։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի նախագահը Էրդողանին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել բեռների անխափան ծովային փոխադրումների կազմակերպմանը, այդ թվում` ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանմանը։

14:52 31.5.2022

Եվրամիության առաջնորդները երկուշաբթի ուշ երեկոյան համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը նախատեսում է մասնակի էմբարգո ռուսական նավթի ներկրման վրա և «Սբերբանկ»-ի անջատում SWIFT համակարգից։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներմուծման էմբարգոյի շուրջ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ անցկացվում է Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովը։

Միշելի փոխանցմամբ՝ ևս երեք ռուսական պետական լրատվամիջոցների համար ԵՄ-ում հեռարձակման արգելք է սահմանվել։

ԵՄ առաջնորդները նաև պայմանավորվել են Ուկրաինային ուղարկել 9 միլիարդ եվրո օգնություն՝ պատերազմի պայմաններում տնտեսությանն աջակցելու համար։

14:58 31.5.2022

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են, բայց միայն հումանիտար հարցերի շուրջ, երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ դադարեցվել են ոչ միայն պաշտոնական բանակցությունները, այլև ոչ պաշտոնական խորհրդակցությունները։

15:01 31.5.2022

Ռուսական «Գազպրոմ» կորպորացիան հայտարարել է հոլանդական GasTerra թրեյդերին գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին, երբ այն հրաժարվել է ռուբլով վճարել։

«Ապրիլի 1-ից մատակարարվող գազի դիմաց վճարումները պետք է կատարվեն ռուբլով՝ օգտագործելով նոր ռեկվիզիտներ, որոնց մասին ժամանակին տեղեկացվել են գործընկերները», - ասվում է «Գազպրոմ»-ի հաղորդագրությունում:

Մատակարարումների դադարեցումը նշանակում է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ հոկտեմբերի 1-ը, Նիդերլանդները մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ չի ստանա։

15:04 31.5.2022

Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկը, որը վերջին օրերին դարձել է ռուսական հարձակման գլխավոր թիրախը, մասամբ անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Քաղաքում փողոցային մարտերը շարունակվում են, երեքշաբթի առավոտյան հայտնել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերհի Գայդայը։

Ավելի վաղ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը ենթադրել էր, թե Սևերոդոնեցկի հնարավոր գրավմամբ ռուսական հարձակումը Դոնբասում կարող է կանգ առնել։ Ուկրաինական զորքերը կարող են ամրապնդվել Լիսիչանսկում՝ Սևերսկի Դոնեց գետի արևմտյան, բարձր ափին: Ռուսական զորքերին առայժմ չի հաջողվել շրջափակել Լիսիչանսկում գտնվող ուկրաինական ուժերին։

Երկրորդ կարևոր ուղղությունը, որով շարունակվում են Ռուսաստանի հարձակման փորձերը, Դոնեցկի մարզի հյուսիսում գտնվող Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքն է։

Մինչ այդ, անցած օրերին գրավված Լիման քաղաքով ռուսական զորքերը հասել են Սևերսկի Դոնեց։ Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG