- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին իրավունք է տալիս պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ։ Նրանք կկարողանան ռուսական անձնագիր ձեռք բերել նույն ընթացակարգով, ինչ Դոնբասի բնակիչները։
Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Խերսոնի և Զապորոժիեի մարզերը մասամբ անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Խոսքը վերաբերում է Խերսոն մարզկենտրոնին և մարզի տարածքի մեծ մասին ու Զապորոժիեի մարզի մոտ կեսին: Զապորոժիե քաղաքը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի պատերազմում գրեթե 4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, որից 259-ը երեխաներ են։
Ավելի քան 2 հազարը զոհվել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ Վիրավորվել է ավելի քան 4 հազար 500 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան միջազգային խումբ են ստեղծել՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
Խորհրդատվական խմբի քրեական փորձագետների մեծ մասը գտնվելու է Լեհաստանում՝ անվտանգության նկատառումներով։ «Ռազմական հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ առավոտյան Զապորոժիեի հրետակոծության հետևանքով կինոթատրոն, սրճարան, տասնյակ առանձնատներ, փոքր ու միջին ձեռնարկությունների տարածքներ են ավերվել, զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտարարել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ դատապարտել է Զապորոժիեի և Խերսոնի բնակիչներին պարզեցված ընթացակարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու Պուտինի որոշումը։
Ռուսաստանի նախագահը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «խստորեն դատապարտում է Ռուսաստանի այս թեթև քողարկված քայլը, որը հանդիսանում է Ուկրաինայի ժողովրդին հնազանդեցնելու, իր կամքը ուժով պարտադրելու փորձերի մի մասը»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի սևծովյան նավատորմը շարունակում է շրջափակված պահել ուկրաինական նավահանգիստները` խաթարելով առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` հացահատիկի և ձեթի արտահանումը։
Սև և Ազովի ծովերի նավահանգիստներում առնվազն 70 նավ մնացել է արգելափակված, որոնց 95 տոկոսը արտասահմանյան նավեր են։
Ստեղված իրավիճակի պատճառով Ուկրաինան միլիոնավոր դոլարների վնասներ է կրում։
«Եթե նախկինում մենք մոտավորապես 6 միլիոն տոննայի շրջանառություն ունեինք՝ օգտագործելով նավահանգիստներն ու այլ տրանսպորտային հանգույցներ, ապա հիմա ամիսը 600 հազարից 700 հազար տոննա՝ ցամաքային ճանապարհների ու Դանուբի միջոցով»,- «Ասոշիեյթեդ Փրեսին» ասել է ցորենի առևտրով զբաղվող գործարար Վիտալի Լավրովը։
Ղրիմի, Ազովի ափերին արված նկարահանումները վկայում են, որ նավագնացությունը գրեթե կանգ է առել։ 1-ին կարգի կապիտան, պահեստային Սերգեյ Գորբոչովը դիսփլեյի վրա ցույց է տվել, որ ծովի արևմտյան մասում ընդամենը մի քանի նավ կա։
«Ակնհայտ է, որ այնտեղ մարտական ակտիվության շրջան է, ականների ու օդային հարվածների իրական վտանգ կա», -ասել է նա։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի համար զենք, զինամթերք, ժամանակավոր կամուրջներ, տեխնիկական միջոցներ, դեղորայք տեղափոխող ամերիկյան բեռնատար հսկա նավը հասել է Գերմանիայի հյուսիսային նավահանգիստ Բրեմերհավեն, որտեղ բեռնաթափվում է։ Բեռներն արդեն ցամաքային ճանապարհով հասցվելու են Ուկրաինա։
Միացյալ Նահանգները Ուկրաինային աջակցող հիմնական երկրներից մեկն է՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի հյուսիսում Նալչիկի կայազորային զինվորական դատարանը իրավաչափ համարեց Ռոսգվարդիայի 115 անդամների պաշտոնանկությունը, որոնք հրաժարվել էին պատերազմել Ուկրաինայի դեմ։ Սահմանից նրանք վերադարձել էին իրենց մշտական ծառայության վայրը, ինչի համար պաշտոնանկ էին արվել։
Իրենց ազատելու հրամանը նրանք վիճարկել են դատարանում, սակայն դատարանը նրանց գործողությունները մեկնաբանեց «ծառայողական խնդիրները կատարելու ինքնակամ մերժում` դրանով իսկ թույլ տալով կարգապահական կոպիտ խախտում»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաներից մեկուսացնելու Արևմուտքի փորձերի մասին` հայտարարելով, թե դա անհնարին է։
«Ժամանակակից աշխարհում դա ուղղակի անիրատեսական է, անհնարին է։ Եթե մենք ինքներս մեզ չառանձնացնենք ինչ-որ պատով, ապա ոչ մեկն ի վիճակի չէ մեկուսացնել այնպիսի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է։ Նրանք, ովքեր փորձում են պատժամիջոցներվ վնաս հասցնել Ռուսաստանին, վնասում են իրենց», - ասել է Պուտինը և նույնիսկ դրական համարել Ռուսաստանից արտասահմանյան ընկերությունների հեռանալը. նրա խոսքով` հայրենական բիզնեսը կզբաղեցնի ազատված տեղերը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի վատ է, քան բոլորը կարծում են, զգուշացրել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Թվիթերում պատասխանելով իր հետևորդների հարցերին՝ Կուլեբան ասել է, որ Ուկրաինային ավելի շատ զենք է անհրաժեշտ:
«Զենք, զենք և կրկին զենք», - կրկնել է Ուկրաինան միջազգային հանրությանը ուղղված իր կոչում:
«Առանց հրետանու, առանց համազարկային կրակի ռեկտիվ համակարգերի մենք չենք կարողանա հետ մղել ռուսական զորքերը: Եթե դուք իսկապես մտածում եք Ուկրաինայի մասին, եթե ցանկանում եք, որ Ուկրաինան դեօկուպացնի իր տարածքները, հնարավորինս շուտ ուղարկեք մեզ համազարկային կրակի ռեկտիվ համակարգեր», - ասել է Կուլեբան՝ հավելելով, թե որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների խոստացած այդ տեսակի զենքը դեռ տեղ չի հասել։