- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մինչ Միացյալ Նահանգները և դաշնակիցները Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից սպառազինություն են մատակարարում, Վաշինգտոնը բանակցություններ է վարում Կիևի հետ իրավիճակի սրման վտանգի շուրջ, եթե ուկրաինական ռազմական հարվածները հասնեն Ռուսաստանի խորքեր: Երեկ այս մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին և դիվանագիտական աղբյուրները:
Անդրկուլիսային քննարկումները, որոնք խիստ զգայուն են, և նախկինում դրանց մասին չի հաղորդվել, հստակ աշխարհագրական սահմանափակումներ չեն դնում ուկրաինական ուժերին մատակարարվող զենքի օգտագործման համար։
«Մենք անհանգստացած ենք էսկալացիայով, բայց, այնուամենայնիվ, չենք ցանկանում աշխարհագրական սահմանափակումներ դնել կամ նրանց ձեռքերը շատ կապել», - ասել է ամերիկյան վարչակազմի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի արևելքում գտնվող Սևերոդոնեցկում հրետակոծությունից չորս մարդ է մահացել, շրջանում մոտ 50 տուն է վնասվել, հայտնել է Լուգանսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Նրա խոսքով՝ Սևերոդոնեցկի բնակիչներն արդեն մոռացել են, թե երբ է քաղաքում լռություն տիրել:
«Ռուսներն անընդհատ կրակում են բնակելի թաղամասերի վրա», - ասել է Գայդայը։
Ավելի վաղ Սևերոդոնեցկի քաղաքապետը հայտնել էր, որ քաղաքը գրեթե միշտ հրետակոծության տակ է, բնակելի ֆոնդի 60 տոկոսն ամբողջությամբ ավերված է, շենքերի մինչև 90 տոկոսը վնասված են և կապիտալ վերականգնման կարիք կունենան։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաղթի Ուկրաինայի պատերազմում։ «Նա արդեն չի կարողացել հասնել իր բոլոր ռազմավարական նպատակներին», - հայտարարել է Շոլցը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Կանցլերն ասել է, որ «Ռուսաստանի կողմից ողջ Ուկրաինայի գրավումն այսօր ավելի հեռու է թվում, քան պատերազմի սկզբում»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակն Ուկրաինայի արևելյան շրջանում առաջխաղացում է արձանագրում:
«Կարծես թե, Պուտինն իր և ռուսական զորքի համար ծանր գնով, այնուամենայնիվ շարունակում է նորանոր տարածքներ յուրացնել Դոնբասում: Նա շարունակում է թեպետ դանդաղ, բայց շոշափելի նվաճումներ գրանցել, ուստի, ծայրաստիճան անհրաժեշտ է, որ մենք շարունակենք աջակցել Ուկրաինայի բանակին»,- ասել է Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի համոզմամբ, Ուկրաինայի բանակին անհրաժեշտ են նոր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային կրակի նոր ռեակտիվ հրթիռային համակարգեր:
«Պատերազմն ավարտելու մեկ այլ տարբերակն այն է, որ Պուտինն ընդունի, թե Ուկրաինայի դենացիֆիկացումն ավարտվել է և այդպես կարողանա արժանապատվորեն դուրս գալ Ուկրաինայից»,- ասել է Ջոնսոնը և անմիջապես ընդգծել, թե բնավ չի կիսում ռուսական կողմի ենթադրությունն այն մասին, որ Ուկրաինայում կան նացիստներ:
Բորիս Ջոնսոնի համոզմամբ, բոլոր դեպքերում Պուտինն ունի «քաղաքական առումով մանևրելու և պատերազմին վերջ տալու հնարավորություններ»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն Ուկրաինային է մեղադրել խաղաղության բանակցությունների փակուղային վիճակի համար, ասելով, որ հայտնի չէ, թե ինչ է Կիևն ուզում:
«Նախ բանակցությունները սառեցված են, և դա ուկրաինական կողմի ընտրությունն է: Երկրորդ, ընդհանուր առմամբ Ուկրաինայի ղեկավարները մշտապես հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով: Դա թույլ չի տալիս հասկանալ, թե ի վերջո ինչ են ուզում Կիևում, արդյո՞ք այնտեղ ըմբռնում են ներկայիս կացությունը և պատրաստ են իրատեսական մոտեցման»,- ասել է Պեսկովը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել է, թե բազմիցս փորձել է կազմակերպել հանդիպում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը պատրաստ չի եղել լրջորեն բանակցել խաղաղություն հաստատելու շուրջ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության երկրները քննարկում են ռուսական նավթի ներկրումն արգելելու հնարավորությունը, պայմանով, որ բացառություն արվի այդ հարցում առարկություններ ներկայացրած Հունգարիայի համար:
Համաձայնության պարագայում Եվրամիությունը կկարողանա ուժի մեջ մտցնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Ենթադրվում է, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել Բրյուսելում կիրակի օրը Եվրամիության դեսպանների հանդիպման ընթացքում, ինչից հետո այն հաստատման կներկայացվի մայիսի 30-31-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 27-ին հունգարացի պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը:
«Վարչապետն ընդունել է, որ որոշ պետություններ կհայտնվեն բարդ պայմաններում, փորձելով ապահովել էներգակիրների մատակարարումը, սակայն հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը կկարողանա հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, քանի որ այն չափազանց մեծ նշանակություն ունի Ուկրաինայում պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար», - ասվում է Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Բրիտանիայի վարչապետն ընդգծել է Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:
«Երկու ղեկավարները համաձայնել են, որ Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը և ներքին կայունությունը կենսական նշանակություն ունեն, իսկ Ուկրաինայում անվերջանալի առճակատումը սոսկ կհանգեցնի նոր տառապանքների»,- ասվում է հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ներկա պահին Լուգանսկի մարզի միայն 5 տոկոսն է մնացել Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ռուսական ուժերը երեկ հայտնել են Լիման քաղաքի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու մասին։
Փոքր քաղաք Լիմանը կարևոր է Սլովյանսկի ու Կրամատորսկի ուղղությամբ գրոհներ զարգացնելու համար, որոնք գտնվում են համապատասխանաբար 30 և 40 կիլոմետր դեպի արևմուտք։ Լիմանի մոտ մարտական գործողությունների շրջանն ընկած է արևելյան ճակատի խորը թիկունքում՝ Սևերոդոնեցկից 60 կիլոմետրի վրա, հաջողության դեպքում ռուսները կարող են կաթսայի մեջ առնել ուկրաինական բանակի արևելյան խմբավորումը։ Ռազմաճակատի արևելյան գիծը հիմա անցնում է Սևերոդոնեցկ ու նրանից գետով բաժանված Լիսիչանսկ քաղաքների մոտով, որոնք ռուսական ուժերի անդադար հրետակոծությունների տակ են։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, քննարկումները կողմերին չեն մոտեցրել խնդրի լուծմանը։ Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն, սակայն ժամկետները հստակ չեն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկիրը սկսել է Դանիայից ստանալ «Հարպուն» հականավային հրթիռներ, իսկ ԱՄՆ-ից՝ ինքնագնաց հաուբիցներ։
Ռեզնիկովի խոսքով՝ «Հարպուն»-ների շնորհիվ Կիևը հույս ունի ամրապնդել երկրի առափնյա պաշտպանությունը, ամերիկյան զենքով էլ՝ հարվածել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին։